Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե աշխարհը խելքը գլուխը չհավաքի…

Հոկտեմբեր 27,2020 10:00

Այս տարվա գարնանից մեր բնականոն կյանքը խախտվեց սկզբից կորոնավիրուսով, իսկ այնուհետեւ՝ պատերազմով: Առաջին արհավիրքը ակնհայտորեն վերաբերում է ողջ աշխարհին: Երկրորդը, կարծես թե, միայն մեզ է պատահել եւ աշխարհի տեսանկյունից կրում է «լոկալ» բնույթ: Բայց դա խաբկանք է, որովհետեւ այս պատերազմը կարեւոր ցուցիչ է այն տագնապալի գործընթացների, որոնք տեղի են ունենում աշխարհում: Դա հասկանալու համար փորձենք պատասխանել մի պարզ հարցի՝ ինչո՞ւ չի հաջողվում կանգնեցնել այս պատերազմը: Պարզ է, որ այն մեզ բացարձակապես պետք չէ. Հայաստանի եւ Արցախի քաղաքացիները ընդամենն ուզում են խաղաղ ապրել: Ինձ ոչ ոք չի համոզի, որ շարքային ադրբեջանցիներն իրենց կյանքի իմաստը տեսնում են «տարածքային ամբողջականության» մեջ: Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն անկեղծորեն ցանկանում են վերջ տալ արյունահեղությանը, եւ իրենց պետական շահերի շրջանակներում քայլեր են ձեռնարկում՝ հրադադար հաստատելու համար: Իրանը նույնպես ոչ մի շահագրգռություն չունի, որ իր սահմաններին մարտեր ընթանան:

Մնում է միայն Թուրքիան եւ դրա ղեկավար Էրդողանը (իր խամաճիկ Ալիեւի հետ միասին)՝ իր ծրագրերով եւ ամբիցիաներով. սա է, կարծես թե, ամենաշահագրգիռ կողմը՝ պատերազմը շարունակելու առումով: Էրդողանը կարողանում է հեշտությամբ հակադրվել եւ երբեմն նաեւ կոպտել համաշխարհային լիդերներին՝ նաեւ օգտվելով նրանց հակասություններից: Գերտերություններն ի վիճակի չեն միջոցներ գտնել, որ պատերազմը դադարի: Ինչի՞ մասին է դա խոսում: Մեծ հաշվով, դա խոսում է համաշխարհային ճգնաժամի մասին՝ այն մասին, որ աշխարհում այլեւս չի գործում անվտանգության համակարգը, որը կարող է զսպել պատերազմը: Համաշխարհային աշխարհակարգն, իհարկե, նոր չի փլուզվել՝ դրա նախանշանները երեւում էին, մասնավորապես, այն ժամանակ, երբ «կազմաքանդվեցին» Իրաքը, Լիբիան, Սիրիան՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այս պատերազմը դրա շարունակությունն է, իսկ վաղը, եթե աշխարհը խելքը գլուխը չհավաքի, մոլորակի մեկ այլ անկյունում կբռնկվի ավելի սարսափելի պատերազմ: Անպայման կհայտնվի մեկ այլ «Էրդողան» եւ, շատ հնարավոր է, երկրագունդը կործանելու գերհզոր զենքով:

Մենք՝ հայերս, մեզ կկարողանանք պաշտպանել, կշարունակենք ապրել մեր հողում, կունենանք մեր պետականությունը: Բայց ընդհանուր առմամբ աշխարհը դարձել է չափազանց փխրուն ու պայթյունավտանգ, եւ, վստահ եմ, որ անհրաժեշտություն է առաջացել մշակել խաղի նոր կանոններ, որոշակի «թարմացված» սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքներում նավթի եւ գազի խողովակները, «ազդեցության գոտիների» համար մրցելը, ինչպես նաեւ թանկարժեք ու մահաբեր զենք իրար վրա վաճառելը չպիտի կենտրոնական դեր խաղա: Հիմա այդ բոլոր խաղերը «պրագմատիզմ» եւ «ռեալ-պոլիտիկ» են թվում: Բայց վաղը, երբ Էրդողանի նման մի մոլագար որոշի աշխարհը պայթեցնել, խողովակները եւ զենքերն այլեւս ոչ մեկին պետք չեն գա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, եւ դեռ այլուր, աշխարհը «գլուխը չհաւաքեց», ինչո՞ւ կը կարծէք թէ Հայաստանի համար գլուխը պիտի հաւաքէ: Քանի որ աշխարհին պո՞րտն ենք մենք… Դա այդպէս է, միայն մեզի համար:

    Ռուսաստանէն եւ Իրանէն զատ, լաւագոյն պարագային՝ ուրիշ ոչ մի երկիր չի խառնուիր Թուրքիայի գործերին, չի խանգարեր նրա ծրագիրների գործադրումը: Մինչ ոմանք ալ, զորս տակաւին Հայաստանում ու արեւմտեան Սփիւռքում կարգ մը հայեր կը կարծեն թէ հայերին շատ են սիրում, նուազագոյնը՝ «առարկայական դաշնակից»ներն են Թուրքիոյ եւ Ադրբեջանի: Մանաւանդ Հայաստանի այժմու կացութեան մէջ, ուր Իզրայելն ալ այդ երկուքին կողմն է: Մնացեալ բոլորը, կինո է:

  2. henri says:

    Ժամանակին աւելի ՛՛Մարդասէր՛՛ քաղաքական գործիչներ ,այս վտանգը ապրած էին այն օրերու ՛՛էրտողաններով-հիթլէրներով ,և փորձեցին ստեղծել ՛՛Եւրոպական Միութիւնը ՛՛ և ուրիշ աղէտի մը դիմաց /Ստալինեան/ ստեղծեցին ՛՛Ատլանտեան ուխտը՛՛ որ իր դերը կատարեց որոշ ատեն մը-մինչեւ որ Տըկօլներու-Չրչիլներու -Այզնհաուէրներու յաջորդեցին Պուշեր և Ապուշները/Փէթրօլը-կազը/փոխարինեցին ՛՛երկրագունտի խաղաղութեան ՛՛ որուն հետեւանքները կը վայելենք ներկայիս

    • Հ.Շ. says:

      Այդ ամէնը շատ ճիշդ է, անշուշտ: Սակայն կան նաեւ խնդրին գաղափարաբանական, էական երեսները՝ neo-օթթոմանիզմ, փանթուրանիզմ, կրօնամոլական ազդակը, արեւմտեան հակա-խորհրդային մոլուցքի այժմէականացած տարբերակը, եւայլն. Որոնց բոլորին դէմ դնելու համար, մենք ունինք միայն՝ Ոչինչիզմը: Եւ եթէ այսպէս չըլլար արդէն, այս խնդիրը վերջացած կ’ըլլար մինչեւ հիմա:

      Մինչեւ իսկ այս պահին անգամ, Հայաստանի եւ նոյնիսկ Արցախի մէջ, պայքարի կոչերը չեն հիմնուած՝ ազգայնական գաղափարաբանութեան վրայ, այլ կը վերաբերին տուն-տեղ-հայաթ պահպանելու ըմբռնողութեան: Մինչ Սփիւռքի մէջ, յաճախ տառացիօրէն՝ իրաւունք չունինք այդ գաղափարաբանութիւնը արտայայտելու, թէկուզ էականօրէն անոր վրայ հիմնուած է մեր այժմու ոտքի կանգնիլն ու իրար անցնիլը («զօրաշարժ» բառը աժան կերպով գործածողը չեմ, երբ որ երեխաները իսկապէս կռւում եւ նահատակւում են իսկական ռազմաճակատում – մինչդեռ, մենք է որ արժանացանք միայն՝ եռուն թասիպ ունենալու վարչապետական տարօրինակ շոյանքին – : )

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031