Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրաստանը եւ հայ-ադրբեջանա-թուրքական պատերազմը

Հոկտեմբեր 25,2020 14:44

Սեպտեմբերի 27-ին մեկնարկած ադրբեջանա-թուրքական լայնածավալ ագրեսիան ընդդեմ Արցախի 150 000 բնակչության նպատակ ուներ հաշված օրերի ընթացքում գրավել Արցախը, փախուստի մատնել ու բնաջնջել տեղի հայերին եւ հարձակումը խորացնել Սյունիքի ուղղությամբ, որպեսզի Թուրքիան Նախիջեւանի միջոցով կապ հաստատեր՝ Ադրբեջանի հետ իրականացնելով իր վաղեմի պանթուրքիզմի ծրագիրը։

Սակայն  հայկական բանակի հմուտ պատրաստվածության եւ հզոր մարտական ոգու շնորհիվ ադրբեջանա-թուրքական բանակը՝ համալրված 12-անգամ հայկականին գերազանցող գերժամանակակից տեխնիկայով, զինվոր-ահաբեկիչներով եւ մոտ 1000 անօդաչու թռչող սարքերով, չկարողացավ լուծել իր առջեւ դրված խնդիրը։

Նրանց առաջխաղացումը Արցախի հարավում գտնվող հարթավայրային նեղ հատվածում ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Թուրքիայի հրամանատարական կազմը, առաջին երկու շաբաթների ընթացքում կրելով լրջագույն անհաջողություններ, իր ողջ ռազմական ռեսուրսը կենտրոնացրեց հեշտ անցանելի տարածքներում, ապահովելու համար առաջխաղացումը ու դրանով մոտենալու ՀՀ սահմանին։ Նպատակը հավանաբար Նախիջեւանից երկրորդ ճակատ բացելն էր։ Սակայն վերջին օրերի մարտական գործողությունների տրամաբանությունը թույլ է տալիս ենթադրել, որ այդ ծրագիրը գոնե այս պարագայում ձախողվել է, քանզի ադրբեջանա-թուրքական բանակը սիրիացի ահաբեկիչների օգնությամբ վերջին օրերին ոչ միայն չի կարող ապահովվել հաջողություն, այլ նաեւ որոշ տեղերում հետ է շպրտվել հայկական զինված ուժերի մարտական հմուտ գործողությունների արդյունքում։

Այսպիսով, եթե պատերազմական գործողությունների մեկ ամիսների ընթացքը եւ իրավիճակը ինչ-որ չափով պարզ է Արցախյան ճակատում, ապա բոլորովին պարզ չէ դրանց ազդեցությունը ամբողջ տարածաշրջանի վրա, որի մեջ մտնում է նաեւ Վրաստանը։ Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է պատերազմող բոլոր կողմերի համար, սակայն բոլորն էլ գիտեն, որ պաշտոնական դիրքորոշման ներքո կարող են թաքնված լինել բազմաթիվ նրբություններ ու նման իրավիճակում ոչ մի հարեւան երկիր չի կարող չունենալ իր ազգային շահը, կամ գոնե դրա տեսլականը այս պատերազմից։ Եթե անկեղծ լինենք, ապա այս պատերազմը ոչ մի պարագայում շահավետ չէ Վրաստանի համար։ Ավելին՝ այն բազմաթիվ նոր ռիսկեր է ստեղծում տարածաշրջանում։

Չնայած նրան, որ Վրաստանը ունի տարածքային խնդիրներ ինչպես ինքն է ասում Ռուսաստանի հետ, սակայն միեւնույն ժամանակ Վրաստանի իշխանությունները հրաշալի գիտակցում են, որ եթե նույնիսկ Ադրբեջանին հաջողվի ինչ-որ չափով խնդիրը լուծել իր օգտին դա չի նշանակում, որ Վրաստանը եւս կարողանալու է նույն կերպ վարվել։ Կարճ ասած դա Վրաստանին ոչինչ չի տալիս։ Դրանից բացի Թուրքիայի ներկայության ամրացումը Ադրբեջանում դա լրացուցիչ ռիսկեր է ստեղծում նաեւ Վրաստանի համար։ Բոլորովին գաղտնիք չէ, որ Թուրքիան պատմականորեն իր ազդեցության գոտիներ է համարում Աջարիան եւ Սամցխե-Ջավախքը, իսկ Քվեմո-Քարթլին, որը բնակեցված է Ադրբեջանցիներով եւ սահմանակցում է Ադրբեջանի հետ, դա կամուրջի հաջորդ մասն է համարվում։

Չմոռանանք, որ Սամցխե-Ջավախքով անցնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու- Թբիլիսի-Կարս ծրագրերը, որոնք տարբեր ձեւերով կապում են Ադրբեջանին եւ Թուրքիային ու արհեստական վտանգ ստեղծելու պարագայում Թուրքիան իրավունք կստանա ծրագրերի անվտանգությունը ապահովելու պատրվակով ֆիզիկական ներկայություն ապահովել տարածաշրջանում։ Նման սցենարը բացառված չէ, ինչպես նաեւ այլ տեսակի սադրանքների սցենարները, որոնցով Թուրքիան պատրվակ կստանա մուտք գործելու Վրաստան։

Վրաստանը տեսնելով Էրդողանի գործողությունները Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Արցախում եւ Հունաստանի շուրջ, կարծես թե ինչ-որ չափով սկսել է գիտակցել կատարվածը, սակայն նույն ժամանակ այնքան խորն է նրա տնտեսական կախվածությունը Ադրբեջանից ու Թուրքիայից, որ բացահայտ չի կարող խոսել եւ առավել եւս հստակ միջոցներ ձեռնարկել տվյալ խնդրի նկատմամբ։ Դրանից բացի ծայրաստիճան վատ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ Վրաստանին ոչ մի այլընտրանք չեն տալիս, քան հլու–հնազանդ ենթարկվել արեւելյան ու արեւմտյան հարեւանների կամքին։

Դրանով է պայմանավորված այն փաստը, որ անընդհատ սոցիալական ցանցերում եւ տարբեր լրատվամիջոցներում հայտնվում են փաստեր Վրաստանի օդային տարածքով Թուրքիայից դեպի Ադրբեջան զենքի եւ զինվորների տեղափոխման մասին։ Չնայած Վրաստանի ԱԱԾ եւ ԱԳՆ-ի հայտարարություններին, որ Վրաստանը չի թույլատրի իր տարածքով զենք եւ զինամթերք տեղափոխել հակամարտության գոտի, հոկտեմբերի 22-ին Թուրքիայի ՌՕՈւ–ին պատկանող TUAF512 (Airbus A400M-180) ռազմական բեռնատար ինքնաթիռն իր օդային տարածքով անցել է Ադրբեջանից դեպի Թուրքիա։

Ինչո՞ւ հենց այս թռիչքի վրա ենք դարձնում հատուկ ուշադրություն։ Այստեղ պատասխանը շատ պարզ է, որովհետեւ կա ապացույց ռազմական ինքնաթիռի օգտագործման։ Մինչեւ հիմա բազմաթիվ բեռնատար ինքնաթիռներ են Թուրքիայից Վրաստանի օդային տարածքով անցել Ադրբեջան, սակայն այս մեկը ինչպես նշեցինք ռազմական ինքնաթիռ էր, որից անմիջապես հետո հայտնվեց տեղեկատվություն, որ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել 1200 հոգանոց հատուկ նշանակության զորախումբ, որոնք մասնագիտացված են ռազմական գործողություններ վարել լեռնային շրջաններում։

Այսպիսով կարելի է փաստել, որ Վրաստանը չուզենալով ու ամեն ինչ շատ լավ հասկանալով հանդերձ ստիպված լռում է Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունների առջեւ, հույս ունենալով, որ այս հակամարտությունը կանցնի իր կողքով։ Սակայն այսքան բան հասկանալով Վրաստանը պարտավոր է ներքին կարգով թույլ տալ նաեւ հայկական կողմին իր տարածքով անհրաժեշտ բոլոր տեսակի բեռնափոխադրումները Ռուսաստանից եւ այլ երկրներից իրականացնելու համար, որպեսզի պատերազմի ավարտին, իսկ այն անկասկած ավարտվելու է հայկական կողմի հաղթանակով, Վրաստանը կարողանա շարունակել լավ հարաբերություններ պահպանել Հայաստանի Հանրապետության հետ։

Էդուարդ ԱՅՎԱԶՅԱՆ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031