Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ներկա է եղել խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնական կարգավորման ծրագիր է մշակել, որը կներկայացվի այսօր-վաղը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հավանությամբ կազմել է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման պլան, որը քննարկվելու է այսօր-վաղը, և մենք հետամուտ կլինենք դրան Մոսկվայում և Երևանում։ Այդ նպատակով փոխարտգործնախարար Արաղչին այցելություններ կկատարի Բաքու, Երևան և Մոսկվա»,- ասել է Զարիֆը։
Նախարարը նաև հավելել է, որ տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունն անթույլատրելի է Իրանի համար։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտնել էր, որ փոխարտգործնախարար Աբաս Արաղչին եղել է Խոդա Աֆարինի ջրամբարի մոտ, այնուհետև այցելելու է Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության լուծման Իրանի տարբերակը քննարկելու համար։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ