«Ունենք պետական դավաճանության, լրտեսության դեպքեր, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման դեպքեր, իրականացնում են աշխատանքներ հսկիչ անցակետերի, կիբերհանցագործության ուղղություններով»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:
Նա տեղեկացրեց՝ ԱԱԾ-ն 24-ժամյա գրաֆիկով իրականացնում է իր վրա դրված պարտականությունները՝ արտաքին հետախուզության, ռազմական հակահետախուզության և այլ ոլորտներում: Նա հայտնեց. «Սեպտեմբերի 27-ից մինչ օրս ԱԱԾ-ում գործում է թեժ գիծ, որին ստացվել են 1551 ահազանգեր, որոնք հիմնականում վերաբերվում են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև ֆեյսբուքյան էջերին հասցեագրվել է 2300 նամակ-հաղորդում. բոլորը մեր կողմից ուսումնասիրվել են»:
Արտաքին հետախուզության աշխատանքների հետ կապված հայտնեց. «Ադրբեջանի ուղղությամբ իրականացվող վերլուծական աշխատանքների ընթացքում արձանագրվել են մարտական գործողություններին մասնակցող արաբ գրոհայինների զրույցները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական գոտում տեղակայված մի շարք վարձկան գրոհայինների անձնական տվյալներ»:
Խոսելով երկրի ներսում կատարված հանցագործությունների մասին՝ Արմեն Աբազյանն ասաց. «Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորականի հակառակորդի կողմից հավաքագրվելու դեպք, որի արդյունքում տվյալ բարձրաստիճան պաշտոնատար զինվորականը տարբեր զորամասերից հավաքագրել է տարբեր տեղեկություններ, նաև գաղտնիք պարունակող և փոխանցել հակառակորդին: Մյուս դեպքում օտարերկրյա քաղաքացիներից ձեռք են բերել տվյալներ ՀՀ-ում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտի շարժի, այդ թվում այլ բնույթի տեղեկություններ: Երկու դեպքերով էլ ԱԱԾ-ում հարուցվել են քրեական գործեր համապատասխան հոդվածների հատկանիշներով: Զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման ուղղությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Ն.Մ-ն սեպտեմբերի 27-ից Արցախում և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում տարածել է կեղծ ու ստահոդ լուրեր ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ տվյալ անձը ձերբակալվել է, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը»:
Կարդացեք նաև
Արմեն Աբազյանը տեղեկացրեց՝ ԱԱԾ-ն մեծածավալ աշխատանքներ է իրականացնում նաև ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերում. «ՊՆ նախարարի, ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի, ռազմական ոստիկանության համատեղ հրամանների համաձայն՝ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղադրվել են տասից ավելի անցակետեր, որտեղ ԱԱԾ շուրջօրյա աշխատանքներ է իրականացնում բացահայտելու օտարերկրյա հնարավոր լրտեսների և դիվերսիոն խմբերի ներթափանցումը ՀՀ: Արձանագրվել և բացահայտվել են զենք-զինամթերքի ՀՀ տեղափոխման մի շարք դեպքեր, որի ուղղությամբ ոստիկանության հետ համատեղ իրականացվում են համապատասխան աշխատանքներ»:
ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց՝ աննախադեպ աճել է պետական համակարգերի կայքերի վրա հարձակումների թիվը: Նա հայտնեց՝ ԱԱԾ կողմից իրականացվել են տեղեկատվական տիրույթի պաշտպանության աշխատանքներ: Սեպտեմբերի 27-ից մինչև օրս կիբերհարձակումների 692.000 դեպք է գրանցվել: Արմեն Ավազյանը նշեց, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը ներգրավված են պատերազմական գործողություններին ու ասաց. «Ունենք 37 զոհ, չորս անհետ կորածներ և 243 վիրավոր»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ