Լրահոս
Օրվա լրահոսը

90 միլիոնանոց Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են պատերազմն Արցախում. Էրդողանի պատասխանը Պուտինին, Մակրոնին, նաեւ՝ Թրամփին

Հոկտեմբեր 26,2020 14:00

Թրամփի թիմի նախընտրական փորձը

Մեկ ամիս է լրանում Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմից՝ ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության: Արցախը շարունակում է կռվել 90 միլիոնանոց Թուրքիայի ու Ադրբեջանի, ինչպես նաեւ նրանց աջակցող վարձկան ահաբեկիչների դեմ:

Կիրակի օրը հումանիտար հրադադարի հաստատման փորձ արեց ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Միացյալ Նահանգները, որի նախագահը նախընտրական թոհուբոհում ամերիկահայերի ձայները ստանալու ուղղությամբ իր քայլն արեց:

Հոկտեմբերի 25-ին Թրամփը համարում էր, որ ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: Ելույթ ունենալով Նյու Հեմփշիրում` նախընտրական հավաքում, նա հայտնեց, որ Վաշինգտոնն ակտիվ ջանքեր է գործադրում եւ բանակցում Երեւանի ու Բաքվի հետ: «Մենք ամեն ինչ կկարգավորենք: Դա հեշտորեն գլուխ կգա, եթե գիտես` ինչ ես անում»: Ապա` ԱՄՆ նախագահը հավելեց. «Հայերը հիանալի ժողովուրդ են, նրանք իրենց ողջ ուժով մարտնչում են, եւ ես ուզում եմ ձեզ ասել` մենք մի բան կանենք, գնացեք եւ փոխանցեք սա ձեր ժողովրդին»:

Հրադադարի ամերիկյան ջանքերի ակտիվ կազմակերպիչ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանն արձանագրեց, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին մղում են կրակի դադարեցման պայմանավորվածության, ավելին՝ շեշտեց, որ Հայաստանն արդեն ընդունել է հրադադարի ռեժիմը, սակայն Ադրբեջանը` դեռ ոչ:

Ամերիկյան ջանքերի վրա այդ պահին ստվեր չգցելու ու հրապարակային հրադադար հաստատելուց չհրաժարվելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ Fox News ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցում նշեց, թե Ադրբեջանը պատրաստ է հրադադարի նոր համաձայնագրի, բայց եթե Հայաստանը ընդունի հակամարտության կարգավորման սկզբունքները։ Բնականաբար, նա խուսափեց խոսել հումանիտար հրադադար հաստատելու ուղղությամբ այդ պահին տարվող ամերիկյան ջանքերի մասին. «Այո, մենք պատրաստ ենք, ես բազմիցս հրապարակային ասել եմ դրա մասին: Մենք պատրաստ ենք համաձայնեցնել կրակի դադարեցումը», – նշել էր Ալիեւը հավելելով պայմանը՝ «Հայաստանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից»:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հոկտեմբերի 25-ին հաղորդեց, որ պաշտոնական Երեւանն ու Բաքուն համաձայնել են մարդասիրական հրադադար հաստատել, որն ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին`առավոտյան 8-ից: ԱՄՆ Պետքարտուղարության մամլո հաղորդագրությունում հիշեցնում էին, որ ԱՄՆ-ը ինտենսիվ բանակցություններ է վարել երկու երկրների ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների հետ, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին ԱՄՆ փոխպետքարտուղար Ստիվեն Բիգանի հետ հանդիպմանը հաստատել են իրենց երկրների հանձնառությունը` իրագործել Մոսկվայում հոկտեմբերի 10 -ին, ապա Ֆրանսիայի միջնորդությամբ հոկտեմբերի 17-ին ձեռք բերված մարդասիրական հրադադարի համաձայնությունը` հոկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության համաձայն:

Տարածվեց ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը հումանիտար հրադադարի մասին, իսկ ավելի ուշ հաղորդագրություն տարածեցին ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները՝ տեղեկացնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են դեմ առ դեմ հանդիպել հոկտեմբերի 29-ին՝ Ժնեւում: Նշվում էր, որ համանախագահները եւ ԱԳ նախարարները համաձայնել են եւս մեկ անգամ հանդիպել՝ քննարկելու, համաձայնեցնելու եւ դեռեւս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսել իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին hամաձայն հասնեն հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Իրենց ինտենսիվ քննարկումների ժամանակ համանախագահները եւ արտգործնախարարները քննարկել են անհապաղ հումանիտար հրադադար հաստատելու, հրադադարը դիտարկելու հնարավոր պարամետրերը եւ համապարփակ լուծում գտնելու հիմնարար տարրերի շուրջ երկխոսություն սկսելու հարցերը՝ համաձայն հոկտեմբերի 10-ին ընդունած հայտարարության», նշվում էր համանախագահների հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 26-ից ուժի մեջ մտնող հրադադարից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապեց Թվիթերում շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ: «Շատ կյանքեր կփրկվեն, հպարտ եմ իմ թիմով»,- գրել էր նա` գովեստով արտահայտվելով ԼՂ-ի խնդրով բանակցություններում պետական քարտուղար Մայք Փոմփեոյի, նրա տեղակալ Սթիվեն Բիգանի եւ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդին կատարած աշխատանքի մասին:

Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնությունն արդեն երրորդ փորձն էր` ՌԴ-ի եւ Ֆրանսիայի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո: Ինչպես նախորդ երկուսը՝ ամերիկյան ջանքերը նույնպես Թուրքիան եւ Ադրբեջանը տապալեցին:

Էրդողանն ու Ալիեւն անտանելի են դառնում

Որ Թուրքիան ու Ադրբեջանը կտապալեն նաեւ հումանիտար հրադադարի հաստատման երրորդ՝ ամերիկյան փորձը, դրանում շատերն էին համոզված: Նման իրադրության համար Էրդողանն ու Ալիեւը հող նախապատրաստեցին հենց կիրակի: Ադրբեջանի նախագահը զինված ուժերի հրամանատարության հետ խորհրդակցություն էր հրավիրել, որից հետո դժգոհեց, որ Բաքվի վրա «որոշակի ճնշում» է գործադրվում ԼՂ-ի հարցով:

Սա դեռ ամենը չէ: Ադրբեջանի նախագահը որոշեց դժգոհել նաեւ այլ հարցով, թե՝ Հայաստանը զենք է ստանում արտերկրից։ «Այսօր Հայաստանը զինվում է։ Ամեն օր Հայաստանին ամենաժամանակակից զենքերն են ուղարկում։ Մենք ունենք այդ սպառազինության ցուցակը։ Տվյալներ ունենք բոլոր չվերթների մասին՝ որ քաղաքից է դուրս եկել, երբ է Երեւան հասել»։ Միաժամանակ Ալիեւը հարկ համարեց նշել, թե Ադրբեջանցի ԶՈՒ-երը Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունների մտադրություն չունեն:

Երեկ ջղաձգության հերթական նոպան էր նաեւ Թուրքիայի նախագահի մոտ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ԱՄՆ-ի կողմից իր երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքին, նշել է, որ ԱՄՆ-ը չգիտի, թե ում հետ գործ ունի: Ըստ «Արմենպրես»-ի՝ իր գլխավորած իշխող «Արդարության ու զարգացում» կուսակցության Մալաթիայի համագումարում Էրդողանն ասել էր. «Որոշ ամերիկացիներ զանգում են իմ եղբայր Իլհամ Ալիեւին ու ասում. «Մենք գիտենք, թե ով է ձեր կողքին կանգնած: Դուք Թուրքիային եք ապավինում, բայց մենք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կսահմանենք»: Ախր դու (դիմում է ԱՄՆ-ին- խմբ.) չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել: Մի՛ ուշացրու, սահմանիր քո պատժամիջոցները տեսնենք: Մենք F-35 կործանիչի համար մեր քայլն արեցինք, ձեզ գումարը վճարեցինք, իսկ դուք մեր F-35-երը չտվեցիք, չեք տալիս ու մեզ էլ սպառնում եք՝ ասելով՝ հետ տվեք Ռուսաստանից գնած S-400-ները: Մենք հո գաճաճ պետություն չե՞նք: Մենք Թուրքիան ենք, Թուրքիան»:

Էրդողանի հերթական պոռթկումը միակը չէր: Չնայած պաշտոնական Փարիզի ու Արեւմուտքի կոշտ քննադատությանը՝ Թուրքիայի նախագահը, ոտնահարելով դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը, կրկնեց Ֆրանսիայի նախագահի հասցեին ուղղված անվայելուչ խոսքերը, երկրորդ անգամ հայտարարեց, թե Էմանյուել Մակրոնը պետք է՝ «հոգեկան առողջությունը ստուգի»: «Անձնավորությունը, որ ղեկավարում է Ֆրանսիան, վերջերս ճանապարհից շեղվել է, ամբողջ օրը միայն Էրդողանի մասին է խոսում։ Նախ, ինքդ քեզ նայիր՝ ուր ես գնում», ասել էր Էրդողանը։

Եվրամիությունը, Պենտագոնը խստորեն քննադատում են Թուրքիայի քաղաքականությունը, Էրդողանի վարքագիծը, սակայն նրան կանգնեցնել, ինչպես երեւում է, առայժմ չի հաջողվում: Վարակված Էրդողանի «համարձակությամբ», նրա «կրտսեր եղբայր» Ալիեւը, որը նույնպես իր խոսքում հայ ժողովրդի եւ նրա իշխանությունների վերաբերյալ անվայելուչ որակումներ էր տալիս, նրա շուրթերից եւս արդեն մեկ ամիս շարունակ կեղծիքների ու ստերի տարափ է տեղում, շարունակում է առայժմ անպատիժ մնալ:

Այսպիսով, Արցախում հումանիտար հրադադարի երրորդ փորձը ձախողվեց: Ո՞րն է լինելու քաղաքակիրթ աշխարհը պատասխանը գործուն քայլերով Էրդողան-Ալիեւ սանձարձակ զույգի նկատմամբ…

Մոսկվան արդեն փորձում է փրկել Ալիեւի դեմքը

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նկատելի է, որ Մոսկվան Անկարայի հետ բանակցելու, համաձայնության գալու գիծ է բռնել՝ հստակ գիտակցելով, որ այդկերպ իրագործում է Թուրքիայի նպատակը, դառնալ ղարաբաղյան հակամարտության կողմ:

Մոսկվան կոչ է արել Թուրքիային օգտագործել իր ողջ ազդեցությունը ՝ ի նպաստ հրադադարի եւ ԼՂ-ի հակամարտության կարգավորման համար բուն բանակցային գործընթացի մեկնարկի, նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հիշեցնենք, որ վերջերս Լավրովն ասել էր, թե առաջին փուլում Ադրբեջանին վերադարձվելու է հինգ շրջան, հետո երկուսը, Հայաստանի հետ Ղարաբաղը ցամաքային կապ է ունենալու, իսկ կարգավիճակի հարցը՝ հետո։ «Առաջարկները, որոնք համանախագահները մշակել են եւ շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունը արդեն հայտնի է․ դա փուլային, քայլ առ քայլ Ղարաբաղի շուրջ շրջանների ազատագրումն է՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ մինչեւ վերջնական կարգավիճակը որոշելը, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հուսալի կապի ապահովմամբ»,- հոկտեմբերի 14-ին ասել էր Լավրովը։ Ըստ ամենայնի, Մոսկվայի ջանքերը բացառապես այս ուղղությամբ էլ ընթանում են՝ «խաղաղություն կհաստատվի, եթե Երեւանն ընդունի վերոնշյալ առաջարկները» սկզբունքով:

Տեղեկություն ստացվեց նաեւ այն մասին, որ ՌԴ-ն ներկայացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը տվյալներ ԼՂ-ի ռազմական գործողություններում Սիրիայից ահաբեկիչների մասնակցության մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին: Նրա խոսքով, եթե Սերգեյ Նարիշկինը, որպես ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, հայտարարել է, որ Սիրիայից արգելված ահաբեկչական կազմակերպություններից ահաբեկիչները Թուրքիայի միջոցով տեղափոխվել են ԼՂ, ապա նա ունի դրա անհերքելի ապացույցները: «Ելնելով դրանից՝ արտաքին հետախուզության ծառայության կամ հատուկ ծառայությունների աշխատանքի շրջանակում ես համոզված եմ, որ այդ նյութերը ներկայացվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կամ հետախուզությանը, որպեսզի նրանք համոզվեն Նարիշկինի հայտարարությունների իսկության մեջ: Ինչու Ադրբեջանի ՊՆ-ն, պատասխանատու անձինք չեն տեղեկացրել իրենց նախագահին՝ արդեն երկրորդական հարց է: Ես համարում եմ, որ այդ տվյալներն ունի Ադրբեջանի ՊՆ-ն, եւ նրանք պարտավոր էին տեղեկացնել իրենց ղեկավարին»,-ասել է Վոդոլացկին: Պատգամավորի կարծիքով, եթե Ալիեւը չի տեղեկացվել այդ մասին, ապա դրա համար պատասխանատու մարդիկ նախագահի կողմից չեն, այլ ինչ-որ անհասկանալի փակ դեր են խաղում:

Անհասկանալի է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահի հայտարարության նպատակը: Ռուսները փորձում են Ալիեւին անմեղ ներկայացնե՞լ, թե՞ փրկել նրա՝ հողին հավասարեցված վարկանիշը: ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը շաբաթներ առաջ, հիշեցնենք, նշել էր, որ ԼՂ-ում ակտիվորեն ներքաշվում են վարձկաններ Մերձավոր Արեւելքում միջազգային ահաբեկչական կազմակերպություններից, ընդ որում՝ խոսքը վերաբերում է հարյուրավոր կամ անգամ հազարավորի արմատականներին: Մոսկվայում իսկապես համարո՞ւմ են, որ Ալիեւն այդ մասին կարող է չիմանա՞լ, կամ՝ նրա թիկունքում Էրդողանը նման գործարքներ է կնքում Ալիեւի չիմացությա՞մբ…

Հաջորդ ուշագրավ հանգամանքը: Երեկ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում էին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանը զենք է գնում Իրանից: Սա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ, քանի որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները չեն հանվել եւ ցանկացած երկրի նկատմամբ կկիրառվի պատժամիջոց, որը զենք կգնի կամ կվաճառի այդ երկրին։ Չի բացառվում, որ Ալիեւն իր այս հայտարարությամբ փորձում է հայ-իրանական հարաբերություններում լարվածություն մտցնել: Սակայն նրա նշյալ հայտարարությունից հետո, անկախ այդ հայտարարության նպատակներից, հետաքրքրիր կլինի հետեւել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետագա քայլերին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vk says:

    Անհասկանալի է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահի հայտարարության նպատակը: Ռուսները փորձում են Ալիեւին անմեղ ներկայացնե՞լ, թե՞ փրկել նրա՝ հողին հավասարեցված վարկանիշը

    Ոչինչ, դիվանագիտություն.Իրանի մոտեցումն էլ միևնոյն մտավախությունից է բխում.Վէրադարցի ճանապարհ թողնել նրան.Արդյոք նմանատիպ մոտեցումները արդյունավետ կլինեն թէ ոչ ուրիշ հարց է. Նրանց համար Սիրիան Արցախի հետ համեմատելի չի.Բախումները ընդլայնման տեսակետից.

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031