Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյան. ԱՄՆ-ի ձեռքում կա Սևրի պայմանագիր, որի վավերացմամբ կկործանի Թուրքիային, բայց դա չի անում». «Փաստ»

Հոկտեմբեր 28,2020 12:45

Զարմանալի է, որ պատմական հայրենիքում այսքան արհավիրքներ վերապրելուց հետո մեր ժողովուրդն ու մեր ղեկավարությունը հույսը կարող էին դնել, այսպես կոչված, միջազգային հանրության վրա, որն իր հերթին պետք է զսպեր ագրեսորին կամ մեր թշնամուն: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Հիմա Թուրքիան այս ամենը միայնակ չի իրականացնում: Մենք պետք է վերջնականապես հրաժարվենք այն մտքից, թե Թուրքիան կարող է իրեն այսպես լկտի պահել, որովհետև հզոր է ու որովհետև կա Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մերձավոր Արևելք կոչված տարածաշրջանում ԱՄՆ-ը հիմնականում երկու գործընկեր ունի, որոնց միջոցով մեր տարածաշրջանում առաջ է տանում իր շահերը: Այդ երկու պետություններն Իսրայելը ու Թուրքիան են: Ինքս երբեք չեմ հավատացել ու չեմ էլ հավատում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ շատ վատ են: Չկա նման բան, ու դրա վառ օրինակներից մեկը հենց ներկայիս Արցախյան պատերազմն է: Այդ նույն իսրայելական ԱԹՍ-երը և ռազմական այլ տեխնիկան Ադրբեջան են տեղափոխվում Թուրքիայի օդային տարածքով:

Այսինքն, այստեղ գործում է թուրք-ադրբեջանա-իսրայելական ռազմաքաղաքական տանդեմը: Այս պահի դրությամբ Ադրբեջանում ակտիվորեն աշխատում են ոչ միայն ազգությամբ թուրք, այլև հրեա ռազմական փորձագետները: Մեկ այլ հարց եմ ուզում առաջ քաշել: Գրեթե երկու կամ երեք օրը մեկ Աֆղանստանից տրանսպորտային մեծ ինքնաթիռներով բեռներ են տեղափոխվում Ադրբեջան: Բացի այդ, տարբեր լրատվամիջոցներ շատ դեպքերում նշում են, որ Աֆղանստանից Ադրբեջան է տեղափոխվում ռազմամթերք, ինչպես նաև ահաբեկիչների մեծ քանակ: Հիմա հարց է ծագում այն առումով, որ Աֆղանստանի այն օդանավակայանները, որոնցից դեպի Ադրբեջան չվերթներ են տեղի ունենում, ամբողջությամբ վերահսկվում են ամերիկացիների կողմից:

Ի՞նչ է, նույն ամերիկացիները չգիտե՞ն, թե ինչ է տեղափոխվում Աֆղանստանից դեպի Ադրբեջան»,-ընդգծեց քաղաքագետը:

Նա հավելեց, որ բացարձակ չի հավատում, թե ներկայումս առկա մեթոդներով փորձում են շարքից հանել Թուրքիային. «Արդեն մեկ ամիս է՝ կոնկրետ ռազմական գործողություններ են տեղի ունենում: Հիմա ինձ մեկ հարց է հետաքրքիր: ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն, բացի բանավոր կշտամբանքներից և որոշ չափով նաև հայամետ հայտարարություններ անելուց, ինչ-որ կոնկրետ քայլեր արե՞լ են Թուրքիային կարգի հրավիրելու կամ վնասելու համար:

Իհարկե, Կանադան արգելեց ցանկացած կանադական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը Թուրքիա, Ավստրիան դադարեցրեց «Բայրաքթար»-ներում օգտագործվող շարժիչների մատակարարումը, բայց սրանք, մեծ հաշվով, թույլ արձագանք են: Կոնկրետ Թուրքիայի դեմ նույն ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն կարող են այնպիսի պատժամիջոցներ սահմանել, որ Թուրքիան ծնկի գա: Նույն ԱՄՆ-ի ձեռքում կա Սևրի պայմանագիր, որի վավերացմամբ կկործանի Թուրքիային, բայց դա չի անում, որովհետև Թուրքիան իր թիվ մեկ գործընկերներից մեկն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում»:

Գագիկ Համբարյանն այս օրերին արտաքին դաշտում առկա որոշ գործընթացներն ու հայտարարությունները դիտարկում է թատերական ներկայացումների տրամաբանության մեջ: «Մենք պետք է ավելի գլոբալ նայենք տեղի ունեցող գործընթացներին և «փազլը» շատ հեշտությամբ կդասավորվի: Այսինքն, թե ով ինչ նպատակներ ու ինչ շահեր ունի տարածաշրջանում: Եվ եթե որևիցե մեկը երազանքներ ունի, որ ԱՄՆ-ը կամ եվրոպական որևէ երկիր փորձում է ծնկի բերել Թուրքիային, չարաչար սխալվում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031