Համառոտ պատասխանելով ռազմագերիների եւ անհետ կորածների փոխանակման խնդրի մասին հնչած հարցին՝ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին ԱՄՆ-ում ընթանում են բանակցություններ. «Եթե հաջողվի որեւէ պայմանավորվածություն ձեռք բերել ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների վերաբերյալ, դրա մասին առաջինը պաշտոնապես կհայտնենք, եթե ոչ՝ ոչինչ չեմ կարող այս պահին ասել»:
Ինչ վերաբերում է Ալիեւի՝ հրադադարի մասին վերջին հայտարարությանը, Արծրուն Հովհաննիսյանը հավելեց. «Որեւէ զարմանալի բան չեմ տեսնում՝ հերթական անգամ սլաքները մեր ուղղությամբ ուղղելու առումով»:
Aravot.am-ի հարցին՝ հայկական կողմը քանի՞ գերի ունի, նրանցից քանի՞սն են կին, նաեւ ադրբեջանական կողմից քանի՞ գերի կա մեր կողմում, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում. «Միասնական տեղեկատվական կենտրոնը կամ Պաշտպանության նախարարությունը առանձին դրա մասին կհայտարարեն, հետեւեք այդ հայտարարություններին»:
Aravot.am-ի հաջորդ հարցը վերաբերում էր վիրավորների թվին, որովհետեւ եթե առաջին օրերին թվերը հստակ չէին, ապա այժմ պետք է որ կոնկրետ տեղեկատվություն լինի, խնդրել էինք նաեւ պատասխանել, թե հայկական կողմի վիրավորներից քանիսի՞ վիճակն է ծանր: Արծրուն Հովհաննիսյանն այս հարցին եւս ձեռնպահ մնաց պատասխանելուց եւ կոչ արեց հետեւել պաշտոնական տեղեկատվությունը. «Եթե անհրաժեշտ համարեն, թվական տվյալները կնկերկայացնեն»:
Կարդացեք նաև
Հաջորդ հարցը վերաբերում էր Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի այն հայտարարությանը, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակումներ են գործում հայկական զինված ուժերի համազգեստներով, լրագրողին հետաքրքրում էր՝ որեւէ հետեւանք ունեցե՞լ են այդ հարձակումները: Նաեւ հարց կար հայկական համազգեստով հակառակորդի շուրջ 40 դիերի հայտնաբերման մասին: «Այո, նման դեպքեր եղել են, ունենք փաստեր, բայց այլ մանրամասներ չենք կարող ասել, որովհետեւ դրանք ռազմական գաղտնիք են պարունակում»,-պատասխանեց ՊՆ ներկայացուցիչը:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ինքը ներկայացնում է իրավիճակը ինչպես որ կա. «Պատերազմը դաժան է, մարտական գործողությունները խիտ են եւ հագեցած, ուժերի եւ միջոցների տեսանկյունից արագ, դինամիկ մարտական գործողություններ են ընթանում»: Նա նաեւ խնդրեց հետեւել պաշտոնական տեղեկատվությանը. «Մեր հաջողությունները մենք ներկայացնում ենք, մեր դժվարությունները՝ նույնպես: Ոչ հաջողություններից պետք է ծայրահեղ ոգեւորություն ապրել, ոչ էլ դժվարությունների ժամանակ մտածել, որ մեր վիճակն անելանելի եւ անհույս է: Խնդրում եմ ծայրահեղությունների մեջ չընկնել, մեր զինված ուժերը, զորքը հստակ տիրապետում է իրավիճակին, բանակը մարտունակ է, բարոյական ոգին՝ բարձր: Ես օրվա ընթացքում բազմիցս զանգեր, նամակներ եմ ստանում առաջնագծից, սպաներից, զինվորներից, որոնք բարեբախտաբար շատ ժամանակ չունեն հետեւելու լրատվադաշտին, համացանցին եւ հաճախ ծիծաղում են, թե ձեր մոտ այդ ի՞նչ է կատարվում, մենք այստեղ մարտական ոգով մեր խնդիրն ենք կատարում, բայց ձեզ մոտ հաճախ ծայրահեղ քննարկումներ են»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ