«Ինտեր ՌԱՕ» ԲԲԸ-ն կարող է դուրս գալ «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծից, որին մասնակցում է դեռ կոնսորցիումի ձևավորման փուլից, երբ 2008թ․ Թուրքիայի կառավարությունը մրցույթ հայտարարեց երկրում առաջին ԱԷԿ-ի շինարարության համար։ Այդ ժամանակ «Ատոմստրոյէքսպորտին» կոնսորցիումով միացած «Ինտեր ՌԱՕ»-ն էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման մենաշնորհ ուներ։
«Աքքույու Նուքլեար»-ին «Ինտեր ՌԱՕ»-ի մասնակցության դադարեցման հարցը դրվել էր հոկտեմբերի 26-ին ռուսական էներգահոլդինգի տնօրենների խորհրդի նիստի քննարկմանը։ Ընկերության ներկայացուցիչը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ խոսքը գործարքի նախնական հավանության մասին է։
Այս պահին «Աքքույու Նուքլեարում» քննարկում են «Ինտեր ՌԱՕ»-ի մասնաբաժինը գնելու առաջարկը։
Նշենք, որ Թուրքիայում ԱԷԿ-ի շինարարության նախագիծն իրականացնող «Աքքույու Նուքլեարի» կապիտալի 99․2 տոկոսը պատկանում է «Ռոսատոմին», իսկ մնացած 0․8 տոկոսը՝ «Ինտեր ՌԱՕ»-ին։
Կարդացեք նաև
«Աքքույու» ԱԷԿ-ը կառուցվում է սխեմայով, որով օտարերկրյա ԱԷԿ-ի սեփականատեր է հանդես գալիս ռուսական կողմը։ ԱԷԿ-ի շինարարության արժեքը գնահատվում է 22 մլրդ դոլար։ Առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2023թ․-ին։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ