Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին կորոնավիրուսը տնտեսությանն ավելի է վնասում, քան պատերազմական վիճակը. տնտեսագետ

Հոկտեմբեր 27,2020 15:30

Որպեսզի տնտեսությունը կարողանա օգնել ռազմի դաշտին, նույնպես պետք է կարողանա տեմպը մեծացնել, քանի որ ռազմի դաշտում իրադարձությունները արագ են զարգանում: Այսօր այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ «Հոդված 3» ակումբում կազմակերպված առցանց քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, այս պահին այդպես չէ, քանի որ տնտեսությունը կորոնովիրուսի պատճառով արդեն իսկ հարված ստացել էր: Աշոտ Խուրշուդյանի կարծիքով, այս պահին կորոնավիրուսը տնտեսությանն ավելի է վնասում, քան պատերազմական վիճակը. «Մի քանի հազար մարդիկ, որոնք վարակված են, չեն կարողանում աշխատանքի գնալ, գումարած կոնտակտավորները»:

Տնտեսագետի խոսքով, 90-ականների տնտեսության հետ ներկայիս տնտեսությունը համեմատելի չի. «Հիմա լրիվ այլ կառուցվածք ունի, բայց տնտեսությունը նախ՝ պետք է լուծի հոգեբանական խնդիրը, անորոշությունը, մարդկանց սպասողական վիճակը տնտեսական գործունեության մեջ էլ է արգելակ հանդիսացել:

Այսօր մենք տնտեսությունում ունենք ե՛ւ բացասական ե՛ւ դրական չարձանագրված երեւույթներ եւ վիճակագրությանը նայելը սխալ է: Տնտեսությանը ամենամեծ հարցվածը հասցնում է Արցախի տնտեսությունը, որը չի երեւում Հայաստանի տնտեսության վիճակագրության մեջ, բայց այն Հայաստանի տնտեսության օրգանական մասն է՝ հատկապես գյուղատնտեսական հատվածը»:

Քննարկմանը մասնակից տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, որը Արցախյան առաջին պատերազմին տարբեր պաշտոններ է զբաղեցրել, ասաց, որ համեմատությամբ 90-ականների, հիմա տնտեսությունը շատ ավելի բարենպաստ դիրքերում է, քանի որ ունենք կայացած տնտեսություն, բայց պետք է վերանայել առաջնահերթությունները. «Հիմա բոլորովին այլ տնտեսության պայմաններում ենք պատերազմ վարում, բայց դեռ մի քանի տարի պետք է, որ այս պատերազմի հետեւանքների վերացման համար լրջագույն ծախսեր կատարվեն: Տնտեսության զարգացման ողջ տրամաբանությունը առաջնահերթությունը փոխելն է»:

Պարոն Խաչատրյանի խոսքով, թիկունքի աշխատանքը պետք է վերակազմակերպել՝ առողջապահական, նյութամատակարարման հարցերը տեղափոխել հարավ, ինչը ժամանակին պետք է արվեր:

Ըստ նրա, այսօր երկու կարեւոր խնդիր կա՝ ռեսուրսների հայթայթում եւ այդ ամենը ժամանակին հասցնելու ռազմի դաշտ:

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը, որը նաեւ ՀՀ վարչապետի տնտեսական հարցերով խորհրդականն է ասաց՝ ապրիլ ամսից սկսած՝ կես տարի է տնտեսությունը գտնվում է անկման մեջ եւ առանց այս պատերազմի էլ, տարին փակվելու է տնտեսական անկմամբ, որն ուղիղ անդրադարձ է ունենալու բյուջեի եկամուտների վրա. «Բայց բյուջեով նախատեսված պարտադիր ծախսերը կատարվել եւ կատարվում են: Բայց 2021 թվականի բյուջեն ունենալու է այլ կառուցվածք, ծախսերի վերաբաշխման արդյունքում 2021 թվականի բյուջեն ունենալու է այլ տեսք: Պատերազմից հետո էլ, եթե հրադադար կամ խաղաղություն լինի, որոշակի ժամանակ է պետք լինելու, որպեսզի այդ սպասումները փոխվեն դրականի: Ցավոք, պատերազմի ավարտից հետո ակնկալել տնտեսության միանգամից զարթոնք, առավել եւս նոր ներդրումներ՝ հնարավոր չէ: Ակնհայտ է, որ նոր իրականության մեջ ենք ապրելու եւ ակնկալել լուրջ ձեռքբերումներ, որոնք կարող են տնտեսությանը էական հաջողություններ բերել, իհարկե չի լինելու»:

Մեսրոպ Առաքելյանի խոսքով, պետք է հստակ գնահատել իրավիճակը, որ ունենալու ենք վատ տնտեսություն: Սակայն այդ տնտեսության մեջ առաջնահերթությունը պետք է լինի կայունության ամրապնդումը:

«Պետք է կարողանանք ֆիքսել՝ այո ապրում ենք վատ, բայց առանց վայրիվերումների, առաջին հերթին առանց բյուջետային ծախսերի խնդիրների, որպեսզի պատշաճ հնարավորություն լինի սպասարկել այն առաջնահերթ ծախսը, որը որ ունենք»,-ասաց վարչապետի խորհրդականը:

Ամփոփելով՝ պարոն Առաքելյանն ասաց՝ առաջիկայում, պատերազմի ավարտից հետո սոցիալական առաջնահերթությունները կվերափոխվեն. «Լուրջ խնդիր է Արցախից Հայաստանում գտնվող քաղաքացիների կացարանային եւ այլ սոցիալական հարցերը եւ նաեւ Արցախում ենթակառուցվածքների վերականգնումը: Խաղաղության առաջին օրվանից պետք է միտվենք ենթակառուցվածքների վերականգնմանը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031