«Իմ կարծիքով հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը տեղի է ունեցել Ղարաբաղի հիմնահարցի պատճառով։ Վստահ եմ՝ եթե հոկտեմբերի 27-ը չլիներ՝ դժվար թե Ադրբեջանը մտածեր, որ կարող է մի օր քնից արթնանալ ու պատերազմ սկսել, կամ շատ երկար կմտածեր նման քայլ անելուց առաջ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որն այսօր այցելել էր Եռաբլուր, եղբոր՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին։ Սպարապետը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում ահաբեկչության զոհ է դարձել։
Արամ Սարգսյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ մեր զինված ուժերը ոտքի էին կանգնում, ուժ հավաքում, այլ հնարավորությունների, այլ հզորության եւ այլ ժամանակների բանակ էինք ունենալու․ «Եւ, հավանաբար, նաեւ մեր այդ մեղքի համար է, որ այս պատերազմը չի վերջանում։ Աստծու առաջ մեղք ենք գործել, մենք ինքներս մեր հանդեպ, դրա համար այս պատերազմը չի վերջանում։ Պիտի կարողանանք գոնե այս անգամ վերջակետ դնել, խնդիրները վերջնական լուծել, որովհետեւ անընդհատ թողնել հաջորդ սերնդին, սա միջոց չէ»։
Անդրադառնալով հումանիտար հրադադարի արդեն երրորդ անգամ խախտմանը, պարոն Սարգսյանն ասաց՝ հողը, հայրենիքը պաշտպանել է պետք եւ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշի՝ ինչպես պաշտպանել հայրենիքը, թիկունքում, առաջնագծում, սփյուռքում․ «Որովհետեւ որքան ես եմ հասկանում, իսկապես պատերազմը արդեն որոշակի ժամանակ է վերցնելու, չասեմ երկարատեւ է լինելու, բայց որոշակի ժամանակ տեւել ու է, պետք է արդեն սովորել պատերազմի պայմաններում ապրել, կառույցներ ձեւավորել համապատասխան այդ ընթացքի համար, դիմացը ձմեռ է եւ այլն։
Պետք չէ հուսահատվել, մենք առաջնագծում զինվորներ ունենք, որոնք խիզախաբար կռվում են։ Եւ պատերազմ պետք է գնան նրանք, որոնք հավատում են հաղթանակին, ոչ թե ինչ-ինչ պատճառներով, որոնք ստիպված են հանսում այնտեղ, հետո հետ են գալիս։ Դա ավելի վատ հետեւանքներ է ունենում։ Այն մարդիկ, որոնք այդ կամքն ու ուժը տեսնում են, պիտի առաջնագիծ գնան, այն մարդիկ, որոնք թիկունքում անելիք ունեն՝ կարող են բանակին օգտակար լինել թիկունքում, քան այնտեղ հրազենով նստել։ Չպիտի թեւաթափ լինել, թեւերը ծալել, պետք է հարգել զոհերի շիրիմները, նրանց հարազատներին եւ այս նեղ իրավիճակում լցվել լավատեսությամբ։ Աստված մեզ հետ է, եթե մի դուռ փակվում է, մյուսը բացվում է»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով վարչապետի՝ փոխզիջումների մասին հայտարարությանը, Արամ Սարգսյանն ասաց՝ ՀՀ բոլոր իշխանությունները խնդիրը դրել են փոխզիջումների մեջ․ «Ուղղակի Ադրբեջանն ամեն անգամ, երբ փոխզիջում է եղել, եկել, մի քիչ ավելին է ուզել, ու հիմա ինքն ուզում է կամ ամբողջը կամ ոչինչ։ Վարչապետի ասածը սա էր, ինքն ասում է՝ պատրաստ է պատերազմը կանգնեցնել, փոխզիջման գնալ, բայց Ալիեւն ուզում է ամբողջը, եթե կա այլ ելք, քան կռվելը, ասեք, իմանամ»։
Պարոն Սարգսյանի դիտարկմամբ՝ թե ինչ չափի փոխզիջումների մասին է խոսքը, սրա մասին տեղեկություն ունենալու համար պետք է բանակցությունների մեջ լինել, իմանալ՝ իրենք ինչ են ասում, եռանախագահողներն ինչ են ասում, առաջարկություններն ինչ նրբություններ ունեն, խաղաղապահներն ինչ ուժեր են, ինչպես են կանգնելու՝ խնձորաձեւ, ժապավենաձեւ, ՀՀ-ի սահմանով, թե միայն Արցախի սահմանով, ինչ ժամկետով եւ այլն։
Ինչ վերաբերում է Արցախի անկախության ճանաչմանը, եւ դա ինչ կտա, պարոն Սարգսյանն ասաց՝ եթե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նման լուրջ պետություններն Արցախի անկախությունը ճանաչեն, դա լուրջ բեկում կլինի նույն բանակցային գործընթացում, Ադրբեջանը չի գնա ծավալապաշտական նկրտումների, հակառակի դեպքում՝ խնդիր կունենա․ «Այս առումով խնդիրը կգնա փոխզիջումների ճանապարհով։ Ամսի երեքին ԱՄՆ-ում նախագահի ընտրություններ են, գործող նախագահ Թրամփը կարող է ընտրվել, կարող է՝ ոչ։ Նա աննախատեսելի մարդ է, ես չեմ բացառում, որ Պուտինի եւ Մակրոնի հետ ունեցած հարաբերությունների շրջանակներում ճանաչի Արցախը, եւ տեսնի, թե Մակրոնն ու Պուտինն ինչ կանեն»։
Արամ Սարգսյանն ասաց, որ մենք Ստեփանակերտն ու Ղարաբաղը պահելու ռեսուրսներ ունենք, եւ պարզապես պետք է ռեսուրսներն ու հնարավորությունները ճիշտ օգտագործել։
Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքականության, Արցախում ընթացող պատերազմում Թուրքիայի ներգրավվածության մասին էլ Արամ Սարգսյանն ասաց, որ Էրդողանն ուզում է Կովկասում տարածաշրջանային քաղաքականություն վարել․ «Իր ամբիցիաներն, իմ կարծիքով, այնքան էլ չեն համընկնում տարածաշրջանի երկրների՝ Իրանի, Վրաստանի, նույնիսկ Ադրբեջանի հետ, նաեւ ՌԴ-ի հետ։ Էրդողանի վերջին շրջանի պահվածքը՝ մեկ ամերիկացիների հետ ռուսների դեմ, մեկ էլ՝ ռուսների հետ՝ ամերիկացիների դեմ, մի օր հասցնելու են նրան, որ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն կարող են մեկ դառնալ Էրդողանի դեմ ու, որ ինքն ասում է՝ ամեն օր կարող է մեռնեմ, այդ օրը այսօր կամ վաղը լինի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ