Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու զանգ Անկարայից Մոսկվա՝ մեկ օրում

Հոկտեմբեր 28,2020 15:30

Էրդողանը սկսեց անհանգստանալ Պուտինի քայլերից եւ հնարավոր որոշումներից

Հոկտեմբերի 27-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ։ Կրեմլի կայքում հրապարակված մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ կողմերը ի թիվս Լիբիայում եւ Սիրիայում տիրող իրավիճակի խնդիրների, քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը։ «Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից զինյալների գնալով ավելի մասշտաբային դարձող ներգրավվածության կապակցությամբ։ Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ իր կապի եւ հակամարտության լարվածության թուլացմանը եւ շուտափույթ հրադադարի ձեռքբերմանն ուղղված քայլերի մասին», նշված է հաղորդագրությունում:

Նույն օրը ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն են հեռախոսազրույց ունեցել։ ՌԴ ԱԳՆ-ի կայքում չի նշվում, թե որ կողմի նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը: Ի թիվս մերձավորարեւելյան եւ միջերկրածովյան խնդիրների՝ քննարկվել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, շեշտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ Նաեւ նշվում էր, որ նախարարները ընդգծել են, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, եւ բանակցային գործընթացը պետք է վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած մեխանիզմների շրջանակներում, ինչպես նաեւ գրոհայինների ներգրավմամբ ճգնաժամի միջազգայնացման անթույլատրելիությունը։

Նույն օրը Անկարայից երկու բարձրաստիճան պաշտոնյաների զանգերը Մոսկվա, այն էլ Էրդողանի դեպքում՝ իր իսկ նախաձեռնությամբ, ուշագրավ փաստ է: Փորձենք հասկանալ, թե ինչ իրադարձություններ նախորդեցին Էրդողանի ու Չավուշօղլուի զանգերին Մոսկվա:

Հոկտեմբեր 26-ին տեղեկատվություն ստացվեց, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հուժկու հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայիններին։ Մի շարք լրատվամիջոցներ հայտնում էին, որ երկուշաբթի ռուսական ռազմական ինքնաթիռները ոչնչացրել են Իդլիբի նահանգում գտնվող գրոհայինների ճամբարը։ Տարբեր աղբյուրներ հաղորդեցին, որ Ռուսաստանի ՕՏՈւ–ի հասցրած հարվածից զոհվել են 80-100 գրոհայիններ, հարյուրից ավելին՝ վիրավորվել, իսկ նրանց ճամբարն ամբողջովին ոչնչացվել է։

Երկուշաբթի ռուսաստանյան լրատվական կայքերում մեկ այլ ուշագրավ տեղեկություն տարածվեց: «Ինտեր ՌԱՕ» ԲԲԸ-ն կարող է դուրս գալ «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծից, որին մասնակցում է դեռ կոնսորցիումի ձեւավորման փուլից, երբ 2008թ․ Թուրքիայի կառավարությունը մրցույթ հայտարարեց երկրում առաջին ԱԷԿ-ի շինարարության համար։ «Աքքույու Նուքլեար»-ին «Ինտեր ՌԱՕ»-ի մասնակցության դադարեցման հարցը, պարզվում է, դրվել է հոկտեմբերի 26-ին ռուսական էներգահոլդինգի տնօրենների խորհրդի նիստի քննարկմանը։ Ընկերության ներկայացուցիչը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ խոսքը գործարքի նախնական հավանության մասին է։ Այս պահին «Աքքույու Նուքլեարում» քննարկում են «Ինտեր ՌԱՕ»-ի մասնաբաժինը գնելու առաջարկը։

Հայտնի է, որ Թուրքիայում ԱԷԿ-ի շինարարության նախագիծն իրականացնող «Աքքույու Նուքլեարի» կապիտալի 99․2 տոկոսը պատկանում է «Ռոսատոմին», իսկ մնացած 0․8 տոկոսը՝ «Ինտեր ՌԱՕ»-ին։ «Աքքույու» ԱԷԿ-ը կառուցվում է սխեմայով, որով օտարերկրյա ԱԷԿ-ի սեփականատեր է հանդես գալիս ռուսական կողմը։ ԱԷԿ-ի շինարարության արժեքը գնահատվում է 22 մլրդ դոլար։ Առաջին բլոկը շահագործման պետք է հանձնվի 2023թ․-ին։

Էրդողանն, ակնհայտորեն, սկսել է անհանգստանալ Ռուսաստանի նախագահի քայլերից եւ հնարավոր որոշումներից, եւ հաշվի առնելով երեքշաբթի օրվա հեռախոսազանգերը Մոսկվա՝ Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայինների ոչնչացումից, «Աքքույու Նուքլեար»-ին «Ինտեր ՌԱՕ»-ի մասնակցության դադարեցման հարցի առաջ գալուց հետո, Անկարայում «կես խոսքից» են հասկացել իրավիճակի ողջ բարդությունը:

Իհարկե, ռուսական կողմը թեժ է պահում Թուրքիայի հետ քննարկելու, բանակցելու թեման՝ Արցախում լայնածավալ պատերազմի թեմայով:

Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադառնալով հարցին, թե Կրեմլում ի՞նչ են մտածում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Թուրքիայի հնարավոր մասնակցության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում, նշել է, որ Թուրքիայի ներգրավման հարցում կարեւոր է միայն պատերազմող կողմերի՝ Ադրբեջանի եւ Հայաստանի տեսակետը․ միայն նրանք կարող են համաձայնության գալ կամ ցանկանալ այս կամ այն ​​պետության մասնակցությունը կարգավորման գործընթացին: «Այստեղ կարեւոր է միայն երկու կողմերի տեսակետը։ Մենք նկատի ունենք հակամարտող երկրները, այսինքն՝ Ադրբեջանն ու Հայաստանը: Քանի որ միայն այդ երկու երկրները կարող են համաձայնվել կամ ցանկանալ այս կամ այն ​​պետության մասնակցությունը կարգավորման գործընթացին»,- ասել է Պեսկովը։

Ի դեպ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկվա հեռախոսազրույցում չեն քննարկել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: «Դա չի եղել օրակարգում», – ասել է Պեսկովը՝ եւս մեկ անգամ նշելով, որ միայն հակամարտող կողմերը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, կարող են համաձայնություն տալ որեւէ այլ երկրի մասնակցությանը հակամարտության կարգավորման գործընթացին: Էրդողանն հայտարարել էր, թե իբր երեկ Պուտինի հետ ղարաբաղյան բանակցային գործընթացում Թուրքիայի ներգրավման հարցն է քննարկել:

Մոսկվան այսպիսով՝ Թուրքիայի իշխանությունների ցանկությունն, ամեն գնով ներգրավել արցախյան կարգավորման բանակցային գործընթացում՝ թողնում է Երեւանի ու Բաքվի որոշման դաշտում: Իսկ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը միանշանակ է՝ Թուրքիան շահագրգիռ կողմ է, ավելին՝ Անկարան այսօր Արցախում պատերազմի ուղղակի մասնակից է, նա չի կարող անկողմնակալ միջնորդ լինել:

Պուտինը դանդաղ քայլերով՝ հակաքայլերի տակտիկա է բանեցնում Թուրքիայի նկատմամբ: Ունենալով Թուրքիայի հետ համագործակցության խորը արմատներ, իհարկե, նկատվում է ռուսական կողմի զգուշավորությունը:

Իսկ ռուսաստանյան հեռուստաեթերում արդեն մեկ ամիս քննարկվող՝ «Ռուսաստանը չպետք է թույլ տա Հարավային Կովկասում Էրդողանի ամրապնդումը» գնահատականի շուրջ բուռն զրույցները շարունակվում են նույն թափով: Բայց երբ խոսքը հասնում է, թե ինչու այդ դեպքում Պուտինն ավելի վճռական չի գործում՝ առավել կարեւոր հարցին, այստեղ բերվում են անհեթեթ «պատճառաբանությունների» շարք, որոնք որեւէ կապ չունեն Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունների հետ:

Պարզապես, երբեմն, զավեշտալի է, թե ինչպես են ռուսաստանցի տարբեր ոլորտների փորձագետները ստիպված 1 ամիս պատերազմում թափվող արյունը մի կողմ դնել ու ծիծաղելի «արդարացումներ» առաջ քաշելու քարոզչություն վարել:

Մնում է հասկանալ՝ ռուսական քարոզչամեքենայի գիծը ապահովողները գիտակցո՞ւմ են, թե ռուսաստանյան եթերում մեկամսյա «ջուր ծեծոցին» այս թեմայի շրջանակներում՝ «Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասարապես բարեկամ երկրներ ու ժողովուրդներ են» թեզը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու հայության համար ինչպես է ընկալվում, ինչ հետեւանքներ է ունենալու եւ ինչ նստվածք է թողելու պատերազմի ավարտից հետո, օրինակ, Պուտինի նշած՝ «2000 զոհերի» ընտանիքների անդամների մոտ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այսուհետ ՀՀ իշխանությունները,լրատվամիջոցները Դոնբասի հարցով հակամարտության կողմ պետք է ճանաչեն Ուկրաինան և ՌԴ-ն և անհանգստություն արտահայտեն ռազմական նոր բռնկումների դեպքում և ՌԴ -ին հորդորեն Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ հարթեն իրենց հարաբերությունները…:Եթե Երևանին եք դիմում հրադադարը պահպանել,ուրեմը Երևանին եք հակամարտության կողմ ճանաչում,այդ դեպքում ձեր դաշնակցին ինչու?անհրաժեշտ ռազմական օգնություն ցույց չեք տալիս:Եթե Լեռնային Ղարաբաղին եք հակամարտության կողմ ճանաչում,ինչու? Ստեփանակերտին չեք դիմում այլ Երևանին:Դուք ել երկակի ստանդարտներով եք ապրում….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031