Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը՝ առավել ևս կոչ եմ անում գրիպի դեմ պատվաստումներն ընդունել, քանի որ մեզ առողջ սերունդ է պետք». մանկաբույժ

Հոկտեմբեր 27,2020 21:45

Մանկահասակ երեխաներ ունեցող մայրիկները կփաստեն, որ այս օրերին տեղամասային պոլիկլինիկաներից իրենց զանգում և հորդորում են երեխաներին տանել գրիպի դեմ պատվաստման:

Պատերազմի, COVID-19-ի տարածվածության այս ծանր օրերին ծնողներից շատերը նպատակահարմար չեն համարում գրիպի դեմ պատվաստումը: Մինչդեռ բժիշկները հորդորում եմ երեխաներին տանել պատվաստումների, որովհետև մանավանդ այս պատերազմական օրերին մեզ առողջ սերունդ է անհրաժեշտ:

Aravot.am-ը շուրջ 10 մայրիկների շրջանում, որոնք ունեն 6-15 տարեկան երեխաներ, հարցում իրականացրեց՝ պարզելու ինչպե՞ս են արձագանքել մանկաբույժի հորդորին՝ երեխային տանել գրիպի դեմ պատվաստման: «Պատերազմի օրերին կարծում եմ դրա ժամանակը չէ», «Երեխային անպայման տարել եմ պատվաստման, բոլորին խորհուրդ եմ տալիս տանել պատվաստման, առանց այդ էլ ինչ ասես մեր գլխին չի գալիս, հիմա էլ գրիպի ձեռքը կրակը չընկնենք», «Ճիշտն ասած, ամեն տարի պատվաստման տարել եմ, սակայն այս տարի վախենում եմ, քանի որ մեծ տարածում ունի COVID-19-ը»,- մեզ հետ զրույցում մայրիկներն այսպիսի կարծիքներ հայտնեցին:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք. «Կարևոր է ստանալ գրիպի դեմ պատվաստում յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսներն անընդհատ փոփոխվում են, և, հետևաբար, գրիպի դեմ պատվաստանյութը յուրաքանչյուր սեզոն թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառող վիրուսի տեսակին համապատասխան։ Պատշաճ պաշտպանություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի ստանալ պատվաստում: Առաջնահերթ պատվաստման ենթակա են նպատակային խմբերի անձինք, որոնք վարակի ծանր ընթացքի բարձր ռիսկ են հանդիսանում. հղի կանայք, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 և բարձր տարիքի մեծահասակները, քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք (շաքարային դիաբետով, սիրտ-անոթային համակարգի, երիկամների քրոնիկ հիվանդներ), բուժաշխատողները, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը (զինծառայողներ, դպրոց ինտերնատներ, մանկատներ, ծերանոցներ, հոգեկան առողջության կենտրոններ): Գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է, բայց երբեմն, պատվաստումից հետո 1-2 օր ներարկման հատվածում կարող են նկատվել թեթև ցավ, քոր, կարմրություն»:

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակներում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի անհետաձգելի բուժօգնության ծառայության բժիշկ, մանկաբույժ Աննա Մխիթարյանին խնդրեց ծնողներին խորհուրդ տալ՝ ի՞նչ անել. երեխաներին այս օրերին թեկուզ տանե՞լ գրիպի դեմ պատվաստման: Նա նշեց. «Կոնկրետ զգուշանալու առումով ասեմ, որ որևէ վտանգ ինքն իրենից պատվաստումը չի  ներկայացնում: Ինչպես ինքներդ գիտեք, հայ մայրիկների շրջանում շատ է բարձրացել հաճախականությունը պատվաստումները մերժելու, բայց գրիպի հաջորդ համաճարակից խուսափելու համար կոչ եմ անում պարտադիր պատվաստվել»:  Նա պարզապես հորդորեց COVID-19-ի հետ կապված զգուշանալ, պատվաստման կազմակերպումը զգուշությամբ անել, տեղամասային մանկաբույժի հսկողության տակ: Նա մանրամասնեց. «Մանկաբույժը նախ պիտի ճշտի՝ որևէ շփում եղե՞լ է COVID-19-ով հիվանդի հետ, նշաններ կա՞ն՝ ինքնազգացության վատացում և այլն: Եթե այդ ամենը բացակայում է, միանշանակ պետք է երեխան պատվաստվի, քանի որ հաշվի առեք, որ գրիպի սեզոնն է, այն լայն տարածում է գտնում, այնպես որ պարտադիր պատվաստումը պետք է»:

Ծնողների այն մտահոգություններին, թե միևնույն է, գրիպը մուտացիայի է ենթարկվում, և պատվաստումն անօգուտ է, բժշկուհին այսպես արձագանքեց. «Գոյություն ունեն գրիպի տարբեր տեսակներ: Դրա համար պատվաստումն արվում է ամենատարածվածի դեմ՝ հնարավորինս նվազեցնելով վարակման հավանականությունը»:

Նշենք, որ այս օրերին՝ պատերազմական իրավիճակում և COVID-19-ի տարածվածության պայմաններում, գրիպի դեմ պատվաստվել ցանկացողների թիվը նվազել է: Մինչդեռ Աննա Մխիթարյանը ծնողներին հորդում է, ընդհակառակը, հաշվի առնելով, որ պատերազմական իրավիճակում ենք՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել պատվաստումներին. «Միանշանակ կոչ եմ անում պատվաստվել՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակը, առավել ևս կոչ եմ անում գրիպի դեմ պատվաստումներն ընդունել, քանի որ մեզ առողջ սերունդ է հարկավոր: Անպայման պետք է պատվաստվել. գոնե գրիպից փորձենք խուսափել, քանի որ COVID-19-ից դեռ չի ստացվում խուսափել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031