Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ չէր, սմերչ չէր, մաղեցին». ֆոտոլրագրողին հաջողվել է ողջ մնալ ու պատմել կատարվածը

Հոկտեմբեր 27,2020 12:26

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Սերգեյ Չամանյանը Արցախում զրուցել է ֆոտոլրագրող, ֆոտոդոկումենտալիստ, նկարիչ Արեգ Բալայանի հետ։

Սերգեյ Չամանյան-Մարտունիում լրագրողների վիրավորման ժամանակ Դուք եղել եք որպես վկա։ Կարո՞ղ եք մանրամասներ պատմել։

Արեգ Բալայան-Ստեփանակերտից դուրս ենք եկել 5 հոգով՝ ես, մեր Խանեն, 3 միջազգային լրագրող։ Ճանապարհին զանգեց մեր ընկերը՝ Սևակը, հարցրեց՝ ուր ենք գնում, որ միանա։ Արդեն «Կռասնի» էինք հասնում, հասավ մեզ, Մարտունի միասին ենք մտել։ Այդպես, լրագրող տղաներից մեկը տեղափոխվեց իր մեքենան։

Սերգեյ Չամանյան-Ո՞վ նստեց իր մեքենան։

Արեգ Բալայան-Պաբլոն։ Պաբլոն էր, Ժենյան էր «Էխո Մոսկվի»-ից և Ռեժիսը, որը Վրաստանում է ապրում, բայց էլի ֆրանսիական պարբերականի համար էր գրում։ Ժենյան ասաց, որ ինքն ու Le Monde-ը տարբեր քաղաքական թևերի համար էին գրում, բայց, ամեն դեպքում, կոլեգաներ էին։ Դեպքից անմիջապես հետո, Ռեժիսը իմ հեռախոսը վերցրեց, զանգեց Ֆրանսիա, իրենց խմբագրությանն ասաց, որ այդպիսի դեպք է եղել, շուտ կապվեն, այդ պատճառով գիտեմ։ Այդպես, գնացինք Մարտունի՝ քաղաքապետարան, քաղաքապետի հանձնարարականով փոխքաղաքապետը մեզ միացավ՝ որպես ուղեկցող, որպեսզի տեղերը ցույց տար։ Իջանք, ներքևում մի տուն կար, դա նկարեցինք․ մի պապիկի տուն էր, որին հենց առաջին օրն էին խփել։ Այդ տունը նկարելու ժամանակ, ֆրանսիացիները եկան, ես չէի ճանաչում իրենց։ Ի դեպ, երբ քաղաքապետարանում էինք, շատ մարդիկ կային հավաքված, լրագրողների մի քանի խմբեր։ Իրենց ուղեկցորդին տեսա․ Երևանից աղջիկ էր, կարծեմ՝ Հերմինե էր անունը։ Իրենք եկան այդ պապիկի տուն, նկարեցին, հետո՝ ճանապարհվեցին, մենք էլ նկարեցինք, դուրս եկանք,գնացինք երկրորդ տունը։ Ազնավուրն ասաց, որ այդտեղ անվտանգ է, կարող ենք նկարել։ Մյուսը, որ հաջորդիվ պիտի գնայինք վտանգավոր էր, քանի որ էլի էին խփել։ Այդպես մեքենաները ավելի հեռու թողեցինք, ոտքով բարձրացանք վերև, երևի՝ 4-5 կադր էի հասցրել նկարել, սկսեց, ես ու Պաբլոն տան բակ էինք մտել, մնացյալ բոլորը դրսում էին․ Սևակը, Ռեժիզը, Ժենյան, Ազնավուրը ու Խանեն՝ պարսպից դուրս էին։ Դըմփոցը, որ լսվեց, առաջինից հետո, որ երկրորդը լսվեց, ես հասկացա, որ գրադ է, քանի որ առաջին՝ Արցախյան պատերազմին էլ եղել եմ, ծանոթ բան էր։ Բակում ամբար կար, տանիքը ավերվել էր, չորս պատ կար միայն, արագ մտա, կուչ եկա պատի տակ։ Վերջին «սնարյադը» շատ մոտ ընկավ։ Մի քանի վայրկյան լռությունից հետո, մի ամբողջ զարկ խփեցին։ «Խանե-Խանե» գոռալով՝ դուրս եկա։ Խանեն վազել էր, սնարյադից փախչելով, ոտքը դիպել էր քարին, ընկել էր, ինքն էլ այդպես էր փրկվել։ Ես պատի ետևում էի, ինքն էլ խաչմերուկի վրա։ Դուրս եկանք, ստուգեցի, տեսա՝ բոլորն անվնաս են, հանգստացա։ Վերևից ձայներ լսեցինք, վազեցինք։ Սևակն էլ մինչ մեքենան կբերեր, մի քանի լուսանկար արեցի։ Ալանը խաչմերուկի վրա հենց գետնին պառկած էր, Ռաֆայելն էլ կողքին՝ ծառի մոտ էր նստած։ Ձեռքով ցույց տվեց, ասաց՝ այն կողմ վազեք։ Սևակն էլ հասավ, տղաներով Ալանին մեքենան դրեցինք, Պաբլոյին էլ ասացի՝ նստի մեքենան, որպեսզի Ալանի գլուխը դներ ոտքերին։ Ոտքը ջարդված էր, կրծքի վրա կտրվածք կար, որովայնն էր արնահոսում, երեսն էլ արյան մեջ էր։

Սերգեյ Չամանյան-Այսինքն, բազմաթիվ բեկորային վնասվածքնե՞ր էին։

Արեգ Բալայան-Այո։ Ռաֆայելն էլ ասաց, որ լավ է, ոտքն էր վնասել։ Սևակը մեքենայով իջավ։ Խանեին էլ այլ մեքենայով ճանապարհեցինք։ Բոլորս անորոշ վիճակի մեջ էինք։ Իրենց սպիտակ մեքենան էլ իրենց աղջկա հետ գնաց։ Մնացինք ես, Ժենյան ու Ռեժիսը։ Մենք էլ շարժվեցինք։ Սևակը զանգեց ասաց, որ հիվանդանոց են հասցրել, իրենք բարձրանում են վարչակազմ։ Վարեցի մինչև վարչակազմ, ճանապարհին կանգնեցի, տեսա քարուքանդ վայրերը, որոշեցի մի քանի լուսանկար անել։ Նկարելիս քաղաքացիական բնակիչ գտա՝ զոհված, գանգն ամբողջությամբ կիսված էր։ Մոտակայքում ոստիկաններ կային գոռացի, որ մարդ կա վիրավոր, ինձ թվաց ինքն էլ ոստիկան էր՝ հագուստը նման էր։ Ոստիկանները վազեցին, ես էլ նստեցի մեքենան, գնացի վարչակազմ, այդ ուղղությամբ էլ վիճակը բարվոք չէր։ Ողջ ճանապարհին էլեկտրական լարեր էին ընկած, փաստորեն, մի փոքր քաղաքի 6 թաղամասի մակերեսի չափ տուժել էր։ Դրանից հետո, գնացինք մի քանի տեղ էլ նայեցինք, զանգեցինք, իմացանք՝ որ հիվանդանոցում են, գնացինք հիվանդանոց։ Այսինքն, վարչակազմ էլ չմտանք, բայց պարզվեց, որ այնտեղ էլ էին խփել, Երևանից 2 լրագրող թեթև վիրավորում էին ստացել․ օպերատոր և լրագրող։ Մեր Անժելան էր այնտեղ եղել, տղաներից մեկը փորձել էր իրեն քաշել, այդպես էլ վիրավորվել էր։ Հասանք հիվանդանոց, Ալանն արդեն պառկած էր՝ վիրակապած։ Ռաֆայելի մի քիչ ուշքի եկավ, իրենց աղջիկը տեսախցիկը բերեց, որպեսզի ստուգեր աշխատում է, թե՝ ոչ, վնասվել էր։ Ռաֆայելի հետ խոսեցինք, իրեն վիրակապել էին, Ալանին ուղարկեցին Ստեփանակերտ։ Հետո էլի տագնապ եղավ։ Մի քանի ժամ ստիպված մնացինք հիվանդանոցի նկուղում։ Սկսեցին զոհվածներին բերել, վիրավորներին, մոտավորապես մի ժամ հետո մի տղա հայտնվեց, ասաց՝ եղբայրն իրենց հետ է եղել, չկա, զանգում է՝ չի վերցնում, տեղը բացատրեցինք, Ազնավուրն ասաց, որ տեսել է, հանգիստ լինի։ Մի ժամից տղաների խումբ եկավ, ասացին՝ չկա։ Դեպքի վայրը մանրամասն բացատրել էին, փնտրել էին, եկան, ասացին, որ գտել են, երկաթների տակ էր մնացել, փաստորեն՝ զոհվեց այդ տղան։ Մենք չգիտեինք իր մասին, ծանոթ չէինք իրենց կազմին, ով աչքներիս առաջ եղել էր, տարել էինք հիվանդանոց։

Սերգեյ Չամանյան-Որոշ վկաներ ասում են, որ տպավորությունն այն էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հատուկ լրագրողներին է թիրախավորել, քանի որ դա հատուկ ծրագրված press tour էր։

Արեգ Բալայան-Շատ հնարավոր է, որովհետև այնտեղ, որտեղ մենք էինք հավաքված, հենց այդ հատվածին խփեցին։ Մի հատ չէր, սմերչ չէր, մաղեցին։ Ես, իրոք, չգիտեմ, թե ինչպես ենք մենք ողջ մնացել։ Մեր կազմը 7 հոգի էր՝ ուղեկցորդի հետ միասին, ոչ մեկիս ոչինչ չէր եղել։ Ես փոշու ու ծխի միջից եմ դուրս եկել։ Իմիջիայլոց, այդ երեկո ադրբեջանցի փոխնախարարներից մեկը հայտարարեց, թե քանի որ լրագրողները առանց թույլտվության մտել են Ադրբեջանի տարածք, մենք պատասխանատվություն չենք կրում իրենց համար։

Սերգեյ Չամանյան-Իրենք հայտարարել էին, որ Արցախի կառավարությունը միտումնավոր է ուղարկում լրագրողներին՝ իմանալով որ այդ վայրերը ռմբակոծվում են։

Արեգ Բալայան-Կրետին են։

Սերգեյ Չամանյան-Շուշիի դեպքից որևէ բան կարո՞ղ եք ասել։

Արեգ Բալայան-Շուշի էինք բարձրանում, ճանապարհին գմփաց, ինձ թվաց քաղաքին են խփում։ Կանգնեցի, տեսնեմ, եթե խփում են, հասցնեմ նկարել, երկրորդ հարված չեղավ։ Շարունակեցինք ճամփան, պարզվեց՝ եկեղեցուն են խփել։ Մենք, որ հասանք, երկու կին երեխաների հետ կողքի շենքի նկուղում էին, Տեր-Անդրեասն էր այնտեղ, խոսեցինք, պատմեց, որ խփել են եկեղեցուն։ Այդ մարդկանց նկարեցի, եկեղեցին նկարեցի, իջանք, այդտեղ նստեցինք, որ այդտեղից նկարներն ուղարկեմ, կապը շատ վատն էր, չկարողացա ուղարկել։ Իջանք այլ տեղից ուղարկեցինք։ Հետո մի հատ էլ խփեցին, այսինքն երկրորդ անգամ, որ խփեցին, մենք այնտեղ չէինք։ Ես որ այնտեղ էի, այնտեղ այլ մարդ չկար։ Ինձնից առաջ մի տեղացի լուսանկարիչ էր, իրենք գնացին, մենք նկարեցինք, գնացինք։

Սերգեյ Չամանյան-Փորձագետներն ասում են, որ Շուշիի եկեղեցու հարվածը եղել է կառավարվող զենքով։ Այսինքն, կոնկրետ նույն տեղին են հարվածել՝ երկու անգամ։ Քանի որ լրագրողների վարկածն էլ նույնն է, կարելի՞ է պատճառահետևանքային կապ ստեղծել ու հասկանալ, որ, իմանալով, որ այնտեղ լինելու են լրագրողներ, երկրորդ հարվածով հատուկ թիրախավորել են լրագրողներին։

Արեգ Բալայան-Նման ենթադրություն կարելի է անել, քանի որ առաջին դեպքը չէ, էլի են եղել։ Մարտակերտ լրագրողներ են ուղարկել «Մերսեդես սպրինտեր» մեքենայով, ընկել են կրակահերթի տակ։ Երկու օր առաջ էլ, գնացել էին Մարտունի, չէին կարողացել հետ գալ, ընկել էին կրակահերթի տակ, Հադրութում, ընդհանրապես, կրակել էին իրենց ուղղությամբ։ Այնպես որ, որպես ենթադրություն, հնարավոր է։ Ես չգիտեմ, թե որն է իրենց շահը նման բան անելու, բայց որ նման գործողությունը կրկնվում է, ու որոշակի օրինաչափության մեջ տեղավորվում է, փաստ է։ Անգամ Մարտունու դեպքից հետո լրագրողի տարբերանշանը հանել եմ, քանի որ այդ կասկածը կար, որ գուցե հենց լրագրողներին են թիրախավորում։

Սերգեյ Չամանյան-Մինչ Մարտունու դեպքերը Ադրբեջանում օտարերկրյա լրագրողների մուտքը՝ բացառությամբ Թուրքիայից, արգելված էր։ Մարտունու դեպքից հետո իրենք թույլ տվեցին 3 ԶԼՄ-ի մտնել Ադրբեջան, սակայն չմոտենալ առաջնագծին։ Որպես Հայաստանում լավագույններից մեկը՝ «պատերազմական լրագրության» ասպարեզում, ի՞նչ եք կարծում, եթե արգելում ես քո երկիր մտնել լրագրողի, որը քեզնից կախված չէ, անկախ լրագրող է, տեսնում ես, որ մյուս երկիր մուտք գործած անկախ լրագրողները տարածում են ինֆորմացիա, որ դու գնդակոծում ես, սպանում ես քաղաքացիներին, ոչ թե՝ զինվորներին, ավիրում ես, կարծիք կա, որ դա լռեցնելու ձև էր։

Արեգ Բալայան-Դա վախեցնելու տարբերակ կարող էր լինել, որովհետև դրանից հետո, ըստ էության, պակասեցին։ Բայց միայն դա չէր պատճառը, լրագրողների անվտանգության խնդիր առաջացավ, այստեղից ուղարկողների համար էլ երաշխիք չկար։ Գնացել էինք Մարտունի քաղաք, որ պետք է որ խաղաղ լիներ, ոչինչ չէր եղել մի քանի օր, մեկ էլ թափեց մեր գլխին, ուրիշներին Մարտակերտ ուղարկեցին, թափեց գլխներին։ Այստեղի ուղարկողներն էլ արդեն վախենում էին մարդ ուղարկել, գուցե, դա էլ էին հաշվի առել։

Սերգեյ Չամանյան-Այսինքն, այդ դեպքից հետո լրագրողների մեծ արտահոսքը Գորիս, որտեղ HUB են սարքել, կարելի՞ է կապել դրա հետ։

-Կարելի է։

-Շնորհակալություն։

Հատուկ շնորհակալություն Արեգ Բալայանին և Պաբլո Գոնսալեսին՝ տրամադրած տեսանյութերի և լուսանկարների համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031