Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաշտի հրամանատարներից մեկն է զանգել պատգամավորին ու ասել, որ ցախ կտրելու համար նյութեր են նախապատրաստվել». Արկադի Խաչատրյան

Հոկտեմբեր 27,2020 12:47

ԱԺ նիստում այսօր ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ ասելով. «Վերջերս Ճամբարակից տեղեկություն եղավ, որ ռազմական դրության ժամանակ՝ ցուրտ եղանակին, վաշտի հրամանատարը հանձնարարել է ցախ բերել: Զինվորները Տավուշի մարզի անտառներից ամենայն հավանականությամբ ծառ են կտրել: Անտառտնտեսությունը նկատել է, արձանագրել, եւ հարուցվել է քրեական գործ: Ցախն առգրավվել է, ըստ տեղեկությունների՝ մոտ 6 խորանարդ մետր: Առգրավվել են նաեւ մեքենաները, ինչի պատճառով տղաները զրկվել են տաքանալուց եւ տեղաշարժվելուց»:

Արկադի Խաչատրյանին արձագանքեց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պետաիրավական հացերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Խոսել եմ քննչական կոմիտեի նախագահի հետ: Հստակ ասեմ, որ նյութերն ուսումնասիրվել են եւ քրեական գործի հարուցումը մերժվել է: Այսինքն, նման դեպք չունենք»,-նշեց Վարդանյանը:

Նա դիմեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավորին. «Պարոն Խաչատրյան, հաշվի առնելով մեր համագործակցությունը՝ խնդրում եմ ցանկացած նման հարցի առկայության դեպքում ապատեղեկատվությունից խուսափելու համար դիմել ինձ, եւ կփորձեմ պատասխանել պետաիրավական բլոկին վերաբերող ցանկացած հարցի: Չափազանց կարեւոր է զերծ մնալ ցանկացած չճշտված տեղեկություն տարածելուց: Հիշեք՝ համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ որեւէ երկիր ռազմական հանցագործություններով հաջողության չի հասել: Ադրբեջանի ռազմական հանցագործությունների քանակը հանգեցնելու է լիակատար պարտության: Ադրբեջանի ղեկավարությունն անձնական պատասխանատվություն է կրելու նման դեպքերի համար»:

Արկադի Խաչատրյանն իր հերթին հավելեց. «Որպեսզի թյուրընկալում չլինի, լրացուցիչ տեղեկացնեմ. ահազանգը եղել է Ճամբարակի վաշտի հրամանատարներից մեկից, ով զանգել է պատգամավորներից մեկին ու տեղեկացրել, որ ցախը կտրելու արդյունքում նյութեր են նախապատրաստվել, մարդկանց են հրավիրել եւ իրենց ասել քրեական գործ հարուցելու մասին: Տեղեկությունն այդտեղից է: Հասկանալի է, որ քրեական գործի հարուցումը նախապատրաստելու համար ժամանակ է պետք: Շատ ուրախ եմ, որ այս օրերին որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը: Սակայն, որքանով հասկացա, այս պահին քննարկվում է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031