«Նրա հայտարարությանը կարելի է առհասարակ չարձագանքել, բացի մեկ նյութից. երեկ ամերիկյան բլոգերից մեկը հրապարակեց ամերիկյան արբանյակային լուսանկարներ, որոնցում երեւում են Ադրբեջանի օդանավակայանում կայանված թուրքական F16-երը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Aravot.am-ի հարցադրմանն այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր կրկին հերքել է հայկական կողմի դեմ թուրքական F16 կործանիչ ինքնաթիռների կիրառությունը՝ միաժամանակ սպառնալով, թե ագրեսիայի դեպքում չեն վարանի դրանք օգտագործել, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Սա լիովին բավարար է: Բայց մենք շատ լավ ապացույցներ ունենք եւ տիրապետում ենք տեղեկություններին, թե ինչպես են F16-երը կոնկրետ կիրառվել, թե ինչպես են կոնկրետ զենքեր կիրառել՝ գերճշգրիտ հրթիռներ, այդ թվում՝ առանձին մարտական խնդիրներ լուծող հրթիռներ»,-շեշտեց նա: Հովհաննիսյանը հավելեց. «Այնպես որ, ապացույցների կարիք չկա: Ինչ վերաբերում է սպառնալիքներին, մենք Ադրբեջանի սպառնալիքներից չենք զարմանում եւ չենք վախենում: Ադրբեջանի սպառնալիքներն արդեն մոտ մեկ ամիս տեսնում ենք, ինչպես եւ՝ գործողությունները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ