Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համազգային տուրքի եւ ապահովագրավճարների մասին

Հոկտեմբեր 28,2020 12:00

Անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն՝ փոխարինելով 1000 դրամանոց դրոշմանիշային մուծումները` քաղաքացիների ամսական եկամուտների  նկատմամբ 2%-ով վճարումների սահմանմամբ:

Նորանկախ Հայաստանի Հանրապետությունը իր զարգացման ընթացքում առավել քան լուրջ պետք է վերաբերվեր իրեն ուղեկցող Արցախյան գոյամարտին, կազմավորելով ռազմարդյունաբերական համալիր, ձեւավորելով պատերազմական սոցիալ-տնտեսական վնասների փոխհատուցման ֆինանսական ռեսուրսներ եւ ապահովագրական ֆոնդեր: Սակայն, չգիտես թե ինչու, այդ հարցերում հապաղեցինք, որի հետեւանքներն առավել ցավոտ են դրսեւորվում պատերազմական գործողությունների սրացման ֆոնին:

Կարծում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը ներկայումս պետք է խմբագրվի, ելնելով Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության առջեւ կանգնած պատերազմական սպառնալիքներից: Եթե վերլուծենք Համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, ապա պարզ կդառնա, որ դրանք բազմազան են եւ միմյանց նկատմամբ գրեթե չունեն փախկապակցվածություն: Ուստի առաջարկում ենք, որ հիմնադրամի առաքելությունում լրացում կատարվի,  հստակ շեշտադրումներ անելով համազգային ներուժով երկու հանրապետությունների պաշտպանողականության շարունակական ամրապնդմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը աշխահասփյուռ հայության հավաքական դրամական նվիրաբերումների կազմակերպչական գործառույթների շրջանակն է, որը հիմնականում համալրվում է տարեկան դրամահավաք մարաթոններով: Սակայն ֆորս մաժորային իրավիճակներում, դիցուք, պատերազմի առաջին իսկ երեք շաբաթներում, «Հայաստան» համահայկական հիմնադրամում հայրենասիրական զարթոնքի ֆոնին  հավաքագրվեց ավելի քան 120 000 մլն ԱՄՆ դոլար, իսկ  2020 թվականի  հոկտեմբերի 21-ից նոր շարժում սկսվեց,  50 plus անվանմամբ, նպատակ ունենալով ոչ միայն հախուռն ձեւով միանվագ, այլ  ամսական կտրվածքով կանոնակարգված նվիրաբերումների:

Առավել քան համոզված ենք, որ ֆինանսական ներհոսքերը հիմնադրամում պետք է կանոնակարգվեն, միանվագության մոտեցումից անցում կատարելով ամսական նվիրատվությունների: Ընդ որում, անհրաժեշտ ենք համարում սահմանելու «ազգային տուրք», որը պիտի հիմնադրամին վճարվի անկախ իր բնակության վայրից յուրաքանչյուր հայ, իր ամսական եկամտի 1% -ի չափով: Այս պարագայում, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բնականաբար, հնարավորություն կունենա կանոնակարգված ձեւաչափով ամսական կայուն դրամական ներհոսքերի հավաքագրմանը  աշխարհասփյուռ հայությունից, հաջորդիվ այն հասցեագրելով պատերազմի սոցիալ-տնտեսական բացասական հետեւանքների շարունակական վերացմանը:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը հիմնականում համալրվում է դրոշմանիշային վճարներով, որոնք կատարում են ֆիզիկական անձինք, օրենքով սահմանված կարգով, ամսական 1000 դրամի չափով: Սակայն հարկ է նշել, որ միայն  պատերազմի առաջին երեք շաբաթներում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին հախուռն, առանց որեւէ օրենսդրական պարտադրանքի, հայ ժողովրդի կողմից 4,5 մլն դրամ է նվիրաբերվել: Միաժամանակ պետք է արձանագրել նաեւ, որ ուշ թե շուտ պատերազմի էյֆորիան կանցնի, այդ նվիրատվությունները կնվազեն, իսկ զոհված  եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների սոցիալական հոգսերը կմնան նույնը, որոնք պետք է տասնյակ տարիներ փոխհատուցվեն ապահովագրության հիմնադրամից:

Այս առումով առաջարկում ենք հանդես գալ օրենսդրական փոփոխությամբ, փոխարինելով 1000 դրամանոց դրոշմանիշային մուծումները` քաղաքացիների ամսական եկամուտների նկատմամբ 2%-ով վճարումների սահմանմամբ: Այս դեպքում, կվերականգնվի վճարումների արդարությունը եւ կվերախմբագրվի բոլորիս սոցիալական պարտավորվածությունը հետեւյալ երկու պարզ պատճառով: Նախ, քաղաքացին, որ մի քանի տեղից եկամուտ էր ստանում եւ յուրաքանչյուրի դիմաց դրոշմանիշային վճարումներ կատարում, այլեւս հնարավորություն չի ունենա ապահովագրական հիմնադրամից ետ ստանալու ամսական մեկից ավելի կատարված մուծումները: Եվ երկրորդ, որն ավելի կարեւոր է, ապահովագրական հիմնադրամին մուծումները կիրականացվեն պրոգրեսիվ կարգով, եւ բարձր ու ցածր եկամուտ ստացողների ամսական մուծումների միջեւ չի դրվի համահարթեցում, որն արվում է այժմ:

Արմեն ՃՈւՂՈՒՐՅԱՆ

պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր

«Առավոտ» օրաթերթ
27.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031