Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վազգեն Մանուկյանի նշանակումից հետո փոփոխություններն արագ անդրադարձան պատերազմի ընթացքի վրա». Բագրատ Եսայանը հիշեցնում է 1-ին պատերազմում ընդդիմության նպատակների մասին

Հոկտեմբեր 28,2020 13:50

Aravot.am-ի զրուցակիցն է Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, պատմաբան Բագրատ Եսայանը:

Բագրատ Եսայան

-Պարոն Եսայան, 92-94թթ. արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ ռազմաճակատում բարդ իրավիճակ էր, ներհայաստանյան ընդդիմադիր ուժերն ինչպիսի՞ գործունեություն էին ծավալում այդ իրավիճակում:

-Երբ ռազմաճակատում որոշակի անկազմակերպվածության պատճառով անհաջողություններ գրանցվեցին, ընդդիմությունը հստակ արձանագրեց, որ անհաջողությունները կապված են ոչ թե մեր ազգային համախմբվածության կամ ժողովրդի ոգու թուլության հետ, այլ պարզապես եղել են որոշակի կազմակերպչական խնդիրներ, բարելավման անհրաժեշտություն: Ընդդիմությունը ցույցեր էր կազմակերպում եւ պահանջում որոշակի փոփոխություններ՝ ընդհուպ մինչեւ երկրի նախագահի հրաժարականը:

Ընդդիմության ցույցերի շնորհիվ էր նաեւ, որ երկրի քաղաքական ղեկավարության կողմից եզրակացություններ արվեցին, եւ առաջին նախագահն այդ ժամանակ ընդդիմության ներկայացուցչին՝ Վազգեն Մանուկյանին, նշանակեց ՀՀ պաշտպանության նախարար: Վազգեն Մանուկյանի նշանակումից հետո բնական է, որ ընդդիմությունը, որն այն ժամանակ էլ, ինչպես եւ հիմա, ողջ ներուժն ու հնարավորությունները, այդ թվում՝ մարդկային ներուժն օգտագործելով, մասնակցում էր արցախյան հերոսամարտին: Բնականաբար, նպատակը ոչ թե ռազմաճակատը կամ պատերազմում հայկական կողմը թուլացնելն էր, հակառակը, հայկական կողմի ողջ ներուժն օգտագործելն էր:

Վազգեն Մանուկյանի նշանակումից հետո, ով լավատեղյակ էր այն մոտեցումներին, որոնք ընդդիմությանը մղել էին պահանջելու փոփոխություններ ռազմաքաղաքական ղեկավարությունից, իրականացրեց դրանք, եւ դրանք արագ անդրադարձան պատերազմի ընթացքի վրա, կազմակերպվածության որակական մի այլ աստիճանի վրա բարձրացրին հայկական բանակը, ինչից հետո հաղթանակները սպասեցնել չտվեցին:

Կարծում եմ՝ իրավիճակը բացարձակապես նույնն է, եւ այսօր երկրի ռազմաքաղաքական, մանավանդ՝ քաղաքական ղեկավարությունը ոչ թե պետք է ընտրություններում իր լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինելու տեսանկյունից հարցին մոտենա, այլ փորձի իր ականջներն ու ուղեղը բաց պահել դիմացինի ասածի համար: Այսօր չկա որեւէ հայ, ընտանիք, որի անդամը կամ ավելի մեծ ընտանիքի անդամը ռազմաճակատում չլինի: Եվ կասկածելը, թե ընդդիմադիրները քաղաքական դրդապատճառներով ցանկանում են վնասել իշխանությանը, մանկամտության ծայրահեղ դրսեւորում է: Ինչ-որ ասվում է կամ պահանջվում, իշխանությունը պետք է մոտենա այն տեսանկյունից, թե դրա նպատակը ո՞րն է, ի՞նչ հիմք ունի պահանջը կամ դժգոհությունը: Այս տեսանկյունից է պետք մոտենալ, ոչ թե ասել՝ քանի որ ընդդիմությունն է ասում, ուրեմն՝ չէ, ես լեգիտիմ եմ եւ որեւէ մեկին չեմ լսելու, դիմացինի ասածը չեմ անելու: Սա է խնդիրը»:

-Այսօր հանրային արձագանքում իշխանությանն ուղղված ընդդիմության առաջարկներն եւ կոչերը հաճախ ուղեկցվում են «դավաճաններ» պիտակավորմամբ: Առաջին պատերազմի ժամանակ որքանո՞վ էր այս ընկալումն առկա:

-Չէի ասի, թե ընկալումն այն ժամանակ միանշանակ էր: Իհարկե, կային մարդիկ, ինչպես եւ հիմա, որոնք (սոցցանցերում) ասում են, թե միասնական պետք է լինենք: Բայց չեն հասկանում, որ միասնականությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ նպատակին հասնելու: Եվ երբ քաղաքական իշխանությունը խարխափումներ ունի նպատակի հարցում, դրան հասնելու ձեւերի հարցում, իսկ դու անում ես այնպիսի առաջարկներ, որոնք տարբերվում են նրա պատկերացրած ձեւից, միանգամից փորձում են պիտակավորել, որ՝ ահա՜, ձեր նպատակն ուրիշ է, ձեր նպատակը ոչ թե հաղթելն է, այլ պարտության հասնելը, ոչ թե միասնաբար արտաքին ուժերի դեմ պայքարելը, այլ իշխանություն վերցնելը…նման հիմար մեկնաբանություններ են լինում, մինչդեռ իրականում, վստահ եմ, որ բոլորի նպատակը մեկն է՝ պահել մեր վերջին հազարամյակի մեծագույն ձեռքբերումը՝ Արցախը, երկրորդ՝ հաղթել այս պատերազմում՝ երկրորդ արցախյան պատերազմում (այստեղ նույնպես որեւէ կասկած չի կարող լինել), եւ երրորդ՝ առավելագույնս քիչ անդառնալի կորուստներով եւ զոհերով դուրս գալ իրավիճակից: Այս նպատակների հարցում, վստահ եմ, որ հայերի միջեւ տարբերություն գոյություն չունի: Հարցը ձեւերի մեջ է, թե ինչպես է սա փորձ արվում իրականացնել: Ձեւերը տարբեր են: Այսօրվա քաղաքական իշխանությունը, իմ համոզմամբ, ուղղակի լավ չի պատկերացնում, թե ինչպես պետք է թվարկածս նպատակներն իրականացնել, եւ դրանից են գալիս խարխափումները, իրարամերժ ուղերձները, դրանցում առկա անընդունելի դրույթներն ու պիտակավորումները: Այդ պիտակավորումների պատճառով խարխլվում է նպատակների շուրջ այն միասնությունը, որը գոյություն ունի բոլորի մեջ: Այստեղ է, որ քաղաքական իշխանությունը պետք է շրջահայաց լինի իր ամեն բառի, արտահայտած մտքի հանդեպ, այլապես ունենում ենք այն, ինչ ունենք՝ փոխադարձ մեղադրանքներ: Նման հիմար մեկնաբանությունները խարխլում են թվարկած երեք մեծ նպատակները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031