«Առավոտը» զրուցել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:
– Պարո՛ն Մելիքյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Վալդայ» միջազգային ակումբում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, պատերազմական գործողությունների, Հայաստանի, Ադրբեջանի հետ կապված հայտարարություններից հետո հայաստանյան փորձագիտական շրջանակներում եւ հանրության շրջանում կան իրարամերժ, հաճախ ծարահեղական դիրքորոշումներ: Դուք ինչպե՞ս կգնահատեք նրա դիտարկումները, Պուտինի հայտարարություններից պարզ դառնո՞ւմ էր, որ նրա ռազմավարական գործընկերը Հայաստանն է:
– Եկեք ելնենք ոչ թե խոսքերից, այլ տարածաշրջանում արդեն իսկ ձեւավորված նոր իրողություններից՝ Թուրքիան իր ռազմական ներկայությունն է հաստատել Հարավային Կովկասում եւ անմիջականորեն մասնակցում է պատերազմին արցախյան ճակատներում: Ընդ որում, ամենայն հավանականությամբ հայկական զինուժի կորուստների զգալի մասը պատճառվել է ԱԹՍ-ների կառավարմամբ զբաղվող թուրք զինվորականների կողմից: Դատելով նրանից, որ վերջին օրերին թուրքական «Բայրաքթարների» տերեւաթափ է սկսվել, կարելի է ենթադրել, որ հայկական զինուժը սկսել է կիրառել ՀՕՊ այնպիսի միջոցներ, որպիսիք նախկինում չի ունեցել: Ենթադրվում է, որ այդ ՀՕՊ միջոցները ռուսական ծագում ունեն, իսկ դա էլ նշանակում է, որ Մոսկվան, թուրքական ռազմական ներկայությամբ պայմանավորված, թշնամու առավելությունն օդում չեզոքացնելու խնդիր է լուծում: Այսպիսով, պատերազմն արդեն երկու մակարդակում է ընթանում՝ Ադրբեջանն ընդդեմ հայկական զինուժի եւ Ռուսաստանն ընդդեմ Թուրքիայի ռազմական ներկայության Հարավային Կովկասում:
– Նկատենք՝ Վլադիմիր Պուտինը այսպիսի արտահայտություն արեց «նման իրավիճակը, որի պարագայում Ադրբեջանի տարածքների զգալի մասը կորսված է, չի կարող հարատեւ լինել»: Ի վերջո ո՞րն է լինելու Վլադիմիր Պուտինի հայտարարությունների այսպես ասած գինը, որը վճարելու են Հայաստանն ու Ադրբեջանը:
Կարդացեք նաև
– Այդ գինը վճարելու է կամ Ադրբեջանը, կամ Հայաստանը՝ մինչ այժմ Ռուսաստանի կողմից վարած եւ-եւ-ի քաղաքականությունն այլեւս իր դարն ապրած կարող ենք համարել: Այդ քաղաքականության շրջանակներում Մոսկվան այլեւս երբեք չի կարողանա վերականգնել իր ռազմաքաղաքական դիրքերն ալիեւյան Ադրբեջանում:
– Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների տեղակայման ընդունելի համարելու հայտարարությունը քննադատության ենթարկվեց՝ կոչեր հնչեցին, թե մենք խաղաղապահներին տալու երկիր չունենք եւ այլն: Ձեզ համար ընդունելի՞ է խաղաղապահների տեղակայումը: Դա ի՞նչ վտանգներ կարող է ունենալ եւ ինչո՞վ այն կլինի արդարացված:
– Խաղաղապահների տեղակայման հարցն առայժմ տեսականի ոլորտից է, իսկ դրա դրական լուծումն այնպիսի ահռելի բարդությունների հետ է կապված: Ես համարյա վստահ եմ, որ դեռ վաղ է դրա հետ կապված տագնապ հնչեցնել: Եթե անգամ վարչապետ Փաշինյանի համաձայնությամբ ռուսները զորք բերեն հակամարտության գոտում տեղակայելու համար, ապա դա կարվի առանց պաշտոնական Անկարայի ու Բաքվի համաձայնության: Բայց, կրկնեմ, սա առայժմ տեսականի ոլորտից է, իսկ մեր ամենագլխավոր խնդիրն այժմ ռազմի դաշտում է լուծվում:
– Վարչապետ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Արցախի հարցը դիվանագիտական լուծում չունի: Մի առիթով Դուք կարծիք էիք հայտնել, որ Բաքուն պատրաստ չէ սակարկել Արցախի անկախությունը ճանաչել-չճանաչելու հարցի շուրջ: Այսինքն՝ Դուք է՞լ եք այն կարծիքին, որ միայն ռազմի դաշտում է հարցը լուծվում եւ այնտեղ հաջողություններ ունենալուց հետո միայն դիվանագիտական քայլերը կարող են լինել արդյունավետ:
– Ոչ, ես գտնում եմ, մենք լրջագույն ու անհետաձգելի անելիքներ ունենք իրավաքաղաքական եւ դիվանագիտական ոլորտներում, որոնք, ի թիվս այլ խնդիրների լուծման, պետք է նաեւ ռազմի դաշտում մեր դիրքերն ամրապնդեն: Չգիտեմ սակայն, թե որքանով է դա գիտակցված հայկական իշխանությունների կողմից:
– Ի՞նչ ակնկալել Ամերիկայում տեղի ունենալիք բանակցություններից՝ մանավանդ Վլադիմիր Պուտինը հայտարարեց՝ մեծ հույսեր ունի, որ ԱՄՆ-ը համատեղ կգործի, կաջակցի կարգավորման ջանքերին:
– Նախագահական ընտրությունների նախաշեմին նախագահ Թրամփի վարչակազմը, հավանաբար կձգտի սիրաշահել բոլոր շահագրգիռ կողմերին՝ կարող է ողջունել ՌԴ-ի կողմից հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու գաղափարը, իսկ դրա հետ միասին նաեւ ակնարկել, որ վատ չէր լինի, որ նաեւ թուրք խաղաղապահներ տեղակայվեն այնտեղ, իսկ ամփոփելով այս մոտեցումը նաեւ խոստանա, որ վերընտրվելու դեպքում հաջորդ տարի կարող է դիտարկել Արցախի ինքնիշխանության ճանաչման հարցը, եթե մինչ այդ հակամարտության բոլոր կողմերն ու շահառուները համաձայնության չգան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.10.2020