Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չենք լռելու». «Արցախցի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամները հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

Հոկտեմբեր 27,2020 13:52

«Արցախցի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամներ Լիանա Ադամյանին, Եվա Սաֆարյանին եւ Սիրանույշ Սարգսյանին այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Մեկ ժամ տեւած զրույցից հետո հանդիպմանը մասնակցած կանայք պատմեցին, որ տիկին դեսպանի հետ ունեցել են «ջերմ, մարդկային, կանացի եւ դիվանագիտական զրույց»: Արցախցի կանայք դեսպանին ներկայացրել եւ փոխանցել են իրենց նամակ-պահանջը, որն այս օրերին ներկայացնում են Հայաստանում գտնվող տարբեր դեսպանատների եւ միջազգային կառույցների գրասենյակներ: Պահանջը նույնն է՝ ճանաչել Արցախի անկախությունը, նպաստել պատերազմի դադարեցմանը՝ պատժամիջոցներ կիրառելով, պահանջատիրություն ձեւավորելով իրենց համապատասխան կառույցների ու գլխավոր գրասենյակների օրակարգում:

Տիկին դեսպանի պատասխանները եղել են դիվանագիտական: Նախաձեռնության հեղինակներն այս պահին այլ ակնկալիքներ չունեին էլ:

«Պատասխանները հստակ գիտեինք, բայց սա ևս մեկ առիթ էր իրենց ձայնը բարձրաձայնելու համար. մենք չենք լռելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լիանա Ադամյանը՝ հավելելով, որ հետագա անելիքների համար պետք է ուղղակի համագործակցության ճանապարհներ փնտրել:

Քանի որ տիկին դեսպանը ազգությամբ գերմանացի է, արցախցի կանայք փորձել են նաեւ այդ հարթությունում զրույցը տանել՝ հորդորելով ազդել սեփական երկրի կառավարության վրա՝ թուրքական «Բայրակթար» անօդաչու սարքերի արտադրությունը կասեցնելու համար: Որոշ դետալներ, որոնք օգտագործվում են այդ անօդաչու սարքերի արտադրության մեջ, գերմանական են: Օրինակ են բերել Ավստրիային, Կանադային, որոնք իրենց համար բարդ գնով խզեցին Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը:

Դեսպանի հետ քննարկել են նաեւ Հայաստանում ապաստանած արցախցիներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերը: Արցախցի կանանց գնահատմամբ, մարդասիրական աջակցությունն Արցախին ուղիղ պետք է լինի: Դեսպանն ասել է, որ պատրաստ են նման աջակցություն դրսեւորելու, բայց այդ հարցերը հիմա կարգավորվում են ՀՀ-ի եւ միջազգային կառույցների միջեւ համագործակցության համաձայնագրերով եւ այս պարագայում անհրաժեշտ կլինի, որ ՀՀ-ն հայտարարությամբ հանդես գա:

Նախաձեռնության անդամների հետագա քայլերը կհստակեցվեն՝ կախված արդեն հանձնված նամակ-դիմումների արձագանքներից: Կսպասեն ևս երկու օր եւ կհասկանան, թե ի՞նչ անել հետագայում: Արցախցի կանայք տեղեկացրին նաեւ, որ համավարակի պատճառով քիչ մարդկանց են ներգրավվում ցույցերի, շատերը հիվանդ են եւ չեն կարողանում գալ, շատերն էլ Երեւանում չբնակվելու պատճառով դժվարություններ ունեն ցույցերին մասնակցելու:

«Օրակարգը թելադրում է առաջնագիծը»,- ասում են արցախցի կանայք:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031