Մարզպետները, քաղաքապետները «Ժամանակ»-ի հետ զրույցում փաստեցին, որ զորահավաքը ներկայումս էլ կանոնավոր կերպով շարունակվում է, մարդիկ գալիս են, ինքնակամ կամավորագրվում, ջոկատներ են կազմվում և մեկնում առաջնագիծ։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ գործընթացը գնում է, շարունակական գործընթաց է, որը լիարժեք համակարգվում է։
Նույնը մեզ հետ զրույցում փաստեց նաև Վայոց ձորի մարզպետը։ Վայքի քաղաքապետն արդեն իսկ իր ջոկատով առաջնագծում էր։ Մեզ փոխանցեցին, որ կամավորագրման աշխատանքները ներկայումս էլ ակտիվ կերպով շարունակվում են։
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մարզում, համայնքում կամավորների հավաքագրման աշխատանքները շատ ակտիվ կերպով շարունակվում են։ Իրենք էլ համակարգում են, որ աշխատողներին փոխարինողներ գտնեն, համայնքային աշխատանքները, պարտականությունները բաշխեն, առաջիկայում էլ ինքը՝ քաղաքապետն անձամբ է մեկնելու առաջնագիծ. «Մարդիկ շատ ոգևորված են, դուխները տեղն է։ Գալիս են, կամավորագրվում են, բաժանվում են ծառայածները, չծառայածները, դաշտային պարապմունքների են գնում ու հենց պատրաստ են լինում, անմիջապես մեկնում են առաջնագիծ:
Կարդացեք նաև
«Մենք հեշտ հանձնվողներից չենք։ Բոլորս էլ կամավորագրվելու ենք, գնալու ենք առաջնագիծ։ Առաջիկա օրերին առողջանալուց անմիջապես հետո հերթական ջոկատն անձամբ եմ գլխավորելու, և մեկնելու ենք։ Թասիբն էլ է տեղը, թասիբով տղաներն էլ գալիս են, կամավորագրվում են, նորմալ ակտիվություն կա։ Մարդիկ շատ ոգևորված են»,- ասաց Վանաձորի քաղաքապետը։
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն արդեն իր ջոկատի հետ մեկնել է առաջնագիծ, մեր զրույցի պահին էլ առաջնագծում էր, բայց փոխանցեց, որ դրանով չեն սահմանափակվելու։ Համայնքում կամավորականների հավաքագրումը շարունակվում է, նոր ջոկատներ են կազմվում և մեկնում առաջնագիծ։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: