Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով եւ Ալիեւի ու Էրդողանի կողմից միջազգային ահաբեկչությունը դատապարտող կոչերով այսօր Արցախից եկած կանայք եւ երեխաները ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության շենքի առաջ էին: Ցույցի կազմակերպիչները շեշտեցին, որ Եվրամիությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ պետք է կիրառի:
«Տարիների ընթացքում նմանօրինակ կառույցների անգործությունը տարեցտարի մեզ, մեր իրավունքները ոչնչացրել է մեր իսկ պատմական հողերում, այդ պատճառով որոշել ենք չլռել եւ Եվրամիությանը հիշեցնել, որ չի կարելի Արցախի խնդիրը դիտարկել տարածքային ամբողջականության շրջանակներում: Թող գան եւ տեսնեն, թե ինչպես է ցեղասպանվում Արցախը, հայը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամներից Լիանա Ադամյանը:
Ցուցարարները նշեցին, որ տասնյակ հազարավոր հայեր տարհանվել են իրենց հայրենի Արցախից, զրկվել կրթության եւ այլ իրավունքներից, մինչդեռ միջազգային կառույցներն անգամ հումանիտար օգնություն չեն ցուցաբերում: «Հիմա դա իրականացվում է համահայկական ներուժի շնորհիվ, բայց Եվրամիությունն ու մյուս կառույցները տարածաշրջանում սպառեցին իրենց դերակատարումը, բաց թողեցին երկխոսելու հնարավորությունը, չկիրառեցին ներուժը»,-համոզմունք հայտնեց Լիանա Ադամյանը:
Ապա մուտքի մոտ նրան առաջարկեցին հեռախոսով խոսել անվտանգության աշխատակից ներկայացած Գոհար անունով կնոջ հետ: Խոսելուց հետո Լիանա Ադամյանը լրագրողներին հայտնեց. «Ասաց, որ համավարակի պատճառով այս պահին գրասենյակում աշխատող չկա, միայն անվտանգությունն է: Ասացի, որ մենք տարբեր քաղաքներից ենք եկել, մի մասն ապրելու տեղ անգամ չունի: Այո, մեզ համընդհանուր աջակցություն է ցուցաբերվում, բայց մարդկանց կեսը համավարակով հիվանդ պառկած է, սպառում է ֆինանսական միջոցները: Ասաց, որ այլ բան չեն կարող առաջարկել մեզ, կամ հիմա նամակը հանձնեք, կամ վաղը եկեք երեք հոգով: Եթե վաղը նորից նման վերաբերմունք լինի, ավելի մեծ բազմությամբ ենք գալու՝ խոստանում ենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ