Սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմը, որն ուղեկցվում է ադրբեջանա-թուրքական ագրեսիայով, իր բացասական ազդեցությունն ունեցավ նաեւ տնտեսության վրա. այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Նրա խոսքով, ռազմական դրությամբ պայմանավորված, բյուջեում փոփոխություններ կատարվեցին, ըստ որի շուրջ 40 միլիարդ դրամով ավելացան ռազմական ծախսերը:
Պարոն Սարգսյանի խոսքով, կորոնավիրուսով պայմանավորված, արդեն իսկ 2020 թվականի ապրիլին բյուջեով փոփոխություն կատարվել էր եւ մինչ այս պատերազմական դեպքերը արդեն իսկ կանխատեսվել էր 6,8 տոկոս տնտեսական անկում: Տնտեսագետի ներկայացմամբ, շուրջ 35 միլիարդ դրամով կնվազեն հարկային եկամուտները եւ պետական բյուջեի պակասորդը կավելանա շուրջ 150 միլիարդ դրամի չափով, ինչն էլ իր ազդեցությունը կունենա պետական պարտքի ցուցանիշի վրա: Պարտքի ցուցանիշը կգերազանցի սահմանային 60 տոկոսը եւ կկազմի շուրջ 67 տոկոս:
Հարցին՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ աճ է արձանագրվում, որքանո՞վ է մեր տնտեսությունը պատրաստ այս մարտահրավերին, հատկապես՝ նոր սահմանափակումների ռիսկ կա, Կարեն Սարգսյանն ի պատասխան ասաց՝ մենք հիմա բառի բուն իմաստով պայքարում ենք երկու ճակատով՝ պատերազմը եւ համավարակը. «Սա շատ խորացնում է մակրոտնտեսական ցուցանիշների դրական տենդենցը այս պահի դրությամբ: Պայմանավորված համավարակի աճող թվերով եւ նաեւ ռազմական գործողություներով, բնականաբար, այս ամենը բացասական ազդեցություն կունենա տնտեսական համակարգի վրա»:
Հարցին՝ Ազգային ժողովում քննարկվեց պատերազմում զոհվածների եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները ներելու հարցը, արդյոք Հայաստանի բանկային համակարգը պատրա՞ստ է այդ քայլին, պարոն Սարգսյանը պատասխանեց՝ Հարկային օրենսգրքի փոփոխությամբ պետությունը այդ պարտքերի մասով պարտավորություններից ազատեց բանկերին, վարկային պարտավորությունը ներելը մնում է բանկի հայեցողությանը. «Ոչ միայն զոհված կամ հաշմանդամ դարձած, այլեւ նրանց հետ առաջին կարգի ազգակցական կապ ունեցող հարազատները՝ զավակները, ամուսինները եւս հնարավոր է վարկային պարտավորություններից ազատվեն: Կարծում եմ բանկերը ինչ-որ մոտեցում կցուցաբերեն, զոհվածներինը միանշանակ կներվի, նաեւ՝ հաշմանդամություն ունեցողներինը կզիջվի իսկ ինչ վերաբերում է նրանց հետ փոխկապակցված անձանց՝ դա արդեն բանկերի հայեցողությամբ է: Ելնելով մեր ազգային բարձր ոգուց, ինձ թվում է, նաեւ բանկային համակարգը կգնա զիջման, քանի որ պետությունն իր քայլը կատարեց: Խոսքը ոչ միայն անհուսալի պարտքերի մասին է, այլեւ՝ սովորական, սպասարկվող վարկերինը նույնպես, այս օրենքի համաձայն կարող է ներվել»:
Անդրադառնալով թուրքական ապրանքների արգելքին, Կարեն Սարգսյանն ասաց, որ Թուրքիայի հետ առեւտրաշրջանառությունը շատ մեծ ծավալներ չի կազմում՝ շուրջ 3,5 տոկոս եւ մեր տնտեսության վրա թուրքական ապրանքի ներկրման արգելքը զգալի ազդեցություն չի ունենա:
Տնտեսագետը գտնում է, որ արդեն ներկրված թուրքական ապրանքը բոյկոտելը սխալ է. «Այս պահի դրությամբ բազմաթիվ մանր ձեռնարկատերեր Թուրքիայից ապրանք են ներկրել եւ միանգամից՝ կտրուկ դադարեցումը նրանց համար խնդիրներ կառաջացնի: Գիտենք նաեւ, որ տեղում էլ բոյկոտում են թուրքական ապրանքը, սակայն, դրա հետ համաձայն չեմ, պետք է վաճառվի այդ ապրանքը, պետք է ձեռներեցները հարկեր վճարեն, աշխատավարձեր: Նման վարվելակերպով ավելի շատ կվնասենք մեր տնտեսությանը, տնտեսվարողներին, հասարակությանը»:
Կարդացեք նաև
Կարեն Սարգսյանի խոսքով, գործարարները օր առաջ պետք է նոր շուկաներ դուրս գան, գործարար կապեր հաստատեն եւ նրանց հետ համագործակցեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ