Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամանատար Դավիթը վաշտի զինվորների կյանքն է փրկել, ինքը՝ անմահացել

Հոկտեմբեր 26,2020 12:30

Դավիթ Արզումանյանի մասին պատմությունը չի ավարտվում: Կինը, ընկերներն ու հարազատներն իրար հերթ չտալով նրա սխրանքներն են պատմում, ապրած կյանքից դրվագներ ու անցած, գնացած հիշողություներ: Դավիթը նույնպես այն հարյուրավոր քաջորդիներից է, որը կյանքի գնով հատուցեց հայրենիքը պաշտպանելու համար:

Կինը՝ Շուշանիկը, որը մի քանի երջանիկ տարիներ է ապրել Դավիթի հետ, «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ «Բնավորության վատ գիծ չուներ, միշտ շտապում էր, փորձում էր ամեն ինչ հասցնել, շատ նվիրված էր, անում էր այնպես, որ մեզ համար լավ լինի, ոչ մի բեռ մեր ուսերին չէր թողնում, ամենն իր վրա էր վերցնում»։

Դավիթը զոհվել է՝ փրկելով իր վաշտի զինվորների կյանքը:

«Չափից շատ ուշադիր էր, այդ բառից չեմ վախենում, դա իր գործողությունների մեջ էր երևում։ Փոքր ինչ չոր էր՝ իր գործից ելնելով, բայց սիրո եւ երեխայի հարցում շատ նրբանկատ, նվիրված էր ընտանիքին։ Չկա մի գիծ, որը չսիրեմ, նույնիսկ իր սաստող տոնը…»,-պատմում է Շուշանիկը՝ նշելով, որ ամուսինը միշտ լավատես էր, Աստծուն հավատացող։

Մեծամիտ չէր, կինը չի էլ իմացել, որ Դավիթն այդքան կոչումներ ու շքանշաններ ուներ. «Ինչպես ընտանիքին էր նվիրված, այնպես էլ վաշտին, ասում էր՝ մենք մի ընտանիք ենք, նրանք իմ երեխաներն են։ Զինվորներն ասում են, որ պարտական են նրան, նա չլիներ՝ 20 եւ ավելի զոհ կունենային։ Տաքարյուն էր, բայց ջիգյարով, մի քիչ նեղացկոտ էր, բայց շուտ էլ մոռանում էր։ Շատ կատակասեր էր»,-պատմում է Շուշանիկը։ Ասում է՝ երբ Դավիթի հետ ծանոթացրել են, 3 օրվա շփումից է հասկացել, որ իր ապագան է. «Մեր ծանոթությունը, նշանվելը եւ ամուսնանալը շատ արագ է ստացվել, բայց վստահ էի ընտրությանս հարցում։ Հպարտանում էի, որ քայլում էինք փողոցում ու զինվորները մոտենում ասում էին՝ կամանդիր ջան կամ պարոն մայոր, իր կողքին ապահով էի ինձ զգում։ Շատ գաղտնապահ էր, ես էլ հարցեր չէի տալիս, նա էլ ասում էր՝ ապրես, գիտես, որ սպայի կին ես ու հարցեր պետք է չտաս»:

Մտերիմները պատմում են, որ Դավիթը դպրոցական տարիքում էլ է այդպիսին եղել, գաղտնապահ, զուսպ ու ցավն իր մեջ կրող, որպեսզի նեղություն չտա հարազատներին:

Դավիթը 16 տարեկանից սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ հոր ցանկությամբ։ Սկզբում դժվար էր, բայց հետո պատվով հաղթահարել է ու այդպես շարունակել։ Տարիների ընթացքում ավելի է սիրել իր մասնագիտությունը։ Պատմում են, որ իր զինվորներին իր երեխաների պես է սիրել, ասում էր՝ոնց կարող է մեկն իմ զինվորին նկատողություն անել։ Ասում են՝ լիդեր էր, թե՛ տանը, թե՛ աշխատանքի վայրում։

«Ինձանից նրա զոհվելու մասին լուրը թաքցնում էին։ Զոհվել է սեպտեմբերի 30-ին, բայց ես իմացել եմ հոկտեմբերի 3-ին, փորձում էին ինձ նախապատրաստել։ Ընկերոջ կինն ասաց՝ մի բան ենք կարդացել, բայց դու մի անհանգստացի, հետո հասկացա, ուշաթափվեցի։ Ես նրան շատ եմ սիրել, շատ կապված ենք եղել։ Ինձ համար միայն ամուսին չէր, ես չեմ պատկերացնում, որ հետագա կյանքս առանց նրա պետք է անցկացնեմ, շունչս կտրվում է…»,-ցավով ասում է Շուշանիկը։

Սեպտեմբերի 27-ին առավոտյան դուրս է եկել տնից եւ գնացել։ Ասել է՝ տագնապ է եւ զորամասում պետք է մնա։ Կինը ճանապարհելուց հետո է հասկացել՝ պատերազմ է. «Շատ անհանգիստ էի, ասում էր անհանգստանալու ոչինչ չկա, եթե գնամ էլ տուն եմ վերադառանալու՝ քեզ մոտ։ Սեպտեմբերի 28-ին լուր չեմ ունեցել, 29-ին երեք անգամ խոսել ենք, հանգստացնում էր ինձ, ասում էր՝ հանկարծ չնվնվաս, ես քեզ խոստացել եմ՝ կգամ, ինձ հետ ոչինչ չի լինի։ Վերջին խոսակցությունը դա էր։ Շատ լարված էր, անհանգիստ, արագ էր խոսում եւ 30-ին էլ այդ դեպքն է պատահել։ Շատ նպատակներ ուներ, որդու համար ամեն բան ուզում էր անել, հասցնել տեսնել»։

Վլադիմիրը՝ տղան, 4 ու կես տարեկան է, բայց 2 տարի հորը գրեթե չի տեսել։ Աշխատանքի բնույթից ելնելով՝ որդուն առաջին անգամ 5 ամսականում է տեսել։

«Դավիթի մեջ անհագ կարոտ կար, երեխայից չէր հագենում։ Զգուշավոր էր, ասում էր, որ երեխային ուշադիր լինեն, հանկարծ չընկնի, վախ կար մեջը, հանկարծ Վլադիմիրին մի բան չլինի: Նրա մահվան օրվանից իրեն արծվի նման եմ պատկերացնում, ասում եմ՝ նա իմ արծիվն է»,-ասում է կինը։

Զինվորներից Սամվելը, Դավիթի հարազատներին պատմել է, որ նրա շնորհիվ է ապրում. «Նրա պրոֆեսիոնալիզմն ու մեր նվիրվածությունը ուրիշ էր, մեր կողքին էր, մեզ հետ հավասար։ Մեզ ուժ էր տալիս, որ չկոտրվենք, տրամադրությունը միշտ բարձր պահենք»։

«Առավոտի» հետ զրույցում Դավիթի մորաքույրը՝ Ասլին պատմեց, որ Դավիթը ոգեշնչում էր բոլորին, բայց ինքն էլ դրա կարիքը նույնպես ուներ. «Ընտանիքից հեռու էր, մայրը, զավակն ու կինն այստեղ, իսկ նա՝ այնտեղ»:

Մորաքրոջ խոսքով, Դավիթի հետ շատ կապված է եղել, եւ այսօր նրա կորուստը մեծ ցավ է. «Դավիթը յուրահատուկ էր ու նրա ով լինելը մենք ավելի քան լավ հասկացանք այս օրերին, երբ մարտի դաշտում էր։ Նույնիսկ ծանոթ մարդիկ ասում են՝ երանի նրան, ով Դավիթին չի ճանաչում, որովհետեւ ճանաչելուց հետո նրա կորուստն անասելի ցավալի է։ Նա ինձ համար տղամարդու իդեալ էր, իր չափի մեջ, ոչ մի վատ կամ ավելորդ բան իրենից չեմ տեսել, պարզապես շտապում էր, շտապում էր՝ ապրել, հասցնել։ Իր 34 տարիների ընթացքում շատ բան է հասցրել։ Մենք նույնիսկ չենք իմացել, որ նա այդքան հաջողություններ է գրանցել»:

Քույրերն ու եղբայրն էլ ասում են, որ Դավիթն իրենց համար երկրորդ հայր էր, նրա կորստից՝ կրկին որբացան։

«Կարող եմ ասել, որ շատ կենսուրախ էր, իր հոգսերի մասին չէր պատմում, նրա ներկայությունից դրական լիցքեր էիր ստանում, փորձում էր ամեն կերպ օգնել բոլորին։ Հեշտ էր շփվում, խելացի էր, կոնֆլիկտային չէր եւ փորձում էր ոչ-ոքի չնեղացնել։ Նրա հետ հետաքրքիր էր անցնում ժամանակը, հարմարվող էր, ընկերոջ համար ամեն բան անում էր։ Սիրված էր, ինձ համար եղբոր պես էր, ընտանիքներով էլ շատ մոտ էինք»,-պատմում է ընկերը՝ Արթուրը։ Պատահական են սկսել ընկերություն անել եւ միասին անցկացրած յուրաքանաչյուր օրը հիշարժան է եղել, ասում է՝ երբեք չեն վիճել. «Սեպտեմբերի 26-ին զանգեց ու ասաց, որ քաղաքից դուրս է ցանկանում գնալ մարտական ընկերներով, ուզում էր ես էլ գնայի։ Ընտանիքներով գնացինք Սեւան, շատ լավ ժամանակ անցկացրինք։ Հաջորդ օրն էլ տագնապով գնաց: Իմ եւ ընտանիքիս համար Դավիթի կորուստը մեծ ցավ է, մեր տան անմիջական անդամ էր։ Կիրթ էր ու հեշտ էր ելք գտնում, կարծում էի, որ մեկ է, հետ է գալու։ Ամեն օր կապի մեջ ենք եղել ու, երբ ասացի, որ ես էլ եմ ուզում գալ, ասաց, որ գնացել է իմ հույսով»։

Դավիթը նաեւ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, մեծ հաջողություններ է ունեցել, բայց լռել, ցույց չի տվել, այլ կատարել է որպես պարտականություն։ Արթուրի խոսքով՝ եւ լավ ընկեր էր, եւ լավ հայր, եւ լավ զավակ, հաճախ էր այցի գնում հոր գերեզմանին, գեթ մեկ վայրկյան չի մոռացել ծնողի մասին։

«Հոգատար էր, ընկերասեր, հայրենասեր։ 2011 թվականից միասին ենք ծառայել, միասին դժվարությունների միջով ենք անցել։ Հիշարժան դեպքեր շատ են եղել։ Հանդարտ էր, որպես հրամանատար՝ խիստ եւ բարի։ Գերադասում էր որեւէ դժվարությունում ինքը լիներ, քան ուրիշը։ Ամենամոտ զինակից ընկերներիցս է եղել, ապրիլյանին էլ ենք միասին եղել։ Յուրաքանչյուր զինվոր հարգում էր նրան»,- պատմում է զինընկեր Սայադը, ում համար եւս Դավիթի կորստի մասին խոսելը շատ դժվար էր։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031