Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Ջաբրայան. Ինձ ասել են՝ գնացեք լուծեք Ամուլսարի հարցը, լուծեք ներքին հարցերը լուծեք, հետո եկեք և խոսեք մեզ հետ

Հոկտեմբեր 28,2020 15:00

Մեր զրուցակիցն է կանադահայ ներդրող, արցախյան պատերազմի մասնակից Հրաչ Ջաբրայանը, որը կարճ ժամանակով առաջնագծից վերադարձել էր Երեւան։

– Արդեն իսկ ակնհայտ է, որ մենք պատերազմով և համավարակով պայմանավորված՝ շատ լուրջ տնտեսական խնդիրներ ենք ունենալու, որոնք հաղթահարելուն այլընտրանք չունենք: Մենք հիմա կարո՞ղ ենք ենթադրել, թե որոնք պիտի լինեն մեր առաջնահերթությունները, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել, տնտեսապես ուժեղ պետություն դառնալ:

– Որպես հայ, ինձ համար կարևորը պետության շարունակական զարգացումն է՝ անկախ նրանից, թե ով է իշխանություն: Իշխանությունները գալիս են և գնում են, իսկ պետությունը մնում է: Ես շարունակաբար տեսել եմ մեր իշխանությունների սխալները: Ես կասեմ իմ անձնական կարծիքը, որպես մարդ, ով 230 միլիոն դոլար ներդրում է արել Հայաստանում, աշխատատեղ է ստեղծել. իշխանությունները շատ շատ սխալներ են արել, որոնք հսկայական ազդեցություն են ունեցել մեր երկրի տնտեսական և սոցիալական զարգացման վրա: Այսօր, դժբախտաբար, ես կարծում եմ, որ կորոնավիրուսից առաջ ևս մենք շարունակում էինք շատ մեծ սխալներ անել տնտեսական զարգացման մոտեցման մասով: Ամուլսարի հանգամանքն ինձ համար զավեշտալի է. ինչպե՞ս կարող ես 400 միլիոն դոլարի ներդրմանը որևէ ձևով չաջակցել, որպեսզի աշխատի, աշխատատեղ ստեղծի, հարկեր վճարի և տնտեսությունը զարգացնի: Պատերազմից առաջ 75 միլիոն դոլարի ծրագիր կար՝ կապված նավթի և գազի հետ, բայց այնքան թղթաբանություն կա, բյուրոկրատական դժվարություններ կան…Այսինքն, մի կողմից ասում եք՝ ներդրումներ բերեք երկիր, մյուս կողմից՝ այնքան դժվարություն եք ստեղծում ներդրողի համար, որ եթե ձեր ուզած ներդրողը չի կամ ձեր ուզած ոլորտը չի՝ չի իրականանում:

Ես անցյալ տարի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր հանդիպումներ եմ ունեցել Արգենտինայում, Հոլանդիայում, Քաթարում, Լիբանանում, Կանադայում, ԱՄՆ-ում ներդրողների հետ, բոլոր մեծահարուստ մարդիկ, որոնք ցանկացած ժամանակ կարող են 15-50 միլիոն դոլար բերել Հայաստան, ինձ ասել են՝ գնացեք լուծեք Ամուլսարի հարցը, լուծեք ներքին հարցերը լուծեք, հետո եկեք և խոսեք մեզ հետ:

-Այսինքն, ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, ի՞նչ ներքին հարցեր կան, ի՞նչը պետք է հստակեցնել:

-Նրանք ասում էին, որ ոչ մի կերպ չեն երաշխավորվում իրենց ներդրումների անվտանգությունը: Մենք՝ որպես գործարարներ, այդ հարցերի պատասխանները չունեինք: Այսօր ես իմ մաշկի վրա եմ զգում. ես բավական ներդրումներ եմ արել և բիզնեսներ ստեղծել Հայաստանում: Կորոնավիրուսի մասով մեզ խոստացան, որ կօգնեն, եթե մենք բոլոր հարկերը վճարենք: Մենք, բնականաբար, շատ օրինավոր մարդիկ ենք, վճարել ենք հարկերը, աշխատավարձերը և այլն, և այլն, բայց երբ եկավ օգնության պահը, ասացին՝ դուք սփյուռքահայեր եք, ձեր ներդրումն արել եք, դրան աջակցելը չի մտնում մեր ծրագրերի մեջ, և այդպես էլ ոչնչով չօգնեցին: Բնականաբար, ես գումարի մասին չեմ խոսում, ես գումար չեմ ուզում: Պատերազմը բնականաբար շատ ավելի վատ է լինելու, ճգնաժամ է ստեղծելու: Մենք պիտի վերջ դնենք բյուրոկրատական դժվարություններին, զարկ տանք ներդրումներին և իսկապես թափանցիկ աշխատենք սփյուռքահայերի, օտար ներդրողների հետ, պիտի բոլոր պայմանները ստեղծենք, որ մարդիկ գան և Հայաստանում փող դնեն:

– Մենք կարո՞ղ ենք Հայաստանում ռազմարդյունաբերություն զարգացնել՝ օգտագործելով սփյուռքի ներուժն ու մեր բնական ռեսուրսները:

– Հայաստանում ժողովուրն ինֆորմացված չի և ասում է , որ Հայաստանում կա 39 հանքավայր, այսքան փոքր երկրում, ինչպես կարելի է 39 հանքավայր ունենալ: Բայց, եթե իրական պատկերը նայենք, Հայաստանում այսօր ընդամենը 7 հանքավայր է աշխատում: Ես կարծում եմ դրանցից էլ միայն 2-3-ն են նորմալ գործում: Իսկ, օրինակ, Կանադայում՝ այն մարզում, որտեղ մենք ենք ապրում 422 հանքավայրի լիցենզիա կա, և 130 գործող հանքավայր: Եթե համեմատենք, թե ինչու է Կանադան այսօր այդքան հզոր, տնտեսապես անկախ, հարուստ երկիր, ապա կտեսնենք, որ նրանք բնական պաշարներն օգտագործում են ի շահ իրենց: Մենք էլ պիտի նույնն անենք. 39 հանքավայր ունենք, պիտի ձեռք-ձեռքի տանք, գլուխ-գլխի տանք, չլսենք 10-15 ակտիվիստի, ովքեր ինչ-որ տեղից փող են ստանում այն ամենի համար, ինչ անում են, այլ նորմալ, միջազգային բարձրագույն ստանդարտներով աշխատեցնենք այս հանքավայրերը:

Ես անձամբ Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի կառավարության համար անվճար աշխատել, պատրաստ եմ իմ փորձով միջազգային բարձրագույն ստանդարտները բերել Հայաստան և տեսնել, թե ինչպես կարող ենք այս հանքավայրերն օգտագործել ի շահ սեփականատերերի, ի շահ ժողովրդի և ի շահ հայրենի պետության: Բայց խոսողին լսող է պետք, մեզ լսողն ո՞վ է:

– Այսինքն, ներդրումային միջավայր ապահովելու համար առաջին քայլով պիտի բյուրոկրատիա՞ն վերացնենք և ցանկություն ունենանք մեր միջոցներն ի շահ մե՞զ օգտագործելու:

– Անշուշտ: Բոլոր պետությունները դա են անում. իրենց միջոցները փորձում են արդարացիորեն օգտագործել: Ներդրողն իրավունք ունի շահույթ ստանալու, քաղաքացին իրավունք ունի իր աշխատանքին համապատասխան վարձատրվելու, պետությունն իրավունք ունի իր հարկերը գանձելու: Սա ընդունված մոտեցում է աշխարհի բոլոր կողմերում, ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ մինչ օրս ընդունված չէ Հայաստանում:

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Հրաչ Ջաբրայանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԻնեսսաԳաբայան says:

    Սա կոչվում է հարված թիկունքից, այն էլ այս օրհասական պահին

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031