Հոկտեմբերի 24-ին «plexiart » և «prokat.am» ընկերությունները կազմակերպել էին միջոցառում ՝ «Երեխաներն ընդդեմ պատերազմի» խորագրով: Արցախցի երեխաները նկարում էին և մեկնաբանում իրենց պատկերածը:
Զրուցեցինք մասնակիցներից Գագիկի հետ, որը նկարել էր խաչ և հայկական դրոշ:
Կարդացեք նաև
Գագիկը պատմում էր իր զգացողութունների մասին, երբ առաջին անգամ լսել էր կրակոցների ձայնը և վախենալով մոտեցել մայրիկին՝ հարցրել էր, թե ինչ է կատարվում: Նա նաև խոսեց իր նկարի մասին: Ասաց, որ խաչը՝ անմոռուկներով շրջապատված, նվիրում է Ցեղասպանության զոհերի հիշատակին: Գագիկն ասաց, որ երազում է՝ պատերազմի ավարտից հետո իր ձեռքով հայկական դրոշ տեղադրել Արցախում:
Գագիկի մայրիկը մեզ հետ զրույցում նշեց, որ չէին ցանկանում տեղափոխվել Հայաստան, սակայն այդ քայլին են դիմել՝ երեխաների անվտագության համար: Նա շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին և միջոցառման կազմակերպիչներին ՝ մինչև օրս իրենց կողքին լինելու և երեխաներին ուրախացնելու համար:
Միջոցառման ավարտին կազմակերպիչներից Լանա Հարությունյանը նշեց. «Բոլորս գիտենք, թե ինչ պայմաններում են երեխաները հասել Հայաստան, դրա համար պետք է գունավորել իրենց օրը:
Նախաձեռնության շրջանակներում երեխաները նկարում են, և իրենց նկարները վաճառվում են: Ստացված գումարը փոխանցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի:
Սոնա ՔՅԱՐՈՒՆՑ