«Ամերիկայի ձայն». «Շատ ցավալի է, որ կրակի դադարեցման իրար հաջորդող երեք այս փորձերը ձախողվեցին: Դա, անկեղծ ասած, լավ չի խոսում հատկապես այն կողմի մասին, որը, ինչպես կարծում եմ, բոլորս գիտենք, որ հետապնդում է ռազմական գործողությունների, այլ ոչ թե դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու նպատակ»,- ասում է ՀՀ-ում ԱՄՆ-ը նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Հրադադարի հաստատման պայմաններից է վերադարձն առարկայական բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո: Դրա մասին է հիշեցնում նաև ԱՄՆ պետքարտուղարության հոկտեմբերի 27- ի տարածած հայտարարությունը պետքարտուղարի հեռախոսազրույցների մասին: Մինսկի խմբի բանակցային ձևաչափն աջակցում են նաև մյուս երկու համանախագահողները՝ Ֆրանսիան և ՌԴ-ը: Երևանը ևս շարունակում է Մինսկի խումբը դիտարկել խաղաղ բանակցային գործընթացի միակ հարթակ:
«ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, որտեղ պետք է քննարկվի և լուծվի Ղարաբաղի հարցը»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնդկական WION հեռուստաընկերությանը հոկտեմբերի 25-ին տված հարցազրույցում:
Իր հերթին Ադրբեջանի նախագահ Ալիևն իր վերապահումներն ունի Մինսկի խմբի ձևաչափի հարցում: Նրա կարծիքով համանախագահների գործունեությունը ուղղված էր հակամարտության սառեցմանը, այլ ոչ կարգավորմանը:
Կարդացեք նաև
«Համանախագահների ինստիտուտի ձևավորումից հետո Մինսկի խումբը ոչ մի արդյունք չտվեց, քանի որ համանախագահները մենաշնորհեցին դրա գործունեությունը»,- ասել է Ալիևը հոկտեմբերի 26-ին Rai 1 TV-ին տված հարցազրույցում:
Ալիևի այս մոտեցումը խրախուսում է Թուրքիան, որը բազմիցս իր դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ՝ այն հաճախ ներկայացնելով որպես սպառված կամ անարդյունավետ ձևաչափ:
«Որպեսզի Մինսկի խմբի համանախագահների ջանքերն արդյունք տան, անհրաժեշտ են նպատակաուղղված բանակցություններ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և միջազգային օրենքների համաձայն, որոնք ուղղված են կայուն խաղաղությանը», – ասել է Թուրքիայի արտգործնախարարի խոսնակ Համի Աքսոյը:
Վերլուծաբանների կարծիքով, սակայն, խնդրի կարգավորման և խաղաղության բացակայությունը կապված է հակամարտության կողմերի, այլ ոչ թե միջազգային միջնորդների հետ:
«Միջնորդների մեղքը չէ, որ խաղաղություն չի հաստատվել: Դա կապված է հենց երկու կողմերի դիրքորոշումների հետ, որոնց մոտ փոխզիջման գնալու պատրաստակամությունն իսպառ բացակայում էր»,- ասել է Էվանսը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող պարտադրել կրակի դադարեցում կողմերին: Իրական հրադադար հաստատելու ու խաղաղ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ է, որ կողմերը համաձայնվեն պայմանների շուրջ և հասնեն դրան»,- ասում է Ատլանտյան խորհուրդ հաստատության վերլուծաբան Ջոն Հերբսթը:
Հոկտեմբերի 29-ին նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ժնևում: Ջոն Հերբսթի կարծիքով այս հանդիպումը դժվար թե հանգեցնի իրական ու կայուն հրադադարի:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ