Արդեն բոլորին է պարզ, որ 1988-ից սկսած նախ հրացաններով, ապա ավտոմատներով ռազմական գործողություների ժամանակը վաղուց անցյալ է։ Անցյալ է նաեւ այն վիճակը, երբ սահմանում փոխհրաձգությունների ժամանակ երբեմն զոհեր էինք ունենում: 21-րդ դարի պատերազմներին բնորոշ են այլ ձեւեր եւ մենք հիմա արդեն դրա ականատեսն ու մասնակիցն ենք։ Մարտահրավերներն ակնհայտորեն չափազանց արդիականացվել են եւ խիստ ուժգնացել։ Ռազմաճակատը մեզանից այլեւս հեռու չէ, գնալով ավելի է մոտենում եւ մենք գրեթե ամբողջովին մտել ենք պատերազմական իրավիճակի մեջ. եւ «հաշվի չառնելով» ոմանց մակարդակի անհեռատես հավաստիացումները՝ ռազմաճակատի մեր բացահայտ թշնամին նորից Թուրքիան է՝ Ադրբեջան կոչվող երկրի անունով եւ Իսրայելի դեռ լրիվ չբացահայտված աջակցությամբ։
Չթերագնահատելով թշնամուն՝ ընդունենք, որ նրանք մեր դեմ կռվում են ամենաարդիական զենքերով եւ Ադրբեջանի կիրառած թուրքական կամ իսրայելական անօդաչու թռչող սարքերը բավականին դիպուկ հարվածում են մեր դիրքերին: Այդ սարքերի անմիջական աջակցությամբ են ուղղորդվում նաեւ նրանց հրետանու գործողությունները։ Առաջնագծում գտնվող զինվորն ու Արցախի բնակավայրերի խաղաղ բնակիչն այսօր իրենց մաշկի վրա զգում են՝ ինչ է նշանակում թշնամու «բեզպիլոտնիկ» եւ հատկապես ինչ է նշանակում չունենալ դրա դեմն առնող ժամանակակից միջոց։
Այդու՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարն այսօր գերակա է։
Նկատի ունենալով, որ մեր թշնամին այս պատերազմում օդում գերազանցություն ունի՝ ինքնապաշտպանության շեշտը դրված է մեր ՀՕՊ-ի վրա: Թեեւ հակաօդային եւ ռադիոէլեկտրոնային ավանդական պաշտպանությունը մեր օդային տարածքը մշտական վերահսկողության տակ է պահում, բայց սովորական ռադարի օգնությամբ չափսերով փոքր եւ հատուկ նյութերից պատրաստված նման սարքերի խոցումը հին տեխնոլոգիաներով միշտ չէ, որ արդյունավետ է։
Կարդացեք նաև
Այո, բավականին դժվար է հասնել 100 տոկոսանոց արդյունքի՝ բայց ոչ անհնար, անհնար չէ նաեւ 100 տոկոսից ավելի արդյունք ստանալը։ Ինչքան էլ թռչող սարքերը չափսերով լինեն փոքր, միեւնույն է՝ էլեկրոնային սարքեր են եւ ունեն ռադիոտիրույթ, հետեւաբար, դրանց հնարավոր է «տեսնել» եւ էլեկտրոնային միջուկները խափանել:
Իրականում առայժմ ոչ բոլոր երկրներն են, որ առաջին հայացքից պարզ թվացող այդ խնդիրները լուծում են: Այնուամենայնիվ, եթե աշխարհի որոշ երկրների բանակներ արդյունավետորեն հակազդում են նման սարքերին՝ ուրեմն մենք էլ կարող ենք: Առավելեւս, որ այս հարցը մեզ համար կենսական գոյատեւության նշանակություն ունի։
Բնական է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության համար կարեւորը ոչ միայն ժամանակակից կրակող գործիք ունենալն է, այլեւ հակառակորդի նմանատիպ կրակելու գործիքից պաշտպանվելը։ Դրան հասնելու համար սովորաբար պատրաստվում են նախօրոք, անխուսափելի պատերազմների միջեւ ընկած այդքան «մեր սիրելի» խաղաղության ընթացքում։
Այսպիսի առակ կա. մի օր գյուղացին արթնանալով տեսնում է, որ դրսում ձյուն է՝ բողոքում է, թե ա՛յ ձմեռ, էս ինչի՞ էսպես անսպասելի եկար։ Ձմեռն էլ պատասխանում է, ա՛յ գյուղացի, ինչու է՞ս զուր փնթնթում, էն որ շոգ ամառից հետո օր-օրի սկսեց ցրտել, էն զգուշացում չէ՞ր, էն որ սարի գլխին ձյուն դրեց, էն զգուշացում չէ՞ր, էն որ օրեր առաջ անձրեւի հետ մի քանի փաթիլ ձյուն խառնեցի, էդ էլ քեզ զգուշացում չէ՞ր, որ հիմա ասում ե, թե հանկարծակի եմ եկել։
Հիմա մերն է, այսօրվա պատերազմի մասին էն ապրիլյա՛նը, էն Ալիեւի հոխորտա՛լը, էն հուլիսյա՛նը մեզ համար զգուշացում չէի՞ն…
Ակնհայտ է, որ թշնամին նման պատերազմի նախապատրաստվել էր վաղուց։ Դեռ այն ժամանակներից, երբ իր առավել ունակ երիտասարդներին գործուղում էր ԱՄՆ, Կանադա եւ եվրոպական երկրներ Աէրոնավտիկա եւ տիեզերական գիտություններ սովորելու։
Այսօր Արցախին հարվածում են հենց այդ երիտասարդներից մեկի՝ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ «թուրք» սելջուկ Բայրաքթարի նախագծած դժվար խոցելի, գրեթե անորսալի Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերով: Խոսքը 6,5 մ երկարությամբ մի ԱԹՍ-ի մասին է, որը կարող է բարձրանալ մինչեւ 8,2 կմ, զարգացնել մինչեւ 222 կմ արագություն: 12 մետր թեւերի բացվածքով «Bayraktar TB2»-ի գործողության շառավիղը հասնում է 150 կիլոմետրի, կարող է 24 ժամ շարունակ ինքնավար կերպով մնալ երկնքում, զինված է ընդհանուրը 55 կգ քաշով երկու ճշգրիտ հրթիռով եւ թիրախին բարձր ճշգրտությամբ խոցելու ունակ 2 ռումբով:
Նույն ժամանակ, երբ թշնամին պատրաստվում էր այսօրվա պատերազմին՝ մենք նախապատվություն տալիս էինք, որ մեր ուսանողները եվրոպական կամ ամերիկյան հեղինակավոր ուսումնական հաստատություններում սովորեն հումանիտար գիտություններ, կարծես մեր հեռանկարում պատերազմն առերեւույթ էր։
Պատերազմն «անակնկալ» էր նաեւ եկեղեցաշինության մոլուցքով տարված մեծահարուստ վերնախավի համար։ Կյանքը ցույց տվեց, ոչ միայն ոմանց «ամենակարեւոր ներդրումը հիմա եկեղեցաշինությունն է» մտքի անհեթեթությունը, այլեւ «սիրիր թշնամուդ» քրիստոնեական դոկտրինայի հակամարդկային էությունը, քանի որ ակնհայտ է, որ Աստծուն հասցեագրված ծնկաչոք աղոթքն առ ոչինչ է թշնամու անօդաչու սարքի դիպուկայնության վրա, եւ նրա «հրեշտակները» չեն շեղում հրթիռի ուղությունը անգամ Շուշիի հանրահայտ տաճարի գմբեթից անդին։ Հիմա մենք բոլորովին այլ իրավիճակում կլինեինք, եթե պետությունը յուրաքանչյուր նոր կառուցվող եկեղեցու թույլտվություն տալուց առաջ պայման դներ մեծահարուստի առջեւ՝ նախ գնիր տվյալ բնակավայրի օդային տարածքը պաշտպանող մեկ միավոր հակաօդային պաշտպանության ժամանակակից սարք եւ թող պաշտպանության բանակն այն տեղադրի համապատասխան վայրում եւ հետո միայն կառուցիր քո «նորօրյա», թեկուզ միջնադարին վայել եկեղեցին։ Այդ դեպքում արդեն «սուպեր պանցիրներով», «կրասուխաներով» եւ զենիթային արդիական այլ հակօդային պաշտպանիչ միջոցներով Ստեփանակերտի, Շուշիի, Մարտակերտի, Հադրութի, Մարտունիի, Ասկերանի եւ մյուս բնակավայրերի օդային տարածքները լիովին փակ կմնային թշնամու ցանկացած արշավանքի ժամանակ եւ շինությունները չէին ավերվի։
Սակայն դեռեւս ուշ չէ։ Երբ խաղաղ պայմանների համար նախատեսված արտադրական շատ ուղղություններ նույն մեծահարուստների ներդրումներով առանց հապաղելու սկսեն աշխատել պատերազմական պայմանների օրենքներով, զբաղվելով ռազմական խնդիրների լուծմամբ՝ մեր ռազմարդյունաբերությունը աննախադեպ թափ կստանա։ Այդ դրվածքի խնդրի դեպքում, արդիական տեխնոլոգիական բոլոր տարրերը կներգրավվեն կոնկրետ ռազմական նպատակների համար, որոնցից մեկն էլ կլինի մեր օդային տարածքի պահպանումը։ Երբ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկություններն ամբողջովին մոբիլիզացվեն եւ տարբեր ոլորտներից տարբեր մասնագետներ աշխատեն կոնկրետ մեկ ծրագրի վրա՝ արդեն մեր մասնագետների համար կընձեռվի նոր լուծումներ առաջադրելու հնարավորություն։
Եթե որոշ երկրներ ունեն այնպիսի մշակված տեխնոլոգիաներ, որ կարողանում են էլեկտրոնային սարքերին խաբել եւ ԱԹՍ-երին իջեցնելով՝ չեզոքացնել, ապա մեր դեպքում խնդիրը պետք է լինի նաեւ թշնամու էլեկտրոնային սարքերին հրապուրելով՝ նրանց ԱԹՍ-երին կառավարելն ու ուղղորդելը դեպի մեզ ցանկալի թիրախ։ Ինչպես ասում էր հայտնի ֆիլմի մեջ՝ «Այն ինչը մեզ խանգարում է, նա էլ, մեզ կօգնի»։ Այ դա՛ կլինի 100 տոկոսանոցից ավելի արդյունք ստանալը։
Պատերազմից անմիջապես մի քանի օր անց Գյումրու հրթիռաշինության խմբակում արդեն սկսվել է ԱԹՍ-ների մոդելավորման, պատրաստման ու կառավարման անվճար դասընթացներ։ Ծրագրով 20–35 տարիքի աղջիկների եւ տղաների համար նախատեսված 100 հոգիանոց խմբի փոխարեն մի քանի օրվա մեջ դասընթացներին մասնակցելու համար գրանցվեցին 1500-ից ավելին, ինչը վկայում է պահանջարկի մեծ լինելը։ Արդյունքում նրանցից, ովքեր այդ ոլորտից որոշակի տեղեկություններ ու հմտություններ կունենան, արդեն կկարողանան կառավարել անմիջական ղեկավարմամբ ու ավտոմատ ղեկավարմամբ թռչող սարքեր։
Դեռեւս 2 տարի առաջ սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսին ներկայացված էր նաեւ հայկական արտադրության HREESH («Հրեշ») հարվածային եւ ինքնաոչնչացվող (կամիկաձե) անօդաչու թռչող սարքը, որը ունակ է խոցել հակառակորդի` 20 կմ հեռավորության վրա գտնող թաքնված օբյեկտները, BEEB («Բիբ») 4-5 ժամ թռիչքային ժամանակ եւ մինչեւ 50 կմ խորության հարվածային, ինչպես նաեւ հետախուզության եւ հրետանու կրակի կարգավորման «S1» 4 կմ բարձրություն, 2 ժամ թռիչքի տեւողություն ունեցող անօդաչուները։ Որպեսզի այդ սարքերն ամբողջությամբ կատարեն իրենց առջեւ դրված խնդիրները, դրանց որակական ցուցանիշները կտրուկ պետք է բարելավվեն, միաժամանակ ավելացվեն արտադրության ծավալները մինչեւ պահանջարկի բավարարում։ Ահա թե որտեղ պետք է ներդրվի հայ «ազգային բուրժուազիայի» կուտակած հարստությունը։
Այսինքն, մարտադաշտում նոր, որակական փոփոխություններ հնարավոր կլինեն , երբ ներդրվեն նոր տեխնոլոգիական լուծումներ։ Մեր հաղթանակի երաշխիքը պետք է լինի թշնամու նկատմամբ տեխնոլոգիական բացարձակ գերակայության ապահովումը։
Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Հանուն Հայրենիքի» ՀԿ-ի նախագահ
«Առավոտ» օրաթերթ
24.10.2020