Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ․ մարդիկ իրենց ավանդները բանկից հանում են, փոխանցում բարեգործական նպատակով

Հոկտեմբեր 27,2020 17:39

Այսօր Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.25%, ԿԲ կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 5.75% է, իսկ ԿԲ -ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Նա ասաց, որ սեպտեմբերին արձանագրվել է 0.2% գնանկում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 0.2% գնաճի դիմաց, 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%, իսկ բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 1.3%։

Սեպտեմբերին Արցախում ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմի եւ հոկտեմբերին կորոնավիրուսի համավարակի նոր թափով տարածման միտումը Հայաստանի տնտեսության վրա, ինչպես որ ակնկալվում էր, բացասական է ազդել։ Ըստ ԿԲ նախագահի ներկայացրած տվյալների, ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 7.5% անկում է գրանցել, ինչը հիմնականում արտահայտվել է ծառայությունների ոլորտի կրճատմամբ։

Պատերազմն ու համավարակի տարածումը ձեւավորել են բացասական միջավայր թե՛ առաջարկի, եւ թե՛ պահանջարկի տեսանկյունից։

Մարտին Գալստյանն ասաց, որ բանկային համակարգում խնայողությունները որոշակիորեն նվազել են, բայց դա ընդհանուր ավանդների մեջ շատ քիչ տոկոս է, աննշան։ Ըստ ԿԲ նախագահի, մարդիկ եւ կազմակերպությունները որոշակիորեն, բայց ոչ էական չափով նվազեցրել են իրենց խնայողությունները բանկային համակարգում, դա ընդհանուր ավանդների մոտ 1%-ն է։ ԿԲ նախագահը վստահեցրեց՝ ավանդները դուրս են հանում բանկային համակարգից ոչ այն պատճառով, որ խնդիր կա բանկային համակարգում, այլ մի քանի պատճառներով՝ պայմանավորված կորոնավիրուսով եւ ընդհանուր տնտեսական իրավիճակով՝ տնային տնտեսությունների մոտ կա եկամտի որոշակի նվազում, ուստի մարդիկ դա փոխհատուցում են նախկինում ձեւավորած խնայողությունների հաշվին: Բացի այս, ինչպես ասաց պարոն Գալստյանը, առաջնագիծ մեկնող մեր հայրենակիցների մոտ կա վարքագծային դրսեւորում՝ գումարը հանում են ավանդից, կանխիկ տեսքով թողնում են տանը, որ ընտանիքի անդամներն ունենան որոշակի ֆինանսական միջոցներ՝ իրենց բացակայության ընթացքում։ Բայց կան նաեւ քաղաքացիների մի ստվար զանգված, ըստ ԿԲ նախագահի, որոնք ավանդը փոխանցել են որեւէ բարեգործական նպատակի՝ Հայաստան համահայկական հիմնադրամին, 1000 դրամների հիմնադրամին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031