ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի հայ համայնքը, որը փոքրաթիվ է, երեկ նույնպես ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ բողոքի ցույց է կազմակերպել: Մասնակիցների խոսքով, մտավախություն են ունեցել, որ չի ստացվի, քանի որ Ալյասկայում մոտ 80 հայ է ապրում, սակայն երբ դուրս են եկել ցույցի, նրանց են միացել հույներ, ռուսներ, ազգությամբ քրդեր եւ ցույցը դարձել է բազմամարդ: Բողոքի ցույցը, ըստ կազմակերպիչների, տեւել է երկուսուկես ժամ:
Պաստառներով եւ վանկարկումներով ցույցի մասնակիցները պահանջել են՝ «կանգնեցրե՛ք պատերազմն Արցախի դեմ» նաեւ հիշեցրել, որ «Ազատ անկախ Արցախը Հայաստանին է պատկանում»:
«Ֆիզիկապես Հայաստանում չենք, բայց հոգով, սրտով ու աղոթքներով զինվորի հետ եւ հայ ժողովրդի հետ ենք»,-նշում էին ցույցի կազմակերպիչները: Ալյասկայի հայ համայնքը նույնպես գումար է փոխանցել Համահայկական հիմնադրամին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս է՝ աշխարհի մի շարք երկրների հայ համայնքները բողոքի ցույցեր են կազմակերպում՝ պահանջելով դատապարտել Էրդողանի եւ Ալիեւի ոտնձգություններն ու կանգնեցնել արյունահեղությունը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ