Լրահոս
Օրվա լրահոսը

Անվան պես հզոր էր, փրկարար ու զինվորականն էր

Հոկտեմբեր 27,2020 23:40

Վարդենիսցի 21–ամյա պայմանագրային զինծառայող Ռազմիկ Մկրտչյանի հետ կապված ամեն ինչ կարծես կիսատ է մնում։ «Մի տեսակ չէինք հասցնում ավարտել՝ սկսում ենք ու կիսատ էր մնում։ Ուսումը կիսատ մնաց, սենյակն էինք ուզում նորոգել՝ կիսատ մնաց»,–մեզ հետ զրույցում պատմեց քույրը՝ Հասմիկ Մկրտչյանը։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց ագրարային համալսարան։ Սիրում էր փրկարարի գործը ու հենց համապատասխան բաժինն էլ ընդունվեց։ Տարկետում ձեւակերպեց՝ մեկնեց հայոց բանակ, ժամկետային զինծառայության։ Վերադառնալուց հետո համավարակը սկսեց, ու քանի որ դասերը հեռավար էին, որոշեց պայմանագրային զինծառայող դառնալ։ «Փրկարարարի համազգեստի հետ միաժամանակ սիրում էր նաեւ զինվորականի համազգեստը։ Ասում էր՝ զինվորականն էլ պիտի մարդուն փրկելու հմտություն ունենան»,–պատմում է քույրը։

Երբ սկսվեց այս պատերազմը, առաջնագիծ որպես կամավոր մեկնեց նաեւ Ռազմիկի հայրը՝ Գալուստը։ Չուզեց մինուճար որդուն մենակ թողնել։ Սակայն Ռազմիկը, չթողեց հայրը ծառայի, քանի որ հոր սիրտը վիրահատված էր։ «Ուղարկեց տուն, ասաց՝ պապ ջան, ես քո տեղն էլ կկռվեմ, հետ գնա մամայի մոտ, բա թիկունքն էլ պիտի պահող լինի»,–ասում է Հասմիկը։

Մարտական ընկերները պատմում են, որ անընդհատ դիրքից դիրք էր վազում, փորձում էր հասնել բոլորին, որտեղ դժվար մարտեր էր լինում՝ Ռազմիկն առաջինն էր հայտնվում այնտեղ։ «Հրամանատարը մի օր ասաց՝ տղերք, բարդ տեղանք ենք մտնելու, կամավոր՝ ով ա ուզում թող առաջ գա։ Ռազմիկը, սովորության համաձայն, առաջինը դուրս եկավ շարքից։ Ահավոր քաջ էր անունին համապատասխան իսկական ռազմիկ ։ 7 հոգով գրավեցինք դիրքը»,–պատմեց մարտական ընկերը։

Վերջին անգամ հոկտեմբերի 18-ի երեկոյան զանգեց։ «Ինքը մեզ էր դուխ տալիս, մենք իրան։ Ասաց չվախենաք, լավ կլինի, ու կապը ընդհատվեց»,–պատմում է քույրիկը։ Հոկտեմբերի 19-ին զոհվեց կրտսեր սերժանտ Ռազմիկ Մկրտչյանը։ Պատմում են, որ Ռազմիկը վազեց փրկելու վիրավորներին, բոլորին հանեց, բայց թշնամու արկը կպավ մեքենային։ «էլի փրկարար էր, հասավ ընկերներին, բայց ցավոք կիսատ մնաց՝ չհասցրին դուրս գալ վտանգավոր գուտուց»,–ասում է Հասմիկ Մկրտչյանն ու հիշում, որ եղբայրը մանկության տարիներին նույնպես փորձում էր բոլորին հասնել։ «Հարեւաններին, բարեկամներին, ում տեսնում էր դրսում՝ հարցնում էր, ինչով օգնեմ, ինչ անեմ։ Այսպիսին էր Ռազմիկը»,–ասում է Հասմիկ Մկրտչյանը։ Ընտրյալ ուներ, պատերազմի ավարտից հետո պիտի փոխհարաբերությունները լավացներ։ Բայց էլի կիսատ մնաց։

Հորաքրոջ տղան՝ Արսեն Ֆահրադյանը հիշում է, որ Ռազմիկից ավելի տարիքով ծառայողները միշտ պատմում էին, որ Ռազմիկն այնպիսի հմտությունների էր տիրապետում, որ նրանից շատ բան էի սովորել։

Ռազմիկի ծնողները՝ Գալուստ ու Սվետա Մկրտչյանները արդեն 8 օր է՝ ապրում են մինուճար որդու հուշերով։ Վիշտն անչափելի է, ցավը խորը, բայց դրա հետ մեկտեղ հպարտության զգացումն է պատել նրանց։ Նրանք էլ հայրենիքին զինվոր տվեցին, տան մինուճարին ու ամեն օր Աստծուն աղաչում են, որ այլեւս ոչ մի ծնող չկորցնի իր որդուն։ «Խոնարհվում ենք Ռազմիկի ու մյուս նահատակների առաջ։ Իրենց կյանքով մեզ կյանք պարգեւեցին։ Ու հաղթանակը այլընտրանք չունի»,–վերջում ասաց Արսենը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031