ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը եւ առաջիկա քայլերն ու խնդիրները: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ըստ նույն աղբյուրի, այսօր առավոտյան, ժամը 10:00-ից 10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով եւ հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: ԱԹՍ-ներից մեկն ընկել է ՀՀ տարածքում:
«Անմիջապես մեր կողմից ֆիքսվեց: Բոլոր շարժերը մեր կողմից ֆիքսվում են, չունենք անձնակազմի կորուստներ, չունենք մարդկային ոչ մի կորուստ, տեխնիկայի կորուստներ: Իրավիճակն, ընդհանուր առմամբ, շփման գծում մեր կողմից վերահսկելի է»,-ասաց նախարարության ներկայացուցիչը: Նաեւ նշվեց. «Գիտենք իրենց բոլոր կրակային դիրքերի տեղերը: Եթե հանկարծակի կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք: Հակառակորդի ոտնձգությունը չենք թողնելու»:
Քննարկմանը ներկա ՊՆ պաշտոնյաներից մեկն էլ ասաց՝ «ՀՀ զինված ուժերը, մեր անձնակազմը պատրաստ է ցանկացած վայրկյանի, երբ հակառակորդը փորձի պետական սահմանը խախտել, առկա բոլոր ուժերով կհասնենք հուժկու հարված եւ կկիրառենք նրա նկատմամբ զինանոցում գտնվող բոլոր զենքի տեսակները»:
Կարդացեք նաև
ՊՆ-ից նաեւ հայտնում են, որ արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը եւ ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ