Այսօր ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի դաժան ոճրագործության զոհերի հիշատակին:
Ոճրագործության զոհ դարձած Արմենակ Արմենակյանի կինը՝ Արմինե Արմենակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչ այսօր առեղծված է Արմենակ Արմենակյանի սպանության վարկածը. «Արմենակ Արմենակյանը, լինելով միջանցքում` չէր կարող ինքը հանգիստ նստել՝ լսելով կրակոցները, ինքը այնտեղ չի եղել: Իրական վարկածներ կան, որ ինքը եղել է ճաշարանում, ես չգիտեմ` ինչպես է եղել: Բացի այդ 5 հոգուց, եղել են նաեւ այլ մարդիկ, որոնք կարողացել են…Ասում են՝ ինքը տեսել է: Արմենակ Արմենակյանը վրեժխնդիր կլիներ, կարելի է ասել, միգուցե ծրագրի մեջ չի եղել, վախից են սպանել»:
Արմենակ Արմենակյանի կինն ասաց, որ դիմել են կառավարությանը, որ վերաբացվի Հոկտեմբերի 27-ի գործը. «Հենց իրենց (նկատի ունի Նաիրի Հունանյանին,- Հ. Ջ.) պետք չէր դա: Պետք է վերաբացվի գործը, կարողանանք ի վերջո հասկանալ, թե ովքեր են կանգնած թիկունքում եւ ում նախաձեռնությամբ էր այդ ամեն ինչը կատարվում: Կառավարությունից ասել են՝ համբերեք, սպասեք, կլինի վերաբացում: Կոնկրետ ես գիտեմ, որ Հոկտեմբերի 27-ը եղել է, տեղի է ունեցել, բայց ինչպես է հայտնվել այդքան զենք-զինամթերք, ինչպես են կարողացել անարգել մտնել: Այդ ամենը առեղծված է եւ նույնիսկ Արմենակ Արմենակյանի սպանությունը մինչ այսօր առեղծված է: Մարդասպանները միգուցե եւ կենդանի են, որովհետեւ կոնկրետ Արմենակ Արմենակյանի պահով բոլորը հերքեցին, ասացին՝ ես չեմ սպանել, մյուսներն ասացին՝ ես չեմ սպանել, այդ դեպքում ո՞վ սպանեց Արմենակ Արմենակյանին»:
Տիկին Արմենակյանը ափսոսանք է հայտնում, որ մեր լավագույն պետական գործիչները, որոնք այսօր մեզ շատ էին պետք, թրծված էին պատերազմական գործողություններում, այլեւս չկան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ