«Ժամանակ»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
– Կա տեսակետ, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կապված էր հենց արցախյան հարցի հանգուցալուծման՝ մասնավորապես Մեղրիի տարբերակի հետ։ Արդյոք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։
– Ո չ թե կիսում եմ, այլ առաջիններից մեկն եմ, ով այդ մասին խոսել ու գրել է: Ես այս պատերազմի առաջին իսկ օրվանից ասել եմ, որ այսօր պատերազմի միջոցով փորձ է արվում լուծել ճիշտ այն նույն հարցը՝ Նախիջևանը Ադրբեջանին միացնելու և մեզ Իրանի հետ ընդհանուր սահմանից զրկելու, լիակատար շրջափակման մեջ վերցնելու հարցը, որը բաց մնաց, փաստորեն այդպես էլ չմերժվեց այն ժամանակ հենց Հոկտեմբերի 27-ի իրականացման շնորհիվ: Հոկտեմբերի 27-ը հենց դրա համար էր կազմակերպվել, որ հարցը չփակվի մինչև այսօր և այսօր փորձ արվի արդեն այլ՝ լայնածավալ պատերազմի միջոցով հարցին լուծում տալ ու Իրանի հետ մեր սահմանը վերցնել վերահսկողության տակ: Որովհետև մեր նախընտրական ցուցակը ղեկավարող Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, ում մերձավոր զինակիցը պատիվ ունեի ես լինելու, կտրականապես դեմ էին Մեղրին փոխանակելու հայտնի ծրագրին, որը դեռ 90-ականներին փորձագիտական մակարդակով քննարկվում էր, իսկ 90-ականների վերջում դրվեց քաղաքական օրակարգում և մահաբեր կրակոցների շնորհիվ այդպես էլ չմերժվեց, մնաց առկախ մինչև մեր օրեր: Մնաց՝ առաջացնելով ոսոխի մեջ հույսեր, որ այն հնարավոր կլինի Հայաստանին պարտադրել պատերազմի միջոցով։
– Երևի հիմա այնքան էլ պատեհ պահ չէ խոսել Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին, քանի որ երկիրը կռվում է արտաքին թշնամու դեմ։ Պատերազմի ավարտից հետո արդյոք կարծո՞ւմ եք, որ մեր անելիքների առաջին հորիզոնականում այդ ոճրագործության բացահայտումը պետք է լինի։
Կարդացեք նաև
– Համաձայն եմ, որ այսօր պետք է ուժերը լարել մեկ ուղղությամբ՝ հաղթելու և հաղթական խաղաղության հասնելու ուղղությամբ: Սակայն պատերազմի ավարտից հետո մենք պարտավոր ենք հրատապ կարգով պատասխանել այն բոլոր հարցերին, որոնց անտեսումը, որոնց անպատասխան մնալը պարարտ հող ստեղծեց այս պատերազմի բռնկման համար:
Այդ հարցերի շարքում է նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լիակատար և սպառիչ բացահայտումը՝ այդ ոճրագործության իմ կողմից այստեղ մատնանշված աշխարհաքաղաքական ծալքերով հանդերձ: Պետք է բացահայտվեն Նաիրի Հունանյանի բոլոր գործակալական կապերը, Ղրիմում գործունեություն ծավալելու, սերժսարգսյանական ԱԱՆ-ի հանձնարարությամբ Թուրքիա այցելելու բոլոր հանգամանքներն ու նպատակները: Համոզված եմ, որ դրա շնորհիվ մենք ոչ միայն կհասնենք Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը, այլ նաև ավելի լավ և ամբողջականորեն կհասկանանք մեր դեմ այժմ շարունակվող թուրքական ագրեսիայի շարժառիթները:
Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: