ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Էս պատմությունները մեր մասին են, էս որակներն ու փոխօգնությունը պիտի տարածենք։
Արմավիրցի Վահեն առաջիններից էր, որ ընկույզ վաճառելով սկսեց օգնել զինվորին. 100 դրամ՝ մեկ ընկույզի դիմաց: Օրեր շարունակ դասերից հետո 6-ամյա փոքրիկը ընկույզ է վաճառել ու ստացված գումարը փոխանցել հիմնադրամին: Վահեի օրինակը վարակիչ է դարձել:
Փոքրիկ Աննան, օրինակ, տարբեր ֆիգուրներով գիպսեր է պատրաստում, թևնոց գործում ու վաճառում: Ասում է՝ իր համար վիրավորական է, որ գումարը տալիս են առանց ապրանքը վերցնելու:
Արմավիրի մարզի Նորավան համայնքի դպրոցի աշակերտները վեց օր շարունակ դիմակ են վաճառել քաղաքացիներին՝ այդպիսով իրենց ազգանվեր ներդրումն ունենալով թե՛ թիկունքի, թե՛ ճակատի համար: Վաճառքի գումարը կազմել է 1.766.500 դրամ և տրամադրվել հիմնադրամին: Լոռու մարզի Մեծավան գյուղի փոքրիկ բնակիչները գումար են հավաքել և շուրջ 68 հազար դրամը ներկայացրել են համայնքապետարան, որ փոխանցեն հիմնադրամին:
Կարդացեք նաև
Սահմանին օգնության են հասել նաև սահմանաբնակները: Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները ուսուցիչների նախաձեռնությամբ՝ արքայանարինջ են վաճառում: Աշակերտների խոսքով՝ գյուղում շատերն արքայանարնջի ծառեր ունեն, և երբ լուրը տարածել են, բոլորը մեծ պատրաստակամությամբ օգնել են իրենց. «Ասում էին՝ ինչքան պետք է, եկեք քաղեք»:
Տասնամյա Թինան հեծանիվ ունենալու երազանքը փոխարինել է հաղթանակի սպասումով՝ 51.500 դրամ փոխանցելով հիմնադրամին: Թինային է միացել նաև նրա քույրիկը՝ 11-ամյա Սոնան՝ 71.800 դրամով:
Էլեն ու Մերի քույրիկները ևս ամիսներ շարունակ հավաքած գումարով սքեյթ ու տիկնիկներ գնելու փոխարեն, այն փոխանցել են հիմնադրամին՝ հանուն խաղաղության ու անհոգ մանկության:
Մհերը 2 տարի գումար էր հավաքել Եգիպտոսը տեսնելու համար, բայց կուտակած գումարով կանգնել է ավագ ընկերների կողքին։
Կիթառահար եղբայրներն էլ նվագում են անցորդների համար և հասույթը նվիրաբերում բանակին:
Մասնավոր դպրոցներից մեկում սովորող 13-ամյա Արեգը հայոց բանակի կողքին է նաև բարձր առաջադիմությամբ, որի համար ստացած 250.000 դրամ կրթաթոշակն ամբողջությամբ նվիրաբերել հիմնադրամին: