Ազգային ժողովն այսօր երեկոյան կառավարության սահմանած օրակարգով արտահերթ նիստ է անում: Քննարկվող հարցերից մեկը կառավարության հեղինակած՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխությունների» օրինագիծն է: Ինչպես զեկուցեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, փոփոխությամբ սահմանվում են ռազմական դրության պայմաններում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքն ըստ անհրաժեշտության օգտագործելու առնչությամբ իրավահարաբերությունները, գույքի օգտագործման արդյունքում դրան հասցված վնասի դեպքում փոխհատուցման պայմանները:
«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց. «Հստակեցնենք, որ խոսքը չի վերաբերում գույքն անհատույց վերցնելուն»: Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Գույքը վերցնելիս կազմվում է արձանագրություն, եւ եթե այն հետագայում վնասվում է, կառավարության որոշմամբ տրվում է փոխհատուցում: Եթե գույքը կորել է կամ ոչնչացվել, լիարժեք փոխհատուցվում է, իսկ եթե նորոգման կարիք կա, նորոգվում է, նոր վերադարձվում»:
Առաջին ընթերցմամբ քննարկվեց նաեւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումների եւ կից օրինագծերի փաթեթը, որով, հիշեցնենք, սահմանվում է «աշխարհազոր» եզրույթը: «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց՝ եթե աշխարհազորը կազմվում է կամավորության հիմունքներով, ավելի նպատակահարմար չէ՞ անել այնպիսի օրենսդրական փոփոխություն, որը բոլորին կպարտադրի զորակոչվել: Գաբրիել Բալայանը պարզաբանեց. «Թույլ տվեք չհամաձայնել այդ սկզբունքի հետ: Մենք որոշակի մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկ ունենք, ըստ որի՝ տնտեսությունը պետք է շարունակի գործել: Զորակոչի ոչ ենթակա նման խմբերի մարդիկ շատ չեն՝ զինծառայության համար ոչ պիտանի անձինք, չորս երեխա եւ ավել ունեցողներ, որոշակի պաշտոններ»:
Առաջին ընթերցմամբ քննարկվող մեկ այլ՝ քրեական օրենսգրքում փոփոխությունների օրինագծի համաձայն էլ ռազմական դրության ժամանակ որոշակի գործողությունների կատարման համար պատժաչափերը խստացվում են. «Արդեն ունենք համապատասխան մեղադրանքներ առաջադրված: Ունենք իրավախախտումներ, եւ համապատասխան պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրված, եւ գտնում ենք, որ ավելի հրապարակային՝ խիստ պատիժ պետք է նախատեսվի, որպեսզի նման անձինք զերծ մնան արարքներ կատարելուց կամ որոշակի իրադրության պարագայում անգործություն ցուցաբերելուց»: Հավելենք, որ այս երեք օրինագծերի երկրորդ եւ ամբողջական ընթերցումը կլինի առաջիկայում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ