Ազգային ժողովն այսօր քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած՝ «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին հարցը: Ինչպես զեկուցեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, այս միջազգային կոնվենցիան ստորագրվել է 1989թ.-ին եւ այս պահին ուժի մեջ է 36 պետությունների համար:
«Կոնվենցիան ամրագրում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը եւ ուսուցումը քրեորեն հետապնդելի արարքներ են եւ առաջացնում են պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների խախտում: Ըստ էության, այս կոնվենցիայի առաջին՝ ամենակարեւոր հոդվածը սահմանում է «վարձկան» հասկացությունը եւ այն բոլոր վավերապայմանները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում արարքը որակվում է որպես վարձկանություն: Կոնվենցիայով պետությունները պարտավորվում են չհավաքագրել, չօգտագործել եւ չֆինանսավորել վարձկաններին»,-տեղեկացրեց Քրիստինե Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից այս կոնվենցիան վավերացնելը մի քանի կարեւոր հանգամանք ունի. «Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ օտարերկրյա ահաբեկիչ-մարտիկների հարցերով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մի շարք բանաձեւերի եւ ԵԱՀԿ նախարարական խորհրդի մի շարք որոշումների իրականացման առնչությամբ: Կոնվենցիային միանալով՝ այն կարող է օգտագործվել 1997թ.-ից այս կոնվենցիայի կողմ հանդիսացող Ադրբեջանի դեմ՝ Արցախի հանդեպ պատերազմում ահաբեկիչ-մարտիկներին որպես վարձկաններ օգտագործելու առնչությամբ:
Կարդացեք նաև
Այն կարող է օգտագործվել նաեւ Թուրքիայի դեմ, որը թեեւ չի վավերացրել այս կոնվենցիան, բայց հանցակից է հանդիսանում եւ պատասխանատվություն ունի ահաբեկիչ-մարտիկներին ֆինանսավորելու եւ Ադրբեջան ուղարկելու հարցերում»: Խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց կոնվենցիայի վավերացմանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ