ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում՝ պատասխանեց. «Առաջին իսկ օրվանից բոլոր հնարավոր ուղղություններով կատարվում են աշխատանքներ: Այդ աշխատանքները կատարվում են՝ ի հեճուկս ամեն ինչի, որեւէ բան հաշվի չի առնվում, նկատի ունեմ՝ ինչ-որ մեկին ավել մի բան խնդրելու, մի քանի ժամ կամ մի ամբողջ օր ավել աշխատելու: Որեւէ բան չի խանգարում ու բոլոր ուղղություններով աշխատանք տարվում է: Մեր ազգի ցանկությունները հաճախ չէ, որ համընկնում են: Ինչ վերաբերում է դաշնակիցներին, կոնկրետ երկրներին, այսօր մենք ունենք մի գործընկեր, որը մեզ ամեն ձեւով աջակցում է: Այդ աջակցությունը դուք ինքներդ տեսնում եք՝ հայտարարությունների, նույնիսկ ուղիղ խոսքի ձեւով, դա ՌԴ-ն է, ինչպես նաեւ կարող եմ նշել Ֆրանսիայի մեր գործընկերների աջակցությունը եւ ԱՄՆ-ի աջակցությունը, որը դուք նույնպես տեսնում եք: Մնացածը ասել այս պահին չեմ կարող»:
Արցախի նախագահը նամակով դիմել էր ՌԴ նախագահին, դրան հաջորդել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից մեկը, որտեղ խոսում էր խաղաղապահ զորքեր տեղակայելու հայկական կողմի պատրաստակամության մասին, այս պահին ՌԴ-ի կողմից պաշտոնական արձագանք չկա դեռեւս: Ալեն Սիմոնյանն ասաց, որ արձագանքը կլինի այն ժամանակ, երբ կլինեն կոնկրետ լուծումներ, կամ գործողություններ անելու հնարավորություն: Համենայնդեպս, հայաստանյան կողմերն իրենց դիրքորոշումները հայտնել են, մնացածը պետք է մեր գործընկերներն անեն, գնդակն իրենց դաշտում է. «Վերջիվերջո ես վստահ եմ, որ թե՛ ՌԴ-ում, Ֆրանսիայում, թե՛ ԱՄՆ-ում բոլորը հասկանում են, որ այսօր Հայաստանը դարպասն է, այն ամրոցն է, որը կանգնած է միջազգային ահաբեկչության դեմ ու դա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, Արցախի համար, այլեւ ամբողջ աշխարհի համար»:
Կոնստանտին Զատուլինն ասել էր, որ ինքը չի հասկանում թե ինչու հայկական կողմը չի դիմում ՀԱՊԿ-ին, նիստ է եղել, բայց հարցն օրակարգ չի մտել: Այս առնչությամբ Ալեն Սիմոնյանն ասաց. «ՀԱՊԿ-ին դիմելու համար նախեւառաջ մենք պետք է վստահ լինենք, որ այդ կազմակերպությունը եւ գործողությունները բավարար կլինեն, որպեսզի համապատասխան արձագանք լինի: Դուք գիտեք, որ ՀԱՊԿ-ում եւ նմանատիպ կառույցներում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ: Այն պարագայում, երբ որ մենք կտեսնենք, որ արդեն իսկ անհերքելի փաստեր կան, որոնք դժվար կլինի ՀԱՊԿ-ի քննարկման ընթացքում կասկածի տակ դնել, դուք գիտեք, որ Հայաստանն է հանդիսանում ՀԱՊԿ-ի անդամ եւ Արցախը այդ կազմակերպության մեջ չի: Որպեսզի տեղ չթողնենք այսպես ասած սեթեւեթելու կամ ինչ-որ ձեւով խուսափելու, այդ քայլը կարվի այն ժամանակ, երբ վստահ կլինենք, որ այն կստանա միանշանակ դրական պատասխան: Ինչ վերաբերում է մնացածին, այսօր մենք դրա կարիքը չունենք, չեմ կարող շատ բան ասել, բայց Հայաստանի սահմանների վտանգի պարագայում, ես ձեզ վստահեցնում եմ, մեր գործընկերները, մեր դաշնակիցները չեն թողնի այդ իրավիճակը շատ խորանա»:
Երբ լրագրողները ճշտեցին՝ մտավախություն կա՞, որ ՀԱՊԿ-ի այն անդամները, որոնք Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների մեջ են, չաջակցեն՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում: Իհարկե, եթե մի քանի պետություն է ներկայացված, բոլոր պետություններն իրենց շահերն ունեն, իհարկե: Ո՞վ է ասում, որ միանշանակ ընդունվելու է, կա՞ մեկը, որ կարող է նման բան ասի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից