Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էրդողանը որոշել է «կռվել՝ մինչեւ վերջին ադրբեջանցին»

Հոկտեմբեր 27,2020 14:00

Հայ զինվորի թիկունքը ամուր պահելու, հակառակորդի նկատմամբ հոգեբանական առավելություն հաստատելու համար միասնություն է անհրաժեշտ

Ուղիղ մեկ ամիս է ռուսաստանյան հեռուստաալիքների լրատվական թողարկումներում, թոք-շոուների ռեպորտաժներում ծավալուն անդրադարձ է կատարվում Թուրքիայի նախագահի՝ գրեթե ամենօրյա ռեժիմով հեռարձակվող ելույթներին, այդ ելույթներից մեծ հատվածներ ցուցադրվում են, վազող տողով ներկայացվում են նրա ելույթների ռուսերեն թարգմանությունը:

Ընդամենը 1 րոպեն էլ բավարար է, նույնիսկ ռուսերենի թարգմանությունը չընթերցելով, հասկանալու համար, որ Թուրքիայի ղեկավարը իրականացնում է իր կայսերապաշտական քաղաքականությունը: Նա ոչ միայն հավակնում է այդ դերին, կամ արդեն մտել է այդ դերի մեջ, այլ արդեն այդ դերն իրականացնում է: Նա շարունակում է ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ԵՄ-ին քննադատել՝ «մատ թափ տալու» ժեստերով, պաթոսով՝ «Թուրքիան է սա, Թուրքիան է սա…»՝ բղավելով ու սպառնալիքների տարափը շարունակելով:

Արցախում ընթացող լայնածավալ պատերազմի 1 ամիսը լրացավ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների փորձերը՝ հումանիտար հրադադար հաստատելու, Թուրքիան տապալեց: Անսպասելի նորությո՞ւն էր սա.. Ո՛չ: Թուրքիան տարիներ շարունակ հրապարակավ դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ նրան մեղադրելով «արդյունքներ չարձանագրելու» մեջ:

Փաստ է արդեն, որ ինչպես ամիսներ առաջ պաշտոնական Անկարան հայտարարեց, թե՝ «ղարաբաղյան հակամարտության կողմ է», այսօր Թուրքիան այդպիսին է դարձել: Ստեղծված իրավիճակում գերտերությունների լուռ համաձայնությա՞մբ, թե՞ նրանց հետ ավելի վաղ կայացած համաձայնության շրջանակներում՝ դա էլ այս պահին արդեն կարեւոր չէ:

Ունենք հետեւյալ իրավիճակը՝ պատերազմը շարունակվելու է այնքան, որ Թուրքիան է դա ցանկանում: Թուրքիային կանգնեցնող միակ պետությունն այս պահին Ռուսաստանն է: Հետեւաբար, Ռուսաստանն ու Թուրքիան կարող են պայմանավորվել: Պատերազմի մեկնարկից պատահական չէ, որ Մոսկվան ակտիվ հեռախոսազանգեր է ունենում Թուրքիայի իշխանությունների հետ: Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նա օրվա մեջ մի քանի անգամ քննարկում է իրավիճակը Հայաստանի իշխանությունների հետ: Հայաստանի իշխանությունների կողմից ճկուն աշխատանքը դիվանագիտական ճակատում Ռուսաստանի հետ նույնքան կարեւոր է, որքան բանակը զինելու, ռեսուրսներ հայթայթելու ու հայ ժողովրդին մոբիլիզացնելու աշխատանքը:

Ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ Ադրբեջանի հոգեբանական առավելությունը՝ հայկական կողմի նկատմամբ: Ադրբեջանում դրան, ինչպես երեւում է, լավ նախապատրաստվել էին: Դա միակ բանն է, որ նրանց մոտ հաջողվում է՝ ստով, կեղծիքով սնել սեփական ժողովրդին:

Ում համար պարզ չէ, որ եթե Ադրբեջանում այս մեկ ամսվա ընթացքում ամեն օր հայտնեին ադրբեջանցի զինվորների զոհերի ու կորուստների մասին՝ հնարավոր է Ադրբեջանից մի քանի օրում ոչինչ չմնար: Հետեւաբար, ադրբեջանական քարոզչամեքենան աշխատում է ոչ միայն հայկական հասարակական մթնոլորտի վրա ազդելու համար, եթե կուզեք՝ առավելապես աշխատում  է ադրբեջանական հասարակական միասնությունը պահպանելու, իսկ ավելի ճիշտ՝ Ալիեւի իշխանությունը չսասանելու համար:

Ուղիղ մեկ ամիս մեր զինվորները հերոսական պայքար են մղում Արցախում: Պատերազմը հնարավոր է երկար տեւի, թվա նույնիսկ մաշող ու քայքայող: Բայց չպետք է մոռանալ, որ նույն բարդությունն ու ծանրությունը նաեւ թշնամու ճակատում է ու իշխանության կորստից սարսափած Ալիեւի գլխում:

Կարծում եք Էրդողանն ու Ալիեւը նախատեսե՞լ էին, որ հայկական հերոսական դիմադրությունը կարող է մեկ ամիս ձգվել…

Վստահաբար՝ ոչ, նրանք հավանաբար կարծում էին, թե 2-3 օրում «ծնկի են բերելու հայերին»: Եթե այդպես չհամարեին՝ ռուսական հեռուստաեթերից չէինք լսի Ալիեւի ջղաձիգ, ՄԳԻՄՕ ավարտածին ու նույն հաստատությունում դասավանդածին ոչ հարիր, անմակարդակ ելույթներից հատվածներ: Ալիևը որքան էլ հարցազրույցներ տա օտարերկրյա մամուլին, ելույթներ ունենա ու ներկայացնի պատերազմի «հաղթական ընթացքը», բոլորի համար պարզ է, որ Ալիեւն արդեն ոչինչ չի որոշում, Ալիեւի փոխարեն որոշում է Էրդողանը: Ալիեւը միայն ապահովում է իր երկրի քաղաքացիների համար անհրաժեշտ քարոզչական դաշտը:

Իսկ Էրդողանը որոշել է գնալ մինչեւ վերջ, իսկ դա նշանակում է նաեւ՝ «կռվել մինչեւ վերջին ադրբեջանցին»: Սա ռուսաստանցի քաղաքագետ Եվգենի Սատանովսկու բնորոշումն է, որը նա վերջերս իր ելույթներում, հոդվածներում մի քանի անգամ տվել է՝ վերլուծելով Էրդողանի նպատակները:

Հայաստանի իշխանությունների հակաքայլերը պետք է արագ լինեն Ռուսաստանի իշխանությունների հետ տարվող աշխատանքում: Միջազգային հանրությունից շարունակ hնչող՝ «կողմերի կոչ ենք անում դադարեցնել կրակը», «նստել բանակցությունների սեղանի շուրջ» հայտարարություններով ոչինչ չփոխվեց մեկ ամիս, սրանից հետո էլ, ուրեմն, հազիվ թե փոխվի:

Հայաստանի իշխանությունները պետք է արագ որոշումներ կայացնեն՝ երկրի ներսում բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու, միասնաբար՝ հայ զինվորի թիկունքը ամուր պահելու նպատակով: Հուժկու հարված հակառակորդին, բոլոր առումներով, միայն այդպես է հնարավոր:

Այսօր հոկտեմբերի 27-ն է: Վազգեն Սարգսյանը մեզ հետ չէ, բայց բոլորը գիտեն, թե նա ինչ կասեր ու ինչպես կվարվեր, եթե ողջ լիներ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարում՝ Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը զինվորականների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031