Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը եւ արժանի հակահարված տալ. Ստեփան Դեմիրճյան

Հոկտեմբեր 27,2020 16:58

Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն է, որը ծանրագույն հարված հասցրեց մեր պետությանը: Այսօր այս մասին ասաց հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնացած Կարեն Դեմիրճյանիր որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, որն այցելել էր Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող հոր շիրիմին: Դիտարկմանն ի պատասխան, թե անցյալ տարի հայտարարել էր, որ կա հանրային պահանջ հոկտեմբերի 27-ը բացահայտելու, Ստեփան Դեմիրճյանն ասաց՝ այդ հարցին կանդրադառնան ավելի ուշ, երբ խաղաղություն հաստատվի:

«Այսօր առաջնահերթ խնդիր է մեր հայրենիքի պաշտպանությունը, բոլորս պիտի համախմբվենք հայրենիքի պաշտպանության գործի շուրջ:
Հոկտեմբերի 27-ի զոհերի՝ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ առհասարակ հայրենիքի համար իրենց կյանքը տված հայորդիների հիշատակը պետք է հարգենք, «Միասնություն դաշինքի»՝ «կառուցենք եւ պաշտպանենք» կարգախոսը կյանքի կոչենք: Այսօր հայրենիքը պաշտպանելու ժամանակն է, բոլորս պետք է կանգնենք մեր բանակի, զինվորի թիկունքին եւ նպաստենք հաղթանակի կերտմանը»,-ասաց Ստեփան Դեմիրճյանը: Նրա խոսքով. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը մտադիր է հարցը մինչեւ վերջ լուծել ռազմական ճանապարհով: Ադրբեջանի ղեկավարը դա չի էլ թաքցնում, դրա համար պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը նաեւ համարժեք քայլեր պետք է անեն Մինսկի խմբի համանախագահ երկրները եւ պարտադրեն խաղաղություն: Ադրբեջանի այս պահվածքը մեծապես պայմանավորված է թուրքական գործոնով, որն ուզում է ընդլայնել իր ազդեցությունն այս տարածաշրջանում եւ ոչ միայն այստեղ: Մենք տեսնում ենք Թուրքիայի նկրտումներն այլ տարածաշրջաններում. արդեն բացահայտ սպառնում է Եվրոպային, Ղրիմը համարում է թուրքական»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթն ինչպե՞ս է մեկնաբանում եւ ինչպե՞ս է տեսնում իրավիճակի հանգուցալուծումը, ի պատասխան Ստեփան Դեմիրճյանն ասաց՝ նախեւառաջ՝ պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը արժանի հակահարված տալ հակառակորդին եւ հաստատել հրադադար. «Ի վերջո պետք է գնալ բանակցությունների եւ այդ հարցով պետք է հետեւողականորեն զբաղվեն համանախագահ երկրները եւ ջանքեր գործադրեն: Հարցը պետք է հանգուցալուծվի բանակցությունների միջոցով: Բանակցությունները ենթադրում են որոշակի փոխզիջումներ, այլապես ինչի՞ համար են բանակցում»:

Ստեփան Դեմիրճյանի կարծիքով, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կլիներ հզոր դաշինք, որը կհզորացներ երկիրը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031