Պատերազմի լուրը ստանալուց հետո, անհատներ ու կազմակերպություններ, յուրաքանչյուրը փորձեց կյանքի կոչել ամենատարբեր նախաձեռնություններ, որոնցով կարելի կլիներ ինչ-որ կերպ օգուտ տալ սահմանում կանգնած զինվորին:
«Սինեմարթ» ԵՀԿ-ն նույնպես նրանց շարքում էր: Նախագահ Վարդուհի Անանյանի նախաձեռնությամբ վանաձորցի երիտասարդների համար կազմակերպվեց «Առաջին բուժօգնությանը» նվիրված դասընթաց. «Գիտակցելով, որ շատ դեպքերում առաջին բուժօգնության պարագաներ չեն լինում ձեռքի տակ, որոշեցինք դիմել այն մեթոդին, որ մարդիկ սովորեն բուժօգնություն ցուցաբերել ոչ թե բժշկական պարագաներով, այլ գործածել ձեռքի տակ եղած իրեր: Շուրջ 2 դաս ունեցել ենք տեսական դասընթաց, որը մասնագետը ցույց է տվել, մասնակիցները կրկնել են, իսկ այսօրն ամբողջությամբ նվիրվեց գործնական դասընթացին: Ամեն ինչ ուսումնասիրեցինք ու գործնականում կիրառեցինք, հույսով, որ պատրաստ լինելը միայն տեսականում կլինի, իրական պայմաններում այդ գիտելիքները գործածելու կարիք չի լինի»:
Դասընթացն իրականացրեց «Առաջին բուժօգնության» դասընթացավար Սպարտակ Հովհաննիսյանը: Մասնագետի խոսքով՝ այսօր մարզերի բնակիչներն ավելի շատ ունեն նման դասընթացների կարիք. «Անարդար է այդպես, մարզերն ամբողջությամբ անտեսված են, իսկ Երեւանում կենտրոնացված է ամեն ինչ: Բոլոր տղաները գնում են մարզերից, այդտեղից նաեւ հերոսներ ունենք, իսկ նման դասընթացները միայն Երեւանում են կազմակերպում: Մեր մասնակից երիտասարդներ բոլորը մոտիվացված են, հրաշալի երիտասարդներ են»:
Կարդացեք նաև
Մասնակիցներից Գառնիկը, որ նման դասընթացների հետեւել է միայն համակարգչի էկրանից այն կողմ, որոշել է բաց չթողնել հնարավորությունն ու լինել դասընթացի մասնակից: Ասում է՝ գուցե հետագայում իր կարիքը նույնպես լինի սահմանում. «Ճիշտն ասած Մինչեւ այս ոչինչ չեմ իմացել առաջին բուժօգնության մասին: Դասընթացը շատ կարեւոր էր բոլորիս համար, շատ բան սովորեցի: Իմացա նաեւ ամենակարեւորներից, որ բժիշկին օգնելու ու տվյալ մարդու կյանքը փրկելու համար առաջին 10 րոպեն շատ կարեւոր է»:
Դասընթացի ընթացքում երիտասարդները սովորեցին մարդու կյանքը փրկելու համար առաջնային կարեւոր քայլեր: Ձեռքի տակ եղած միջոցներով՝ վիրակապում, կոտրվածքներ, արյունահոսություն, տեղափոխում եւ այլն:
Հովհաննիսյանն ասում է, որ այսօրինակ դասընթացի կարիք մշտապես կա: Նրա կարծիքով, պատերազմի ավարտից հետո էլ մարդիկ դեռեւս կշարունակեն ներկա լինել նման հանդիպումների. «2016 թվականի քառօրյայից հետո առաջացավ հարց, որ իսկապես նման պայմաններում առաջին բուժօգնություն չգիտեն, եւ 4 տարի ոչինչ չարվեց: Հիմա նորից պատերազմ է եւ ուզում ենք սովորենք: Շատ տեղերում ասում են՝ պատերազմը վերջացավ, էլ չեն գալու երեխաները: Բայց այս պատերազմն այնքան սարսափելի է, այնքան զոհ ունենք, որ մենք մի 10 տարի ուշքի չենք գալու: Այս վերքն այնքան խորն է, որ իրենք կշարունակեն, եւ մենք պետք է փորձենք պարտադիր շարունակել այսպիսի դասընթացները»:
Դասընթացներին մասնակցել են ամենատարբեր ոլորտների ավելի քան 50 ներկայացուցիչ: Անահիտ Կարապետյանը, որ հանդիսանում է նաեւ արշավախմբի ուղեկցորդ, ասում է, որ այստեղ ձեռք բերված գիտելիքներն անհրաժեշտ են ոչ միայն պատերազմական ժամանակաշրջանում, այլեւ հենց խաղաղ պայմաններում, նաեւ արշավների ժամանակ. «Նախնական պատրաստվածություն արշավախմբի ուղեկցորդներն ունենում են, բայց նման խորացված դասընթացները, հատկապես պարոն Հովհաննիսյանի կողմից անցկացվող եզակի շանս էր, որը բաց թողնել չէր կարելի: Միանշանակ արդյունավետ էր այս ամեն ինչը»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ