Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք տեսակների չեն բաժանվում… նրանք նույն տեսակն են …

Հոկտեմբեր 28,2020 13:30

Լրիվ արհեստական է նրանց տեսակների բաժանելը, նրանք նույն տեսակն են…: Ցավում եմ, որ ուշ եմ գրում սրա մասին, սակայն լավ է ուշ, բայց լավ: Հատկապես այս պատերազմում՝ սկսած զինծառայողներից, վերջացրած կամավորներով, բացառապես մեր բոլոր տղաներն անասելի հերոսական սխրանքներ են գործում: Ամեն մեկն անում է այն առավելագույնը, ինչ հնարավոր է եւ նրանց արարքները համեմատել իրար հետ, ավելին, այս սարսափելի եւ չափազանց խառը, լարված իրավիճակներում կոչումներ շնորհելը բացարձակապես անիմաստ քայլ է: Էլ չասենք այն մասին, թե այդ ամենը հոգեբանական ինչ ազդեցություն կարող է ունենալ այն ընտանիքների, նրանց հարազատների վրա, որոնց զավակները եւս հերոսաբար են զոհվել եւ նրանց անունները որեւէ կարգավիճակով, եւ որեւէ կերպ չի հնչեցվում այդ ցանկում:

Համոզված եմ, որ մեր առյուծներից եւ ոչ մեկը չի կռվում կոչում ստանալու համար, բայց նրանց զոհվելուց հետո դա ուղղակի մեծագույն մխիթարանք է, ինչպես նաեւ որոշակի հանգստացնող գործոն նրանց ընտանիքների համար: Ուզենք, թե չուզենք, այսպիսին է մարդու տեսակը, որին Տերն է արարել, այլ ոչ թե մարդը: Եթե մինչ այս պահը պատերազմում որոշակի հաջողություններ ենք գրանցել, ապա դա բոլոր կռվողների հավաքական /թիմային/ հերոսության արդյունք է, քանզի պատերազմը եւս թիմային պայքար է:

Իհարկե, ինչպես ամենուրեք, բոլոր թիմային գործողություններում եւս անհատների դերն անգերագնահատելի է, սակայն անվիճարկելի է նաեւ այն, որ ցանկացած անհատի արածը նաեւ թիմային մասնակցության արդյունք է եւ նրա արածն անհնար է գնահատել որպես բացարձակ անհատական ցուցանիշ: Անգամ շախմատում գնահատականը բացարձակ չէ, քանզի տվյալ շախմատիստին հոգեպես աջակցում են թիմակիցները, որն էականորեն ազդում է նրա խաղի եւ որակի, եւ արդյունքի վրա: Կարծում եմ, որ այս պարզ բաներն այլ կերպ մեկնաբանելն ուղղակի անհեթեթություն կլինի: Ավելի պարզորոշ, խոսքը գնում է այս 29-30 օրերի ընթացքում պատերազմի մասնակիցներին (կենդանի եւ հետմահու) հերոսի եւ այլ կոչումներ շնորհելու մասին: Փորձենք այս երեւույթը հիմնականում դիտարկել զուտ հոգեբանական տեսանկյունից: Լրիվ հասկանալի է, որ այդ ամենն առաջին հերթին արվում է կատարած արարքի գնահատման, արդյունքում նրանց ոգեւորելու համար (տեղյակ եմ, որ գոնե Խորհրդային Միության կողմից մղած պատերազմներում այս երեւույթը եղել է), սակայն այս պատերազմն իր բնույթով եւ տեսակով շատ տարբերվում է նախորդներից, որի պատճառով էլ պետք էր զերծ մնալ կիրառված նախկին ստանդարտներից: Իհարկե, դա ունի իր գովելի՝ լավ կողմը, սակայն դրա վատ կողմն էապես ավելի մեծ է:

Փորձեմ հիմնավորել: Գաղտնիք չէ, որ հայկական մենթալիտետում, հատկապես թիմային հարցերում, չհաշված բացառությունները, թիմի որոշ անդամներ (կարծում եմ կեսից քիչ թվով) իրենց հոգու խորքում լուռ հավակնում են լուրջ ամբիցիաների, իսկ որոշներն անգամ չեն էլ թաքցնում դա, իրենց հնարավորությունները եւ արածները մնացածներից բարձր դասելու եւ գնահատելու՝ խորքում նաեւ մնացածներից տարբերվելու առումով, սակայն միշտ էլ թիմի անդամների մեծամասնությունը բոլոր հարցերում գերադասում է եւ իրավունքների, եւ պատասխանատվության մասով իրենց հավասարությունը: Շատ հաճախ, ասվածը ենթագիտակցորեն եւ համարյա կարծրացած նստած է լինում նրանց մեջ: Դա զուտ տեսակի խնդիր է եւ նման մարդիկ չեն էլ խորանում այդ երեւույթի մեջ, որպեսզի հասկանան, որ դա, մեղմ ասած, շատ վատ բան է: Եվ երբ ինչ-ինչ հանգամանքների բերումով թիմի հիմնական մասի համար խախտվում է հավասարության բալանսը, նրանք վիրավորանքի աստիճան ծանր են տանում այս իրողությունը եւ մի տեսակ նվաստացածության՝ չգնահատվածության զգացում են ունենում ու իրենց հետագա քայլերն անում են դրան համապատասխան:

Նման դեպքերում գոնե մի բան հաստատ է, որ նրանց մոտ նեղացածության ֆոնի վրա նվազում է նվիրվածության կոմպոնենտը եւ ավելի շատ գլուխ է բարձրացնում անտարբերությունն իրենց հետագա անելիքների նկատմամբ, չնայած հիմնականում փորձում են թաքցնել դա: Իսկ ասվածը լոկ մի բան է նշանակում, որ դա առաջին հերթին վտանգում է թիմի կայունությունը, որը միանշանակ կբերի թիմի հետագա գործունեության անհաջողությունների շղթայի:

Ի՞նչ է, սա՞ է մեր ուզածը, ուզում ենք  որ Արցախյան պատերազմը վարող մեր թիմն էլ թուլանա՞…: Առանց այն էլ չափազանց մեծ կորուստների եւ գերհերոսական քայլերի շնորհիվ առայժմ մի կերպ դիմակայում ենք գերհզոր Թուրքիայի հարվածներին եւ ի՞նչ կլինի, եթե նման մոտեցմամբ հանկարծ ջարդենք մեր կռվող տղաների ոգին …: Ամեն ինչ իր ժամանակն ունի, թող միայն հաջողություն լինի եւ համապատասխան ատյանները հաստատ կհասցնեն կոչումներ շնորհել մեր առյուծներին: Այդ իրավունքը եւ հնարավորությունը ոչ ոք նրանց ձեռքից չի խլի …:

Բոլորս պետք է  աղոթենք, որ հաղթանակով հասնենք այդ օրվան …

Փառք հայ ժողովրդին, փառք մեր բոլոր նահատակներին եւ Տերը պահապան ապրողաց …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
27.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031