«Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, և գիտե՞ք ինչ, մենք մի բան կանենք նրանց օգնելու համար: Նրանք դժվար օրեր են ապրում, բայց ես երեկ Օհայոում էի, մենք Օհայոում հանդիպեցինք հիանալի հայերի խմբի հետ, ովքեր դրոշով էին և իրենց ոգով: Այն խնդիրները, որոնք նրանք ունեն, մահերը, մարտերը (նկատի ունի՝ պատերազմն Արցախում-Ն. Գ.) այդ ամբողջը կկարգավորվի: Ես կարծում եմ, որ հեշտ կկարգավորվի: Վերադարձեք և ասեք ձեր ժողովրդին, որ հարցը կլուծվի: Եթե գիտես ինչ ես անում, ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել են Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ»,- երեկ ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգում, նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ նկատի ունի Դոնալդ Թրամփը, երբ խոսում է Արցախի հարցը Կոսովոյի օրինակով լուծելու մասին, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Ընդամենը 3-4 շաբաթ առաջ Թրամփի վարչակազմին հաջողվել էր Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ բանակցել համաձայնագիր, որի նպատակն էր կողմերի միջեւ առեւտրային հարաբերություններ հաստատել: Սա Թրամփը համարում է իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ վերջին մեկ տարվա ընթացքում, արտաքին քաղաքական դաշտում: Եվ, այս առումով, կարծում եմ, որ խոսելով Կոսովոյի մասին, Թրամփը չէր կարծում, որ Կոսովոն Հայաստանի, այս դեպքում Արցախի համար կարող է լինել իրավական առումով նախադեպ՝ «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի տրամաբանության ներքո, այլ, ի նկատի ուներ, որ խնդիրը կարող է լուծվել Կոսովոյի եւ Սերբիայի նման: Այսինքն, կողմերը գան ընդհանուր համաձայնության»:
Այնպես որ, Կոսովոյի հետ զուգահեռների անցկացումից, մեր զրուցակիցն անիմաստ է համարում ոգեւորվելը:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հանդիպումից հետո վերահաստատեցին հրադադարի մասին իրենց հանձնառությունը, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 26-ին, 08.00-ին: Սակայն, Ադրբեջանը կրկին խախտեց այն՝ նաեւ խաղաղ բնակավայրերում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Մոսկվայում հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց հոկտեմբերի 10-ին, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հովանու ներքո՝ հոկտեմբերի 17-ին, որոնք կրկին ադրբեջանական կողմը չպահեց:
Այն, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ չի պահում ձեռք բերված պայմանավորվածությունը, Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ, կարող ենք մի կարեւոր հետեւություն անել. «Թուրքիան եւ Ադրբեջանն այնպիսի պետություններ են, որոնք հարվածում են ոչ միայն Մինսկի խմբի հեղինակությանն, այլեւ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անձնական հեղինակությանը, որովհետեւ եւ Պուտինը, եւ Թրամփը, եւ Մակրոնն իրենց անձնական հեղինակությունն են դրել այս հրադադարին հասնելու համար: Մանավանդ, Թրամփը դա արեց շատ բարդ փուլում՝ ընտրություններից օրեր առաջ: Նման հարված հասցնել նրանց հեղինակությանը, ոչ բոլոր պետությունները կարող էին անել, բայց ամենաթողության մարմանվորում Էրդողանը եւ նրա փոքր եղբայր Ալիեւը կարող էին անել, ինչը եւ անում են»:
Իսկ Մինսկի խումբն ի՞նչ հետեւություն պետք է անի եւ որոնք պետք է լինեն հաջորդ քայլերը՝ մեր հարցին, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ Մինսկի խումբն էլ, բոլոր պետություններն էլ գիտեն, որ հենց Ադրբեջանն է խախտում հրադադարի ռեժիմը եւ, ընդհանրապես, պայմանավորվածությունները: Այստեղ, մեծ հաշվով, կարծում եմ, անելիքներ չկան, որովհետեւ ամենաբարձր մակարդակով երեք երկրների նախագահները խոսեցին, իրենց հովանու ներքո բանակցություններ կազմակերպեցին, Ալիեւն այդ բոլոր պայմանավորվածությունները խախտեց եւ տեղյակ եք, թե ինչ է կատարվում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ