Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեկումը լինելու է այն ժամանակ, երբ լինի խաղաղության պարտադրանք». Դավիթ Բաբայանը՝ Ժնևում կայանալիք հանդիպման՝ բեկումնային լինել-չլինելու մասին

Հոկտեմբեր 26,2020 21:25

«Դա ցույց կտա ժամանակը: Հիմա բարդ է ասելը: Ըստ երևույթին բեկումը լինելու է այն ժամանակ, երբ լինի պարտադրանք խաղաղության»,-Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է հոկտեմբերի 29-ին Ժնևում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը լինի բեկումնային, այսպես պատասխանեց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը:

Նա հիշեցրեց՝ երբ միջամտում էր Վլադիմիր Պուտինը, հետո Դոնալդ Թրամփը, իրենք չհարգեցին պայմանավորվածությունը և կարծիք հայտնեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից հետո, եթե էլի չհարգեն, ապա ամեն ինչ հանգեցնելու է նրան, որ լինի պարզապես կողմնակի միջամտում և խաղաղության պարտադրանք: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նկատի ունի կողմնակի միջամտություն ասելով, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Նույն համանախագահող երկրների կողմից ճնշումը պետք է սաստկանա, այլ տարբերակ չկա, որովհետև այն, որ նրանք իրենց այդպես են պահում, սա նաև մարտահրավեր է ու ահաբեկչություն այդ երկրների, նրանց հեղինակության դեմ: Երբ ԱՄՆ նախագահը հայտարարում է ի լուր աշխարհի, որ ամեն ինչ նորմալ է և հասկանալով, որ նաև այդտեղ նախընտրական գործընթացներ են և այս ձևով անարգել, ես չեմ կարծում, որ պետք է անպատասխան դա մնա: Եթե անպատասխան մնաց Վաշինգտոնի կողմից, ուրեմն այլ գործընթացներ են սկսվելու ոչ միայն այստեղ, այլև այլ երկրներում: Դա համարելու են որպես թուլություն, շղթան շարունակվելու է և ունենալու է անկանխատեսելի հետևանքներ աշխարհի տարբեր ծայրերում»:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ բեկում կլինի այն ժամանակ, երբ լինի խաղաղության պարտադրանք: Այս առիթով նա ասաց. «Տարբեր ձևերով է դա հնարավոր. հիմնականում ճնշումների ձևով, իսկ թե ինչ ձևով այդ ճնշումները կլինեն, ցույց կտա ժամանակը»:

Փաստեցինք՝ երեկ Դոնալդ Թրամփը հայտարարեց,  թե արագ կարող է լուծել այս հարցը, որին հաջորդեց ԱՄՆ-ի, Հայաստանի, Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը, որի համաձայն՝ հրադադար պետք է լիներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08.00-ից, ինչը չպահպանվեց, սակայն միևնույն ժամանակ դատապարտող հայտարարություն ամերիկյան կողմից այդպես էլ չլսվեց, արդյոք սա վտանգավոր չէ՞, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Միգուցե Դոնալդ Թրամփը նկատի ունի, որ շատ հե՞շտ կարող է պարտադրել Թուրքիային. ժամանակը ցույց կտա: Իհարկե, լռությունը վտանգավոր է, իհարկե, պետք է արձագանքի, եթե ժամանակին արձագանքեին, միգուցե շատ բան տեղի չէր ունենա: Երբ էրդողանը հայտարարեց, որ Հիտլերն իր համար իդեալ է՝ որպես պետական կառավարիչ, երբ Իսրայելը արձագանքեր, միգուցե նրանց կառավարության մեջ չէին լինի մարդիկ, որոնք բիզնես գործարք կանեին Թուրքիայի և Ադրբեջանի նացիստների հետ՝ անարգելով սեփական Հոլոքոստի անմեղ զոհերին: Ես չեմ ասում Իսրայելի ժողովուրդը. Իսրայելի կառավարության որոշ անդամներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031