Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում սահմանի հիվանդանոցների համար բժշկական սարքավորումներ են պատրաստվում

Հոկտեմբեր 27,2020 17:44

Պատերազմը սկսելուց երկու օր անց Վանաձորի բժշկական կենտրոնի մասնագետներն առաջարկով դիմեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնին, որպեսզի սահմանում կռվող զինվորի համար անհրաժեշտ բժշկական սարքեր պատրաստեն: Առաջարկն ընդունվել ու անմիջապես կյանքի է կոչվել:

Տեխնոլոգիական կենտրոնում հիմնվել է բժշկական սարքավորումների արտադրություն, որտեղ ստեղծվում են կոտրվածքների արտաօջախային ֆիքսման սարքավորումներ. «Քանի որ մենք ունենք գերժամանակակից ինժեներական լաբորատորիա, որտեղ ունենք թվայնացված 2 հաստոց, սիրով համաձայնեցինք այդ ամեն ինչն իրականացնել: Մեր ինժեներները նախագծեցին, եւ հենց տեղում պատրաստեցինք բժշկական սարքավորումները: 1 սարք պատրաստելու համար պահանջվում է մի քանի ժամ: Ամեն ինչ անում ենք, որպեսզի թիկունքն ուժեղ պահենք»,- ասում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական, վարչատնտեսական հարցերի համակարգող Աննա Հովհաննիսյանը:

Թեեւ սարքավորումը մեծ պահանջարկ ունի նաեւ խաղաղ պայմաններում, սակայն մինչ այժմ Վանաձորի բժշկական կենտրոնի համար այն եղել է գրեթե անմատչելի: Սարքավորումների բացակայության պատճառներով դրա կարիքն ունեցող հիվանդներին ուղղորդել են մայրաքաղաք. «Սարքը եղել է արտասահմանյան արտադրության եւ մեր ձեռք բերող կազմակերպությունները չեն կարողացել մրցույթները շահեն: Իսկ սա շատ լավ նախաձեռնություն է եւ բարձր որակի արտադրանք: Սա թույլ է տալիս ավելի թեթեւ եւ արագ ձեւով օգնություն ցուցաբերել վիրավորներին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Ազրոյանն ու շարունակեց. «Սարքավորումը կոտրվածքների նորագույն բուժման ձեւերից մեկն է: Երբ որ կոտրվածը ուղեկցվում է նաեւ վերքով, օրինակ` հրազենային վերքից ստացվում է նաեւ կոտրվածք, դրա վերքը ինֆեկցված միջավայր է, եւ այնտեղ հնարավոր չէ ինչ-որ իմպլանտ տեղադրել, փակ եղանակով բուժել, դա արվում է արտաօջախային ձեւով: Այսինքն, սարքը թույլ է տալիս, որպեսզի ֆիքսվի եւ շատ արագ կերպով այդ վիճակից դուրս գա վիրավորը: Հետագայում նաեւ ավելի լավ արդյունքներ ստանալու համար»:

Արդեն 16 սարք պատրաստվել է եւ ուղարկվել սահմանին մոտ գտնվող հիվանդանոցներ, որտեղ բուժում են ստանում վիրավոր զինվորները: Բժշկական սարքերի հումքը գնվել է Երեւանից, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների միջոցով:

Պատերազմական այս իրավիճակում տեխնոլոգիական կենտրոնը մի քանի այլ ծրագրեր եւս իրականացնում է, որոնք սակայն գաղտնի են պահում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031