Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքագետ. «Թուրքիան գիտի, որ եթե ԱՄՆ-ը որոշի պատժամիջոցներ կիրառել, իր վիճակը շատ վատ կլինի»

Հոկտեմբեր 26,2020 15:37

Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքի առիթով արված այն հայտարարությունը, թե չգիտեն՝ ում հետ են խաղի մեջ մտել, եւ որ Թուրքիան գաճաճ պետություն չէ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց. «Իմ կարծիքով էրդողանի հայտարարությունների վրա չպետք է լուրջ ուշադրություն դարձնել, դա նրա ոճն է: Դա փողոցային ոճ է, ոչ թե պետական գործչին հատուկ: Ինքը վիրավորել է նաեւ Մակրոնին, Գերմանիայի կանցլեր Մերկելին, սակայն դրա հիմքում իրական ուժ չկա. Թուրքիան շատ լավ գիտի, որ եթե Ամերիկան որոշի պատժամիջոցներ կիրառել, իր վիճակը շատ վատ կլինի»:

Նա հիշեցրեց 2016 թ հուլիսի վերջի, օգոստոսի սկզբի թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա ճգնաժամը, երբ ձերբակալել էին բողոքական պատվելի Բրանսոնին, որը մեղադրվում էր լրտեսության մեջ. «Բրանսոնին բանտարկել էին եւ ուզում էին փոխանակել Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որը գտնվում է ԱՄՆ-ում: Ամերիկացիները չհամաձայնեցին փոխանակությանը եւ անձնական պատժամիջոցներ մտցրին Թուրքիայի մի քանի՝ արդարադատության եւ ներքին գործերի նախարարների դեմ, նաեւ երկու անգամ բարձրացրին մաքսավճարը այն պողպատի, երկաթի համար, որ Թուրքիան արտահանում է ԱՄՆ: Անգամ այդ փոքր, սահմանափակ պատժամիջոցների ազդեցությունը այնքան մեծ էր, որ միանգամից հանգեցրեց թուրքական լիրայի մինչեւ 40% արժեզրկմանը: Դա Թուրքիայում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ ստեղծեց, ու Թուրքիան ստիպված եղավ սուսուփուս պատվելիին բաց թողնել, որին հետո ընդունեց Թրամփը»:

Թուրքագետի խոսքով, դա առաջին ու վերջին անգամն էր, որ ԱՄՆ-ը պատժամիջոց կիրառեց ՆԱՏՕ-ի շրջանակում իր դաշնակցի դեմ. «Իրականում Էրդողանը, որ խոսում է, դրա տակ լուրջ հիմնավորում եւ ուժ չկա: Թուրքիան միջին պետություն է, միջին տնտեսություն ունի ու շատ մեծ կախվածություն՝ ԱՄՆ-ից եւ Արեւմուտքից՝ ռազմական արդյունաբերության բնագավառում: Դա ուղղակի նրա ոճն է, որ ընդունված չէ միջազգային դիվանագիտական հարթակներում, բայց կիրառում է»:

Ռուբեն Սաֆրաստյանը վստահ է, որ հնարավոր է զսպել Թուրքիային. «Էրդողանն ի վերջո պետության ղեկավար է, իսկ այդ պետությունը չունի անհրաժեշտ հզորություն: Մենք գիտենք, որ Թուրքիան դարերի ընթացքում կարողացել է Եվրոպայի հետ հարաբերություններում օգտագործել իր աշխարհագրական դիրքը, աշխարհաքաղաքական հնարավորությունները: Դեռեւս 19-րդ դարից Անգլիան օգտագործում էր Թուրքիային՝ որպես հակակշիռ ռուսական կայսրության դեմ, քսաներորդ դարում ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիան Խորհրդային Միության դեմ էր օգտագործվում»:

Թուրքագետի ձեւակերպմամբ, Թուրքիայի նկատմամբ փափուկ վերաբերմունքն էլ հասկանալի է, որովհետեւ այդ երկիրն իրենց դաշնակիցն է, ղեկավարն էլ թեեւ այն չէ, բայց արեւմտյան պետությունները եւ ԱՄՆ-ը դրանում մեծ վտանգ չեն տեսնում, նաեւ լինում են պահեր, երբ խնդիրներ են ծագում, օրինակ՝ Ինջերլիկի հետ կապված. «Վերջին ամիսներին տեղեկություններ կան, որ ամերիկացիները սկսել են լրջորեն մտածել Ինջերլիկից ամերիկյան ռազմաբազան հունական կղզիներից մեկը տեղափոխելու մասին: Խնդիրներ լինում են, բայց այդ խնդիրները լուծվում են, եւ ընդհանուր առմամբ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ի դաշնակիցը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031