Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է լինելու ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, երբ մյուս կողմի պահանջը կապիտուլյացիան է. Ստյոպա Սաֆարյան

Հոկտեմբեր 27,2020 23:50

«Ադրբեջանը մի ձեռքով տեղի է տալիս ԱՄՆ ճնշումներին՝ հաստատելու հրադադար, մյուս ձեռքով շարունակում ռազմական գործողությունները, եւ դեռեւս ստորագրության թանաքն էլ չչորացած՝ գրոհ է կազմակերպում Կուբաթլուի ուղղությամբ: Առաջնագծում շատ հարազատներ ու ընկերներ ունեմ, ես տեղյակ էի, որ Կուբաթլուի ուղղությամբ քանի -քանի փորձ է եղել վերցնելու, եղել էին դեպքեր, որ դիվերսիոն խմբերին հաջողվել էր մի պահ մտնել, հետո նրանց ձեռքից վերցրել էին, բայց ադրբեջանական կողմը հրադադարի համաձայնությունը տալուց հետո չընդհատեց ռազմական գործողությունը, եւ դա տեղի ունեցավ: Դրանք մերձարաքսյան հարթավայրային տարածքներն են, որտեղ հակառակորդի օդային առավելությունը՝ գերժամանակակից զինատեսակներով բերեցին այդ իրավիճակին»,- անդրադառնալով երեկ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հայտնած տեղեկությանը՝ հակառակորդի կողմից Կուբաթլուն գրավելու վերաբերյալ՝ ասաց Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

Այս տեղեկության տարածումից հետո շատ քննադատություններ հնչեցին, թե փոխզիջման համար հայկական կողմին ինչ է մնում հոկտեմբերի 29-ին Ժնեւում նախատեսված եռանախագահների ու ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ:

Պարոն Սաֆարյանն այդ քննադատություններին այսպես արձագանքեց. «Չգիտեմ՝ հայկական կողմն ինչ օրակարգով է պատրաստվում հոկտեմբերի 29-ին, բայց եթե տարրական խնդիրները լուծված չեն, պատերազմը դադարեցված չէ, եւ բնագծերը ֆիքսված չեն ու, ըստ էության, այդ տարածքների զգալի մասը, որքան էլ կարմիր գույնով է ներկված, այդքան էլ միագույն չէ, այնտեղ դիվերսիոն ջոկատներ են ու մարտադաշտ է, այդ տարածքների մեծ մասն իրականում մարտադաշտ է ու դա համարել Ադրբեջանի կողմից 100 տոկոսով վերահսկվող , նույնիսկ օտարազգի փորձագետները նման բան չեն անում:

Այս կտրվածքով հոկտեմբերի 29-ի հիմնական խնդիրը պետք է լինի հասկանալ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ինչ է իրենից ներկայացնում, եթե դրա անունը դրվել է Մինսկի խաղաղության գործընթաց, ի վիճակի՞ է ինքը խաղաղություն ապահովել, թե՞ կողմերը պետք է իրենց ուժային հնարավորություններով հասնեն խաղաղության որոշակի մոդելի. Մինսկի խմբի այդ առաքելությունն է պետք հասկանալ, ի վերջո, պետք է գնահատական տրվի երեք ազդեցիկ երկրների կողմից հայտարարված հրադադարը չպահպանելու դեպքում չպահպանող կողմը , որն այս դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանն է, որեւէ պատժամիջոցի արժանանալո՞ւ է, թե՞ ոչ, նրա համառությունը՝ ամբողջը եւ այժմ հաղթահարվե՞լու է, թե՞՝ ոչ: Իմ կարծիքով՝ հայկական կողմը այս հարցերի պատասխանը պետք է ստանա: Դրանից է կախված, եթե հայկական կողմն այդ հանդիպմանն ընդառաջ ասում է, որ քաղաքական լուծման կողմնակից է, ինքը չէ հրադադարի խախտման պատասխանատուն, այդ դեպքում որն է լինելու ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, երբ մյուս կողմի պահանջը կապիտուլյացիան է»:

Այսօր հրապարակված պաշտոնական տեղեկատվությունից հետո, ըստ որի՝ թշնամին հարվածներ է հասցրել նաեւ հայ-իրանական սահմանի ուղեկալներին, կան վիրավորներ, եղան քննադատություններ, թե ինչու, վերջապես, Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին:

Ըստ պարոն Սաֆարյանի. «Դա արդեն լուրջ միջադեպ է, ու պետք է այդ խնդիրը բարձրացվի, ես չգիտեմ՝ ՀԱՊԿ-ում բարձրացվում է խնդիրը , թե՝ ոչ, միգուցե բարձրացնում են, բայց արձագանք չկա: Մյուս կողմից, եթե այդ նույն հատվածում ռուսական սահմանապահները դիրքավորված են, այդ դեպքում ՀԱՊԿ անդամ, այն էլ առաջատար երկիրը լավ տեղեկացված է ոչ միայն առաջնագծում կատարվողից, այլեւ ամբողջ իրավիճակից, այդ դեպքում, եթե Հայաստանի իշխանությունները նույնիսկ չին դիմում, ապա ի՞նչ են անում մյուսները, որովհետեւ դա արդեն ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031