ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին վերջերս ընդունված օրենքով հնարավորություն է ստեղծվում, որ բանկերն ու վարկային կազմակերպություններն, առանց հարկային հետեւանքներ կրելու, կարողանան ներել ռազմական գործողությունների պատճառով զոհված, անհայտ կորած համարվող, կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց եւ նրանց հետ առաջնահերթորեն փոխկապակցվածների՝ ամուսնու, համատեղ ապրող ծնողի եւ զավակի վարկային պարտավորությունները: Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
«Այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն տույժերին ու տուգանքներին, ինչպես նախորդ դեպքերում է եղել, այլ վարկային պարտավորությանն առհասարակ, այսինքն՝ վարկի մայր գումարին»,-նշեց պարոն Պողոսյանը:
Ըստ նրա, օրենքով այս կարգավորումը համապատասխան որոշում կայացնելու առաջարկ է բանկերի, վարկային կազմակերպությունների համար, բայց ոչ պարտադրանք:
Արման Պողոսյանի ներկայացրած մեկ այլ նախագծով կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հնարավորություն է տրվում առանց հարկային եւ մաքսային պարտավորություններ կրելու ԵԱՏՄ անդամ պետություններից միության անդամի կարգավիճակ ունեցող ապրանքներ ներկրել եւ որպես նվիրատվություն հանձնել օրենքով սահմանված պետական կառավարման մարմիններին:
Կարդացեք նաև
Խոսքն, ըստ փոխնախարարի, ներմուծվող ապրանքները ավելացված արժեքի, ակցիզային եւ բնապահպանական հարկերից ազատելու մասին է: Ըստ այդմ, կառավարությունը կսահմանի ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ կկիրառվեն այդ արտոնությունները, բայց նախագծի անցումային դրույթներում ասվում է, որ մինչեւ ցանկի սահմանելը՝ արտոնյալ կարգավորումները կիրառելի կլինեն բոլոր ապրանքների նկատմամբ:
Արման Պողոսյանի խոսքով, ցանկը կհաստատվի առաջիկա օրերին եւ այնտեղ ընդգրկվելու են երեք խումբ՝ ռազմական, հումանիտար եւ առողջապահական նշանակության ապրանքներ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ