«Ֆեյսբուքյան ռազմաճակատ»-ում ամեն ինչ «կարգին» էր, հիմա էլ թե՝«մենք քրիստոնյա ենք, զինվորներին աստվածներ մի կոչեք»… այսօր սա կարդալով նախ ապշեցի…լավ, ուրիշ բան ու գործ չունե՞ք։ Եթե կրոնին «գերի» եք, եթե կրոնը սահմանափակել է ձեր միտքն ու հոգին, «օկ», բայց աստծուն կամ աստվածներին աղոթողներին հանգիստ թողեք։ Իրենց մտքի, աղոթքի ուժն ավելին է, քան ձեր կաղապարվածությունը։ Հիշեք, որ բարի միտքն ու խոսքը էներգիայի հզոր ալիքներ են` անկախ նրանից՝ դուք աստծո՞ւն եք աղոթում, թե՞ աստվածներին:
Երբ կրոնը կաղապարում է մտածելու եւ վերլուծելու ունակությունը, իրենց քրիստոնյա համարողներից նաեւ այսպիսի բաներ ենք կարդում, թե՝ «փառքը ոչ թե բանակինն է, զինվորինը, այլ Քրիստոսինը»…իսկ կհիշե՞ք այն լուսանկարը, որն օրերս ակտիվ քննադատվում էր «ֆեյսբուքում»՝ ՀՀ-ում գործող հայտնի կրոնական կառույցներից մեկի քարոզչի էջում: Դրանում գրված էր՝ «ծնկի իջած եկեղեցին ուժեղ է ոտքի կանգնած բանակից»: Հարց իրենց քրիստոնյա համարողներին՝ երբ ասում եք, թե «փառքն աստծունն է, ոչ թե զինվորինը», վստա՞հ եք, որ դուք շա՜տ բաներով եք տարբերվում աղանդավոր անվանվողներից:
Եվ վերջում՝ եթե պարզվի, որ այս օրերին մարտի դաշտում հերոսացած զինվորների մի մասն իրեն քրիստոնյա չի համարել, այլ նախաքրիստոնեական դիցերին պաշտող, ի՞նչ եք անելու՝ շնորհակալությո՞ւն եք հայտնելու հանուն մեր ապրելու իրենց կյանքը զոհաբերածներին, թե ասելու եք՝ «vayyy sranq hetanos en, voch mi hishatak, voch mi xonarhum»… այնպես որ, գոնե հավատքի հարթության վրա փորձեք տարբերվել «xi cheq hanum et Iskandery» գրողներից:
Հ.Գ. Այո, նրանք աստվածներ են: Եթե չեք ընկալել, թե ինչ իմաստով է «աստվածներ» բառն օգտագործվել, պատճառը փնտրեք նույն տեղում՝ ձեր կրոնական կաղապարվածության մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ