«Բաց նամակ» ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբային եւ ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին
Հարգարժան պարոնայք` Գիորգի Սագանելիձե եւ Իվան Կուլեբա,
Հայկական ազատարար բանակը եւ ողջ հայ ազգն արդեն 28 օր է, ինչ ներքաշվել է անհավասար պատերազմի մեջ թուրքա-ադրբեջանական եւ միջազգային տեռորիստական ահաբեկչական միացյալ ուժերի դեմ։ Մինչ հանցագործ ցեղասպան ուժերի միավորումները եւ նրանց հանցագործ պարագլուխներն անթաքույց եւ հրապարակային հայտարարություններ են անում հայերի վերջը տալու եւ Երեւանը գրավելու մասին, մեր միացյալ ազգը ազատարար գոյապայքարի մեջ է ահաբեկչական ուժերի դեմ, նույնժամ ձեր երկրների կառավարությունները, օգտվելով հարմար առիթից, թուրքահաճո հայտարարություններ են անում՝ պաշտպանելով ցեղասպան ագրեսորին եւ լեգիտիմացնելով նրա հանցանքը մարդկության դեմ։
Թողնելով մի կողմ քաղաքականությունն անբարոյականություն է, ամեն երկիր իր ազգային շահերով է առաջնորդվում (թեզիսները), ես կանդրադառնամ հարցի իրավաբարոյական ասպեկտին, որն ավելի խտացավ եւ ցայտուն արտահայտվեց այս պատերազմում։ Նախ պիտի ասեմ, որ քաղաքականությունն անբարոյականություն չէ, այդպիսի լոզունգ առաջ են քաշել այն քաղաքական գործիչները, որոնք ոչ մի աղերս չունեն բարոյականության հետ, որպեսզի արդարացնեն իրենց բարոյական արժեքներից զուրկ գործելակերպը։ Անդրադառնալով ազգային շահ ասվածին, ապա նույն համատեքստում մի հարց պիտի տամ, որպեսզի այն փոխանցեք ձեր երկրների կառավարող օղակներին։
Կարդացեք նաև
Իսկ ո՞վ եւ ինչո՞վ է հաստատել, որ ազգային շահ ասվածը միայն նյութական շահն է, իսկ մարդու ներսի արժեքները, հավատը, մարդասիրությունը, ազգասիրությունը, նեղն ընկածին օգնելու բնատուր հատկությունը եւ շատուշատ այլ արժեքներ ազգային շահ չեն։ Մե՛նք՝ հայերս, գիտենք, մեր պատմությամբ եւ հավատքով ապացուցել ենք, որ թվարկածս արժեքների հետ հաշվի նստելը եւ դրա գործածումը ամենաիսկական առումով հենց ազգային շահն է, եւ դրանով է առաջնորդվել հայ ազգը հազարամյակներ ի վեր, ու դրանով է կանգուն ու հաղթող առ այսօր։ Այսօր բարոյականի եւ անբարոյականի, բարու եւ չարի պատերազմ է եւ գործնականում հայը միայնակ է այդ պատերազմում։ Մենք մենակ ենք, բայց կհաղթենք, քանի որ հավատարիմ ենք ի վերուստ մեզ տրված արժեքներին։
Մեծարգո պարոն Իվան Կուլեբա, խոսելով բարոյական հարթակից՝ պիտի խոսեմ 1941֊45թթ. Հայրենական պատերազմի մասին, երբ հայ ժողովրդի զավակները, ընդհանուր առմամբ շուրջ 300 000 հայորդիներ, իրենց կյանքը վտանգելով, մարտնչեցին ուկրաինացի ժողովրդին ֆաշիստական լծից ազատագրելու համար։
Նրանցից շատերը, կյանք պարգեւելով ուկրաինացիներին, հերոսաբար ընկան։ Հիմա, երբ հայերիս գոյության պատերազմն է ընթանում, Ուկրաինայի ղեկավարությունը պաշտպանում է ֆաշիզմից վտանգավոր մի մոդիֆիկացիայի` աշխարհին սպառնացող պանթյուրքիզմին։ Դատողությունները երկար կարելի է շարունակել, պարոն դեսպան, որը թողնում եմ Ձեզ՝ Ձեր ղեկավարի հետ միասին։
Մեծարգո Գիորգի Սագանելիձե.
Դուք լավ գիտեք, որ Վրաստանի մշակութային-գրական-հասարակական-քաղաքական կյանքում, Վրաստանի` որպես քաղաքակիրթ պետություն առաջ մղման եւ կայացման գործում անուրանալի դերակատարություն են ունեցել եւ ունեն հայազգի գրական, քաղաքական, մշակութային գործիչները, Վրաստանի հայ ազգաբնակչությունը։ Երկրի բարգավաճման գործում այսօր էլ քիչ դեր չունի ոչ փոքրաթիվ հայ համայնքը։ Դարերի ընթացքում մեր երկու ժողովուրդների միջեւ կերտվել է անքակտ բարեկամության իսկական մոդել, ուսանելի այլ ժողովուրդների համար։ Տեղին է հիշատակել Մեծն Թումանյանի պատասխանն իր վրաց գրչակից ընկերոջը` Լեվան Կիպիանու նամակին. «Իմ թանկագին ընկեր, իմ հոգու ընկեր, Լեւան Դավիդովիչ։ Ձեր հրապարակական նամակներում դուք ինձ առաջարկներ եք անում ու հարցեր եք տալիս, եւ ինձ ինչքան հետաքրքրում ու զբաղեցնում են ձեր արած առաջարկներն ու հարցերը՝ եւս առավել զմայլեցնում է էն պարզ, անկեղծ ու բարի սիրտը, որ երեւում է ձեր տողերում, էն` ազնիվ, բանաստեղծական հոգին, որով համակված են ձեր հոդվածները։ Լավ վրացու, իսկական վրացու սիրտն ու հոգին։ Եվ էդ տեսակ մարդը դեռ հարց է տալիս, թե ի՞նչ պետք է անենք, որ մոտենանք իրար։ Ես ձեզ կասեմ. էդ տեսակ սիրտ պիտի ունենանք»։
Ցավոք, մեր օրերում էդ տեսակ սիրտ փնտրող մտավորականներ չկան, կամ կան վախից թաքնված այս կամ այն դղյակի պարիսպների տակ։
Ես երկար եմ մտածել պարոնայք դեսպաններ, զարմանում եմ, թե ինչու Ուկրաինայի եւ Վրաստանի բարոյական շրջանակները այդպես էլ չարձագանքեցին իրենց երկրների կառավարությունների, մեղմ ասած, ոչ հայանպաստ, ոճրագործին պաշտպանելու եւ նրան սատարելու որոշումներին, չհանդիմանեցին նրանց։
Սա ինձ համար մտահոգիչ փաստ է. կամ նրանք խլացել ու կուրացել են, այլեւս չեն հասկանում, թե որն է իրական ազգային շահը, կամ էլ վախեցած կաշառված են։
Ամեն դեպքում, դա փակուղի ու մահվան է տանում ձեր ժողովուրդներին, արթնանալ է պետք, պարոնայք դեսպաններ։ Ժողովուրդն է մեղք։
Մենք ապրել ենք ու կապրենք ապրեցնելով։ Սա է մարդկության անկասելի ընթացքը։ Տերը պահապան եւ Առաջնորդ։
Խաչիկ ՄԱՐՈԶՅԱՆ
Իրավապաշտպան
«Առավոտ» օրաթերթ
27.10.2020