Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես օդի մեջ եմ ինձ մարդ զգում, վերևն ուրիշ է, ուրիշ գեղեցկություն»․ գյումրեցի նահատակված օդաչուի մասին

Հոկտեմբեր 26,2020 17:50

Թուրքական օդուժին պատկանող F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցված հայկական ՍՈՒ-25 գրոհիչի նահատակված գյումրեցի օդաչու, 33-ամյա Վալերի Դանիելինը 2009 թվականին գերազանցությամբ ավարտել էր Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանն ու ծառայության մտել Գյումրիում։ Նա երկու երեխաների հայր է՝ աղջիկը 7 տարեկան է, տղան 2,5։

Վալերիի նախապապը ազգությամբ ռուս է։ Հերոսի հայրը՝ Միշա Դանիելինն ասում է, որ իր պապը եղել զինվորական՝ զոհվել է 1939-1940 թվականի խորհրդա-ֆիննական պատերազմին, նա հերոսի կոչում ունի։ Վալերիի հոր ասելով՝ իր հայրը ծնվել է Գյումրիում, մայրը՝ հայուհի է։ Ըստ Միշա Դանիելինի, թեև իրենց ազգանունը ռուսական է, սակայն իրենք ամենահայրենասեր հայերից են․ հայրենիքին նվիրական, հերոս որդի է տվել։

Մայրը՝ Ռիտա Վարդանյանը պատմում է, որ որդին փոքրուց երազում էր օդաչու դառնալու մասին։ Դպրոցում տառերը սովորելուն ու առաջին շարադրությունը գրելուն պես՝ հայտնել է իր երազանքի մասին։

«Փոքրուց երազում էր օդաչու դառնալու մասին, թռիչքների ձայները լսելուն պես՝ դուրս էր գալիս, նայում մինչև անհետանալը, վայրէջք կատարելը, որն այլևս չէր կարողանում տեսնել։ Երբ դպրոց գնաց, տառերը սովորեց, առաջին դասարանում շարադրություն գրեց՝ ես ուզում եմ օդաչու դառնալ։ Դպրոցում շատ լավ էր սովորում, շատ ընկերասեր էր, ջերմ, մարդկանց հասնող, օգնող, եթե անգամ միջոցներ չունենար օգնելու, անհնարը հնարավոր էր դարձնում։ Դպրոցում հայերեն էր սովորում, բայց փայլուն տիրապետում էր ռուսերենին։

Իր սիրած մասնագիտության հետևից գնաց, առաջին տարին չընդունվեց, բայց չհուսահատվեց, պարապեց, օրը երկու անգամ ֆիզիկայի ու մաթեմատիկայի պարապմունքի էր գնում, որ հասցներ։ Իր զորակոչային տարիքն էր, մի ամիս մնաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, հետո քննությունները գերազանց հանձնեց, ընդունվեց ավիացիոն համալսարան։ Այնտեղ 4 տարի սովորեց, ավարտեց կարմիր դիպլոմով, հետո նշանակեցին Գյումրի՝ ծառայության, նա գրոհային ավիացիոն էսկադրիլիայի օդաչու էր։

Շատ էր սիրում իր աշխատանքը, իր սերը դեպի երկինք աննկարագրելի էր, երբ հիվանդ էր լինում, չէր պառկում, ասում էր՝ մի հատ օդը բարձրանամ, իջնեմ, կլավանամ։ Իրոք այդպես էր, եթե ջերմություն էլ ունենար, երբեք թույլտվություն չէր վերցնում, տուն գար, թռնում էր, հետո ասում՝ տեսաք ես օդի մեջ առողջացա, ես օդի մեջ եմ ինձ մարդ զգում, երբ բարձրանում եմ վերև, վերևն ուրիշ է, ուրիշ կյանք է, ուրիշ գեղեցկություն է։ Երբ մեկ-մեկ ասում էինք՝ ինչ տարբերություն, մենք ներքևից ենք տեսնում երկինքը, ասում էր՝ չէ, վերևն ուրիշ գեղեցկություն է, ուրիշ հաճույք է»,-հպարտությամբ պատմում է մայրը։

Մայրն ասում է, որ պատերազմի գույժը լսելիս՝ Վալերին իրեն սառնասիրտ է պահել, հանգիստ հագնվել ու դուրս է եկել տանից՝ կարծես ոչինչ չի եղել։

«Ասեց՝ ինձ հետ ոչինչ էլ չի լինի, սիրով գնաց, ուրախ-զվարթ, հպարտ, դեմքի միմիկան անգամ չփոխեց։ Ինքը միշտ պատրաստ էր պատերազմական իրավիճակներին, երբ սահմանին դեպքեր էին լինում, ասում էր՝ ախ ինչքան կուզենայի գնայի, դրանց տրորեի ու գայի, միշտ հաղթական կեցվածքով է արձագանքել։ Միշտ ասել է այդ խոսքն, այդպես էլ եղավ, ինքը գնաց, իր ուզածին հասավ, ուզում էր ավելի բարձրանալ․․․»։

Մայրը պատմում է, որ որդին շատ է սիրել իր զինվորական համազգեստը, եթե այն փոքր-ինչ մեծ լիներ հագին, անպայման իր մարմնի չափսով պիտի դարձնել տար։

«Այնքան թիկնեղ էր, այնքան կոկիկ, նույնիսկ, երբ մեքենան էր կանգնեցնում, այ հիմա բակում կանգնեցրած է այդ մեքենան, պիտի այնպես կայաներ, որ ուղիղ գծում լինի։ Հարևաններն ասում էին՝ Վալեր ջան, ուղիղ կանգնած է, ասում էր՝ չէ, մի գծի վրա պիտի լինի»,-հիշում է մայրը։

Մենք հերոսի տանը եղանք «Հոգեբանական աջակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին» հասարակական նախաձեռնության անդամներ՝ հոգեբան Կարինե Սահակյանի ու գնդերեց Տեր Հակոբ քահանայի հետ։ Տնեցիները չեն հավատում, որ նա զոհվել է, կինը պատմեց՝ դուստրը համոզված է, որ հայրը ողջ է, սպասում է նրան։

2,5 տարեկան որդին էլ մեզ ցույց էր տալիս հոր նկարները, փոքրիկն ինքն էր ներկայացնում իր հերոս հորը, անգամ պատմում էր տան կահույքին շարված ինքնաթիռների մասին, որոնք եղել են իր հոր մանկության խաղալիքները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031